Վրաստանում 350 հրշեջներ շարունակում են հրդեհի մարման աշխատանքները՝ ուղղաթիռի և շուրջ 40 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Առավոտվանից սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը միացել է Օնիի շրջանի Օնչևի և Ծոլա գյուղերի (Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններ) մոտալայքում կրակը մարելու նպատակով: Հրշեջները շարունակում են աշխատել նաեւ Օնիի Սակաո գյուղում, ինչպես նաեւ Ցագերիի Ճղումի, Լաիլաշի եւ Զարագուլաշի գյուղերում հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ:
«Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջանների բոլոր հինգ կենտրոններում այրվում է անտառի ստորին շերտը, անտառային տարածքին և բնակչությանը վտանգ չի սպառնում: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվելի է», – ասված է Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրության մեջ:
Հրդեհի տեղայնացման աշխատանքները շարունակվում են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում: Հրդեհը գրանցվել է Ջվարի քաղաքում, Ծալենջիխայի շրջանում՝ Մուժավա և Սկուրի գյուղերում, ինչպես նաև Չխորոծղուի շրջանում՝ Նափիչխավո գյուղում:
Այս պահին ուժեղ ծուխ է նկատվում միայն Սկուրիում, որն առաջացել է տերևների այրման հետևանքով, իրավիճակը վերահսկվում է: Մնացած երկու օջախներում մնացել են մի քանի ծխացող կետեր:
Այս փուլում Շիդա Քարթլիի շրջանում ուղղաթիռ ներգրավելու անհրաժեշտություն չկա, բայց այն պատրաստ վիճակում է և, անհրաժեշտության դեպքում, կմիանա աշխատանքին, նշում են Արտակարգ իրավիճակների ծառայությունը: Կասպիի շրջանի Ռկոնի կիրճում հրդեհը գյուղից 11 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Հրդեհաշիջման տեխնիկան տեղակայված է հրդեհներին մոտ և փրկարար հրշեջները շարունակում են հրդեհի տեղայնացման աշխատանքները:
Հունվարի 4-ից Վրաստանի ՆԳՆ ֊ի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հրդեհների հետ կապված արձանագրել է 257 հաղորդագրություն, որից 248-ը չեզոքացվել է:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ դաշտերում խոտ վառելուց:
Արևմտյան Վրաստանում ուժգին քամի է և առանց տեղումների եղանակ, որն էլ խոչընդոտում է փրկարար հրշեջներին՝ տեղայնացման աշխատանքներն իրականացնելու մեջ: Ըստ փրկարար ծառայության, դաշտերում և վարելահողերում խոտն այրելիս հնարավոր է կրակը տարածվի ինչպես բնակելի տների, այնպես էլ անտառային տարածքների վրա: