Նախադպրոցական առցանց կրթություն, չկատարված ծրագրեր, 2021 թ.-ի պլաններ, ամենաառաջին ուսումնական հաստատությունների գործունեությունն ամփոփում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես և Վրաստանի այլ շրջաններում, մանկապարտեզներն աշխատում էին առցանց, ուստի, Միավորման տնօրենի խոսքով, նրանք չկարողացան իրականացնել իրենց նախագծած ծրագրերը: Նախատեսվում էր մանկապարտեզներում ստեղծել խորհրդատվական խորհուրդներ, որտեղ պետք է ներառեին սաների ծնողներին: Նաև, ըստ Անահիտ Ասատրյանի, իրենք ուզում էին սկսել երկլեզու ուսուցում: Մանկապարտեզներն այս տարի աշխատեցին ընդամենը երկու ամիս՝ չհաշված առցանց կրթությունը:
Մունիցիպալիտետում կա մանկապարտեզների թվի ավելացման միտում: Այս պահին դրանք 12-ն են, 9-ը` սննդով, 3-ը` այլընտրանքային: Հաջորդ տարի նախատեսվում է բացել ևս 4 մանկապարտեզ Խուլգումո, Սուլդա, Չունչխա-Պտենա և Կաջո գյուղերում:
Մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքով, իրենք այս տարի գոհ էին ֆինանսավորումից, գնել են կենցաղային տեխնիկա, սառնարաններ, էլեկտրական վառարաններ, ինչպես նաև կահույք և փայտե խաղալիքներ: Հաջորդ տարվա Միավորման ֆինանսավորումը կրճատվել է:
Մունիցիպալիտետի 3 մանկապարտեզներում (Կուլիկամ, Կարծախ, քաղաքի թիվ 3) երեխաներին քնեցնում էին, սակայն այս տարվա գարնանը հանձնաժողովի ստուգումից հետո արգելվեց՝ լվացքարանի բացակայության պատճառով:
«Չնայած մեզ արգելեցին երեխաներին մանկապարտեզներում քնեցնել, սակայն այս տարի մենք նաև գնեցինք մահճակալներ այն մանկապարտեզների համար, որտեղ կա հնարավորություն», – ասում է Ասատրյանը:
Մունիցիպալիտետի մանկապարտեզների շենքերը, Միավորման տնօրենի խոսքով, նորմալ վիճակում են, բայց ոչ մի շենք չի համապատասխանում չափանիշներին, բացառությամբ Չունչխա և Պտենա գյուղերի շենքի:
Տնօրենը կարծում է, որ մանկապարտեզի ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա չէ:
«Մեր մանկավարժներից ոչ մեկը վերապատրաստում չի անցել, ես չեմ ասում, որ նրանք անգրագետ են, նրանք պարզապես չեն անցել թրեյնինգներ, մեզ առաջարկեցին, բայց քանի որ դրան վրացերենով էին, ոչ ոք չցանկացավ մասնակցել: Համապատասխան կրթությամբ մանկավարժները շատ քիչ են, շատերն անգամ կրթություն չունեն, չնայած մեծ աշխատանքային փորձ ունեն: Ես փորձում եմ ընդունել բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների, բայց եթե նրանք չեն դիմում, ես ընդունում եմ այլ չափանիշներով», – ասում է Անահիտ Ասատրյանը:
Ամփոփելով 2020 թվականը, Անահիտ Ասատրյանն ասում է, որ առցանց ուսուցմամբ նրանք հաղթահարել են ուսումնակրթական գործընթացի ընդամենը 40-50% -ը, և կարծում է, որ երեխաները պետք է դաստիարակվեն մանկապարտեզներում: