«COVID-19»-ը բոլորին հանկարծակիի բերեց: Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքում նոր կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ կորոնավիրուսային վարակի դեպքեր չկային, և մինչ երկրորդ ալիքը շատ ժամանակ կար նախապատրաստելու և կանխարգելման ուղղությամբ աշխատելու, սակայն վիրուսը ներթափանցեց տեղական իշխանություններ՝ խաթարելով դրա աշխատանքը, աշխատողներին և բյուջեն:
Ախալքալաք. Ե՞րբ սկսվեց համավարակը
Այսօր Ախալքալաքի շենքերում և մարդաշատ վայրերում ախտահանում այլևս չի իրականացվում, ինչպես դա արվում էր մարտ-ապրիլ ամիսներին: Շատ հաստատություններ գործում են հեռավար, մարդիկ փորձում են դիմակ կրել, քանի որ հակառակ դեպքում նրանք կտուգանվեն: Սակայն, որոշ չափով Ախալքալաքի մունիցիպալիտետը համակերպվել է «COVID-19»-ի հետ համակեցությանը:
Այստեղ, ինչպես և ողջ Վրաստանում, մարտ ամսից սկսվեցին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խիստ միջոցառումները: Նոր կանոնները կենտրոնական իշխանությունների որոշմամբ ներդրվեցին որոշակի տեղերում: Սկզբնական շրջանում տեղական ինքնակառավարումն անցավ հեռավար աշխատառեժիմի, և Հայաստանի և Թուրքիայի հետ սահմանները փակվեցին: Դպրոցները, մանկապարտեզները և այլ մունիցիպալ կառույցներն անցան առցանց աշխատանքային ռեժիմի: Հաջորդիվ փակվեցին խանութները, բացի մթերային խանութներից ու հագուստի շուկայից: Դադարեցին հարսանիքներ անել: Հուղարկավորությունները այնչափ մարդաշատ են, ինչպես նախկինում էր…
Փողոցների ախտահանումն Ախալքալաքում: Ապրիլ, 2020 թ.
Առանց բժշկական դիմակի արգելվում էր մուտք գործել հաստատություններ, սակայն փողոցում այն կրելն անհրաժեշտ չէր: Մարդկանց հորդորում էին պահպանել ֆիզիկական հեռավորությունը: Այս ամբողջ ընթացքում երկրում պարետային ժամ էր գործում, տասը օր ճանապարհները դատարկ էին, ապրիլի 17-ից ապրիլի 27-ն արգելում էր մեքենայով տեղաշարժը, որոշվել էր դիմանալ առանց մեքենաների, բնակիչները տրտնջում էին, բայց միևնույն ժամանակ, առաջին խոշոր տուգանքներից հետո հետևում էին կառավարության կողմից գործարկված բոլոր ցուցումներին և կանոնակարգերին:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, որտեղ կոմպակտ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, «COVID-19» վարակի դեպքերի ի հայտ գալուց հետո միայն կառավարությունը մտածեց, որ անհրաժեշտ է Ջավախքի բնակիչներին մատչելի լեզվով իրազեկել բոլոր կանոնակարգերի և փոփոխությունների մասին: Այնուհետև հանձնարարականները հասանելի դարձան նաև հայերենով, մարզկենտորնը և տեղական իշխանությունները, թեկուզ ուշացումով, բայց բնակիչներին տեղեկացրեցին փոփոխությունների և կանոնակարգերի մասին՝ նրանց հասկանալի լեզվով:
Այն, ինչ արեց և ինչ կարող էր անել տեղական իշխանությունը
Ախալքալաքում համավարակի հենց սկզբում ամենաշատը սկսեցին անհանգստանալ տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Մնացածները դեռ չէին ցանկանում ընդունել իրավիճակի լրջությունը և հույս ունեին, որ այն շուտով կանցնի: Բայց կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհով, խստացվեցին սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումները: Կորոնավիրուսը Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում փոփոխությունները սկսեց մտցնել 2020 թվականի մարտից: Աշխատանքային ռեժիմում նորություն էր ախտահանումը և իրազեկումը: Տեղական ինքնակառավարման մարմինները ախտահանում էին իրենց հիմնարկները և պարբերաբար փորձում էին տեղեկատվություն տարածել կանխարգելման վերաբերյալ կառավարության հանձնարարականների մասին: Ավելին, դա արվում էր ինչպես ԶԼՄ-ների միջոցով, այնպես էլ բարձրախոսով` քաղաքի և գյուղերի փողոցներում: Մարտին քաղաքապետարանը գումար հատկացրեց նաեւ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնին, որպեսզի այն ախտահանի Ախալքալաքի մարդաշատ փողոցները:
Սկզբում տեղական իշխանությունները չէին շտապում փոխել տուժածներին օգնելու սոցիալական փաթեթը: Չնայած նրանք հանդես եկան նախաձեռնությամբ և ձեռնարկատերերին կոչ արեցին օգնել կարիքավորներին: Այս նախաձեռնությունն աշխատեց շուրջ մեկ ամիս, շուրջ 7-8 ձեռնարկատերեր սնունդ բաժանեցին անապահով ընտանիքներին: Տեղական իշխանությունները, «Վրացական երազանքի» ընտրական շտաբի հետ միասին նախ տրամադրեցին կարիքավորների ցուցակները, ըստ սոցիալական միավորների, ապա նաև կազմակերպեցին կամավորների օգնությամբ սննդի առաքումը՝ շտաբից և քաղաքապետարանից, քաղաքապետարանի մեքենաներով: Որոշ գործարարներ օգնությունն իրենք հասցրեցին հասցեատերերին:
2020 թվականի հունիսին քաղաքապետարանը հանդես եկավ կարիքավորներին մեկական պարկ (50 կգ) ալյուր բաժանելու նախաձեռնությամբ: Արդյունքում հայտարարվեց 20 516 լարիի ալյուր գնելու տենդեր: 418 անապահով կամ կարիքավոր ընտանիքներ ստացան մեկ պարկ ալյուր: Ցուցակը հավաքվել էր գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների օգնությամբ:
Արդեն դեկտեմբերին մունիցիպալիտետի սոցիալական փաթեթում փոփոխություններ կատարվեցին: 82 900 լարի ուղղվեց տարբեր սոցիալական ծրագրերի 358 շահառուներին միանվագ օգնության համար` կորոնավիրուսի պատճառով զարգացած սոցիալական ծանր վիճակում նրանց օգնելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում առաջին անգամ սոցփաթեթի մեջ ներառվեցին նաև միակողմանի ծնողազուրկ երեխաները:
Ըստ առողջապահության ոլորտի փորձագետ, բժիշկ Դավիթ Գիզիրիշվիլիի՝ Վրաստանի շրջաններում տեղական իշխանությունները ներգրավված չեն եղել համաճարակի համատեքստում վիրուսի կառավարման գործընթացին: Նա կարծում է, որ կան տեղական ինքնակառավարման մարմինների անկախ արդյունավետ աշխատանքի օրինակներ, և այդ օրինակները պետք է ցույց տային մեր տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Օրինակ՝ կարո՞ղ էին չէ տեղում թեժ գիծ ստեղծել: Նույնիսկ հիմա դա կարելի է անել: Որպեսզի 112-ին զանգահարելու անհրաժեշտություն չլինի, որ մարդկանց ինչ-որ խումբ լինի, որը կօգնի խորհուրդներով, պարտադիր չէ, որ բժիշկներ լինեն: Հիմա թեժ գիծ զանգահարելիս պետք է լինի հոգեբան: Քանի որ հիմնական զանգերը խուճապային են: Չէ՞ որ սա կարելի է անել տեղական մակարդակով»:
Դավիթ Գիզիրիշվիլին կարծում է, որ տեղական իշխանությունները նախաձեռնություն չեն ցուցաբերել՝ սպասելով վերևից տրված հրահանգներին, իսկ կենտրոնական կառավարությունը տեղական իշխանությունների հետ չի խորհրդակցել որոշումներ կայացնելիս, որոնք պետք է իրականացվեին տեղական մակարդակում:
Վստահությունը առանցքային գործոն է ոչ միայն վիճակագրության, այլ նաև սահմանափակիչ միջոցառումների դեպքում: Վստահություն քաղաքացիների միջեւ, վստահություն քաղաքացիների կողմից իշխանությունների նկատմամբ, ոչ կույր վստահություն, այլ միավորվելու ունակություն, ինչ-որ մեկին հարկադրական մեթոդներով ինչ-որ բան պարտադրելու անհրաժեշտության բացակայություն: Ճապոնիան, Հարավ-արևելյան Ասիան և Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ դրա վառ օրինակներն են: Սա մշակույթի գործոնն է, և երկրորդ ու ամենակարևորը՝ ապակենտրոնացումը: Այսինքն՝ այն երկրները, որտեղ իշխանություններն ավելի մոտ են մարդկանց, առկա է բոլորի համախմբումը… Եվրոպայում համեմատաբար ամենահաջողակ երկրներն են Գերմանիան և Շվեյցարիան: Քաղաքական իշխանությունն այնտեղ հորդորում է բոլորին դիմակ կրել, բայց չի պատժում չկրելու դեպքում: Ինչու տեղական իշխանությունները և շրջանների հանրային առողջապահական ծառայությունները չեն կարող բոլորին պարտադրել դիմակ կրել», – հարցազրույցի ժամանակ ասում է Դավիթ Գիզիրիշվիլին:
Համաճարակի աշնանային սրացումից հետո վիրուսը հասավ տեղական իշխանություններին
Քաղաքապետարանի 12 աշխատակիցների մոտ հաստատվեց կորոնավիրուսը: «COVID-19»-ով վարակվելուց հետո աշխատակիցներից մեկը մահացավ:
Տարեսկզբին իրավիճակը վերահսկելի էր, չնայած Ջավախքում կորոնավիրուսով վարակման դեպքեր չէին գրանցվել, թեև օգոստոսի վերջին ամեն ինչ կտրուկ փոխվեց: Տեղական իշխանությունը դարձավ «COVID-19»-ի տարածման օջախներից մեկը: Բացի այն, որ հիվանդացան աշխատակիցները, ընդհանուր առմամբ, դժվարացավ նաև որոշ ծառայությունների աշխատանքը:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, խնդիրն այն էր, որ տեղական իշխանությունները, անցնելով հեռավար աշխատառեժիմի, չէին կարող իրականացնել ենթակառուցվածքային նախագծերը: Դրանց մի մասը հնարավոր չեղավ ավարտին հասցնել, դրանք հետաձգվեցին և կիրականացվեն հաջորդ տարի:
«Մենք աշխատում ենք հեռավար կարգով, բայց մենք իրավունք ունենք քաղաքապետարանում աշխատողների 30%-ի առկայության, որպեսզի ամբողջությամբ աշխատանքի խափանում չլինի: Իհարկե, այս ամբողջ իրավիճակը խանգարում է, ինչի մասին է խոսքը: Որքան էլ լավ կազմակերպենք աշխատանքը, միևնույն է, 100% մասնակցության և 30%-ի միջև տարբերություն կա: Պաշտոնապես, թեստերի արդյունքները ցույց տվեցին, որ մոտ 12 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց եթե հաստատվում է մեկ անձի մոտ, դա նշանակում է, որ մի քանի մարդ շփում է ունեցել նրա հետ, հետևաբար նրանք ինքնամեկուսանում են: Առաջինը, ամենայն հավանականությամբ, ես չէի, կային վարակակիրներ, որոնք թաքցնում էին: Ավելի ուշ միայն ինձ ասացին, որ նրանք հիվանդ վիճակում եկել են աշխատանքի», – ասում է Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետարանում հաստատված առաջին դեպքը հենց քաղաքապետն էր: Նրա մոտ թոքաբորբ էր զարգացել, և բժշկի խորհրդով նա 12 օր գտնվում էր ստացիոնար բուժհսկողության տակ:
Սակրեբուլոյի պատգամավորների մոտ 70%-ը վարակվել է կորոնավիրուսով, բայց ոչ բոլոր դեպքերն են լաբորատոր հաստատվել: em>
Առողջապահության ոլորտի փորձագետ Դավիթ Գիզիրիշվիլիի խոսքով՝ Վրաստանում բացարձակապես հասկացողություն չկա, թե ով, որտեղ է «գլխավորը»:
«Նրանք կատարելապես ի վիճակի են տեղում ինքնուրույն որոշումներ կայացնել: Ներառյալ ինչ-որ սոցիալական միջոցառումներ, օրինակ, մենք փակվում ենք, ով ում կօգնի: Պատրաստ է համակարգը, եթե այն փակվում է, ով պետք է մարդկանց տարրական ծառայություններ մատուցել: Չեմ կարծում, որ այս հարցերը ակտիվորեն քննարկվել են տեղական իշխանությունների մակարդակով, և դա իմ ընկալմամբ նրանց իրավասությունն է», – ասում է Գիզիրիշվիլին:
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը բացատրում է համաճարակի հարցում կենտրոնական կառավարությանը ենթակայությունը՝ իրավիճակի արտասովոր լինելու հանգամանքով:
«COVID-19»-ի հետևանքով երկարաժամկետ խնդիրները.Պակասուրդային բյուջեն
Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր, Բյուջետա-ֆինանսային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը՝ բյուջեի փոփոխությունների քննարկման ժամանակ:
Ախալքալաքի քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության պետն ասում է, որ ըստ կառավարության կանխատեսումների, ակնկալվում է համազգային բյուջեի գումարի 7.50%-ով նվազում, և դա, բնականաբար, կանդրադառնա մունիցիպալ բյուջեի վրա:
Սեփական եկամտի ամենամեծ կորուստը խաղատնային բիզնեսի հարկերն են: Այս տարի նախատեսվում էր ստանալ 680 000 լարի, բայց ստացան 78 000:
«Քանի որ մունիցիպալ հաստատությունները կորոնավիրուսի տարածման և արգելափակման պատճառով չէին աշխատում, Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից միջոցներ են խնայվել, որոնք այդ հաստատությունները վերադարձրել են տեղական բյուջե: Ստացվում է, որ կորոնավիրուսի ընթացքում խնայված գումարը ուղղորդվում է պակասուրդը լրացնելու, չնայած այն հանգամանքին, որ այս խնայողությունները երբեք չեն ծածկի պակասուրդը: Դեֆիցիտի կոնկրետ քանի տոկոսն են ծածկում այս խնայողությունները, մենք դեռ չգիտենք, քանի որ մենք ունենք 9 ամսվա տվյալները: Ըստ այս հաշվարկների, մենք ունենք մոտավորապես 800 000 լարի պակասորդ: Գուցե մնացած 3 ամիսների ընթացքում այդ գումարը դառնա փոքր-ինչ քիչ: Բոլոր տվյալները կլինեն հունվարի վերջին, քանի որ դեկտեմբերին դեռ հարկ են վճարում», – ասում է Մկրտիչ Մղդեսյանը:
«COVID-19»-ը ազդեց նաև 2021 թվականի բյուջեի պլանավորման վրա, չնայած փոփոխությունները չնչին են, այնուամենայնիվ, 8000 լարի ավելացվել է Հանրային առողջապահության կենտրոնին՝ վիրուսի դեմ պայքարի նպատակով նախատեսված ծախսերի համար, իսկ քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ծախսերի կետում՝ դեղերի համար, որում ամեն տարի խորհրդանշական 100 լարի էր հատկացվում: 2021-ի բյուջեում հայտնվել են ծախսեր, քաղաքապետարանի համար՝ 4000 և Սակրեբուլոյի համար՝ 3000:
Ինչպես համաճարակի սկզբում ասացին համաճարակաբանները՝ մենք ստիպված էինք համակերպվել կորոնավիրուսի հետ ապրելուն: Յուրաքանչյուր կազմակերպություն փոխում է իր ռազմավարությունն ու գործելակերպը` համաձայն «COVID–ի հետ համակերպված» նոր կյանքին: Շրջանների տեղական իշխանությունները նույնպես սովորել են ապրել և աշխատել վիրուսին համահունչ, բայց նրանք երբեք լիովին ներգրավված չեն եղել վիրուսի կառավարման գործընթացում…
Քրիստինե Մարաբյան