Անցնող տարին ամփոփելով մշակույթի և սպորտի ոլորտի ներկայացուցիչները, բոլորը նշում են՝ կորոնավարակի պատճառով Ախալքալաքում մշակույթն ու սպորտը «դոփել» են նույն տեղում, առաջընթաց չի գրանցվել:
Ախալքալաքի մշակույթի տան ղեկավար Ալիք Քսպոյանը խոսելով պարարվեստի մասին, ընդգծում է, որ կորոնավարակից ամենաշատը տուժել է մշակույթի այս ճյուղը:
«Ահավոր է ինչ խոսք, եթե մենք տարվա ընթացքում 10 փառատոնի էինք մասնակցում Վրաստանում, Հայաստանում, այս տարի ընդամենը մեկ անգամ ենք մասնակցել։ Մենք 2019 թվականին երեք եվրոպական երկիր ենք գանցել, մասնակցել միջազգային փառատոնների, որտեղից բերել էինք «ԳՐԱՆ ՊՐԻ» մրցանակ: Ռումինիայից, Սերբիայից, Բոսնիա-Հերցեգովինայից երկու առաջի տեղ ենք բերել, երկու «ԳՐԱՆՊՐԻ»: Այս տարի մենք գերի ենք, քանի որ վարակի պատճառով ոչ մի տեղ չենք կարողացել գնալ», – ասում է աշուղը։
Դադարել են ոչ միայն շրջագայել, այլև դադարեցրել են պարի դասընթացները Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում։
«Եթե գյուղերում պարի դասընթացներ էին ընթանում, ապա հիմա ոչ մի գյուղում չենք կարող պարապմունքներ անցկացնել։ Ընդամենը մեկ ամիս հունվար-փետրվարին ենք պարապել: Կորոնավիրուսի պատճառով ոչինչ չհասցրինք», – ավելացնոււմ է Ալիք Քսպոյանը։
Ինչպես նաև Ախալքալքում չեն անցկացվել բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսիք են՝ «Ջավախքի գարուն», «Ազգային տարազի», «Ասմունքի», «Միսս գեղեցկուհի» փառատոնները: Պատրաստվել են ապրիլի 29-ին մեծ շուքով նշել պարի միջազգային օրը, սակայն վարակը ամեն ինչ «տապալել» է։
Իրավիճակի ելնելով, Ախալքալաքի մշակությի տունն անցել առցանց դասընթացների:
«Մինչև հիմա մենք անցկացնում ենք առցանց դասեր, աշուղական դպրոցն էլ ինչպես առցանց, այդպես էլ շաբաթվա ընթացքում մեկ անգամ դասեր ենք անցկացրել, պաշտպանելով համավարակի բոլոր կանոնները։ Պատկերացրեք, նույնիսկ այս պայմաններում երեխաների 80%-ը պատրաստ է։ Դե պարային դասերը չենք կարող առցանց անցկացնել», – հավելում է Ախալքալաքի մշակույթի տան ղեկավար Ալիք Քսպոյանը։
Եզրափակելով Քսպոյանը նշում է՝ մշակույթի ամենաշատը տուժեց կորոնավարակից։
Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանն ասում է, իրենց համար նույնպես դժվար է եղել։
«Առցանց դասընթացներ իհարկե անցկացնում ենք, սակայն ով տանը դաշնամուր չունի նրա համար շատ դժվար է, սա խնդիր է։ Մենք հոկտեմբերին մասնակցել ենք մրցումների, մեր երկու երեխաները դիպլոմներ և մրցանակներ են ստացել միջազգային մրցույթներից, դա փոքր բան չէ։ Ամբողջ աշխարհում այս իրավիճակն է, ինչ կարող ենք անել, հուսանք ամեն ինչ լավ կլինի», – ասում է Սվետլանա Կարոյանը։
Ախալքալաքի ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը նշում է, որ յուրաքանչյուր առարկայից առցանց դասընթացներ ունեցել են, բայց որոշակի դադարներով, քանի որ դասընթացավարներն առողջական խնդիրներ են ունեցել։
«Յուրաքանյուր առարկայից էլ ունեցել ենք առցանց դասեր, սակայն ընթացքում բոլոր մանկավարժները հիվանդացան, այդ պատճառով ընդմիջումներ եղել են: Հուսով եմ, որ Նոր տարուց հետո ամեն ինչ լավ է լինելու», – ասում է ՄԱհտեսյանը:
Չնայած նշում է, որ առցանց դասերը համեմատել չի կարող անմիջական շփման հետ, բայց սա ստեղծված իրավիճակում ելք է»:
Ախալքալաքի թանգարանի տնօրեն Սեդա Առաքելյանի խոսքերով իրենց աշխատանքը սահմանափակումների հետ սահմանափակվել է։
«Անկեղծ ասած, թանգարանաը դա այնպիսի բան է, որ առցանց ոչինչ անել հնարավոր չէ, զբոսաշրջիկներ պետք է գան, որ ընդունենք, ներկայացնենք, բացատրենք, ցույց տանք։ Հույս ունենք, որ գարնանից ամեն ինչ կբացվի և նորմալ աշխատանքի կանցնենք», – ասում է Առաքելյանը։
Ախալքալաքի նկարչական դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը նույնպես առցանց ճանապարհն է ընտրել աշակերտների համար։
«Ճիշտ է, դպրոցում մենք դասեր չենք անցկացնում, սակայն օնլայն դասեր վարում ենք, աշակերտները առցանց ներկայացնում են իրենց աշխատանքները, մենք տալիս ենք առաջադրանքներ և ամեն բոլորը հանձնարարություններն ու առաջադրանքները կատարում են», – պատմում է Կարապետյանը։
Նկարչական դպրոցը նույնիսկ առցանց կատարած աշխատանքները Երևանում ցուցահանդեսի ներկայացնել:
«Ահագին աշխատանքներ ենք ուղարկել Երևանում կայանալիք ցուցահանդեսին, ինչպես նաև մեր մյուս աշխատանքները մշտապես ներկայացնում ենք մեր ֆեյսբուքյան էջում», – ավելացնում է նա։
Նկարչական դպրոցի աշակերտները համաճարակի ընթացքում աընդհատ նկարում են. օրինակ՝ Ղարաբաղյան պատերազմի, Հայաստանի և Վրաստանի անկախության, ընտրությունների թեմայով, ինչպես նաև կատարում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տրվող հանձնարարությունները։ Ինչպես Նկարչական դպրոցի ղեկավարն է նշում՝ առաջադրանքները կատարում են 6 տարեկանից մինչև ամենաբարձր տարիքային խմբի երեխաները։
Ախալքալաքի շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանը կորոնավարակի ամենաբացասական կողմը համարում է այն, որ մրցումների չեն մասնակցել։
«Ամենագլխավորն այն էր, որ մրցումների չմասնակցեցինք, մասնակցեցինք միայն առցանց, այն էլ շատ քիչ, ընդամենը՝ երկու։ Մենք միշտ էլ շատ տեղ ենք հատկացրել մրցումներին, մասնակցել ենք՝ և միջազգային, և հանրապետական, և տարածաշրջանային մրցումների։ Ամռանից առցանց դասեր ենք սկսել և շարունակում ենք մինչև հիմա, արձակուրդ չենք տրամադրել աշակերտներին։ Առցանց դասերը պարտադիր անցկացնում ենք», – նշում է Սողոյանը։
Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանն ասում է. «Մենք առցանց մրցումներ չենք կարող անցկացնել, քանի որ մերը բռնցքամարտ է, ցուցադրական բաներ չկա, միայն մարտեր են, որոնք առցանց ցուցադրել չի լինում։ Մինչև կորոնավարակը եղել են մրցումներ, Վրաստանի առաջնություն, միջազգային մրցաշարեր, որոնց մասնակցել ենք։ Սակայն կորոնավարակի արգելքներից հետո դադարեցվել է, բայց հավաքներ եղել են», – ասում է Ատոմ Էլիզբարյանը։
Կորոնավիրուսի ընթացքում, Ախալքալաքի Սպորտ դպրոցի սաները մասնակցել են առցանց տարբեր մրցումների և գրավել տարբեր հորիզոնականներ։
«Կորոնավիրուսը պարզ է, որ ամեն ինչի վրա բացասական ազդեց, բացասական ազդեց պարապմունքների վրա, քանի որ սպորտդահլիճներում չկարողացանք անցկացնել։ Սակայն ներմուծվեցին նոր տեխնոլոգիաներ և մրցումները դարձան առցանց: Սկզբից դժվար էր դրան ընտելանալը, բայց ընտելացանք և սկսեցինք դրանց մասնակցել։ Երեխաները նույն կատան կատարում եմ տեսակապի դիմաց», – ասում է կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը։
Նա նաև ավելացնում է, որ առցանց մրցումները նույնիսկ դրական ազդեցություն են ունեցել, քանի որ մրցումներին մասնակցել են այլ երկրների մարզիկներ, և նրանք հնարավորություն են ձեռք բերել ավելի ընդլայնել իրենց մրցակիցների շրջանակը։ Վատն այն է, որ առցանց մրցումների ընթացքում մարզիկներին չի տրվում ժյուրիի որոշումը բողոքարկելու հնարավորություն։
Գայանե Ակոջյան