Վերջին մեկ օրվա ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանում կորոնավիրուսի պատճառով կիրարկված սահմանափակումների խախտման 611 փաստ:
Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության, 93 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բոլորը տուգանվել են մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Նրանց թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակումը՝ ժամը 21:00-ից 05:00-ն:
Բացի այդ, 518 մարդ տուգանվել է դիմակ չկրելու համար՝ 20 լարիով (մոտ 6 ԱՄՆ դոլար):
Ընդհանուր, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 28-ը հայտնաբերվել է սահմանափակումների խախտման 23 591 դեպք:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն և տուգանք՝ ֆիզիկական անձի համար 2000 լարի (ավելի քան 600 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար` 10 000 լարի (ավելի քան 3000 դոլար): Կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Սահմանափակումները Վրաստանում գործարկվել են նոյեմբերի 28-ին` համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Մեծ քաղաքներում փակվել են առևտրի կենտրոնները և հագուստի շուկաները, հասարակական տրանսպորտը չի գործում, կրթադաստիարակչական հաստատությունները անցել են հեռավար աշխատառեժիմի: Երկրում պահպանվում է դիմակներ կրելու ընդհանուր ռեժիմը, ժամը 21:00-ից հետո արգելվում է փողոց դուրս գալ: