Ախալքալաքում 2020 թվականը հաջող տարի չէր նաև սպորտի ոլորտում: Կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղյալ են հայտարարվել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մրցումները: Սակայն մարզիկները մարզվում են տանը՝ իրենց մարզավիճակը պահպանելու համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետում զարգացում են ապրում տարբեր մարզաձևեր, ինչպիսիք են` ֆուտբոլը, թենիսը, բռնցքամարտը, կարատեն և այլն: Այնուամենայնիվ, կան մի քանի մարզաձեւեր, որոնց միջոցով աշխարհը իմացավ Ջավախքի մարզիկների մասին, դրանք են՝ բռնցքամարտը, կարատեն, ըմբշամարտը և քիքբոքսինգը, սակայն այս տարի շատ մարզիկները «COVID-19»-ի պատճառով չկարողացան հասնել իրենց ցանկալի բարձունքներին:

Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի խոսքով՝ 2020 թվականն այնքան էլ հաջող չէր մարզիկների համար: Վերջինիս խոսքով՝ այս տարի կորոնավիրուսի պատճառով շատ մրցույթներ չկայացան, թեպետ չնչին ձեռքբերումներ գրանցվել են:

«Այս տարի մենք բավականին մեծ նվաճումներ ունեցանք կարատեի առցանց մրցումներում, ինչպես նաև ունենք փոքր նվաճումներ բռնցքամարտում և ըմբշամարտում», – ասում է նա:

Մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի խոսքով, հունվար-փետրվար ամիսներին մարզական միջոցառումների արգելքից առաջ, Ախալքալաքի բռնցքամարտիկները բազմիցս չեմպիոն դարձան ոչ մեծամաշտաբ միջազգային մրցումներում, սակայն հետագայում, համավարակի պատճառով, բռնցքամարտիկներն այլևս ի վիճակի չէին ելույթ ունենալ միջազգային ասպարեզներում:

«2020 թվականին Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում մենք ունենք 9 տարիքային տարբեր կարգի բռնցքամարտիկներ՝ դպրոցականներից մինչև մեծահասակներ: Բոլորն էլ Վրաստանի չեմպիոններ են», – ասում է նա:

Նշենք, որ մարտի սկզբին Վրաստանից 7 մարզիկներ օլիմպիական խաղերի ուղեգրեր ստացան և մեկնեցին Լոնդոն, այդ թվում` Ախալքալաքի մարզահամալիրի սան Արտյուշ Գոմցյանը՝ 57 կգ. քաշային կարգում: Բայց մրցումները մնացին անավարտ, կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի «Olympic Qualifying Tournament-Europe» մրցաշարը չեղյալ հայտարարվեց: 2020 թվականի մարտ ամսից բազում սպորտային միջոցառումներ չեղյալ հայտարարվեցին, այդ թվում նաև՝ «TOKYO-2020» օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել են մեկ տարով:

Այսօրվա դրությամբ, ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետում բոլոր մարզադահլիճները, մարզադպրոցներն ու մարզահամալիրները փակ են: Մարզիչներն ու մարզիկները հույս ունեն, որ 2021 թվականին ամեն ինչ կվերականգնվի, և նրանք կկարողանան մարզվել և մեծ հաջողությունների հասնել:

Բռնցքամարտի մարզիչ Գագիկ Էլիզբարյանի խոսքով՝ մարզադահլիճները փակ են, բայց իրենց սաները շարունակում են մարզվել տանը՝ միշտ լավ մարզավիճակում լինելու համար: Նրա խոսքով՝ որոշ բռնցքամարտիկներ մարզական հավաքների են, իսկ ոմանք արդեն վերադարձել են տուն: Վրաստանի հավաքականի կազմում հավաքներին մասնակցել են Գոռ Այվազյանը, Վիգեն Փիլոսյանը, Արամ Խրիկյանը, Ժիրայր Սահարյանը և այլ բռնցքամարտիկներ:

Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկների պնդմամբ՝ նրանք շարունակում են մարզվել տանը, իսկ վարժանքի հանձնարարությունները ստանում են իրենց մարզիչներից:

Բրատիսլավ Իգիթխանյան