Վրաստանի խորհրդարանն արտահերթ նստաշրջանում կքննարկի գործող վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած նոր կառավարության հաստատման հարցը և նրա «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագիրը:
Այսօր խորհրդարանում կլսեն վարչապետի ելույթը, իսկ վաղը նրանք կհայտարարեն կառավարության կազմի ու ծրագրի վստահության քվեարկությունը:
Գախարիայի կաբինետում կա միայն մեկ նոր նախարարի թեկնածու՝ Արդարադատության նախկին փոխնախարար Գոչա Լորթքիփանիձեն: Ենթադրվում է, որ նա կզբաղեցնի Արդարադատության նախարարի պաշտոնը, բայց մի քանի ամիս անց նա կլքի կառավարությունը և կշարունակի իր գործունեությունն արդեն որպես Միջազգային քրեական դատարանի դատավոր:
Բոլոր մյուս նախարարները Գիորգի Գախարիայի կաբինետում աշխատում են 2019 թվականի սեպտեմբերից.
· Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,
· Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Մայա Ցքիտիշվիլի,
· Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
· Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,
· Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
· Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,
· Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերիե Տիկարաձե,
· Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,
· Պաշտպանության նախարար՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
· Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարար՝ Թեա Ախվլեդիանի:
Նախարարների կաբինետի հետ միասին, Գախարիան խորհրդարան է ներկայացրել «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագիրը, որին նույնպես պատգամավորները պետք է իրենց վստահությունը հայտնեն:
Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար: Դրա հիմնական նպատակն է կորոնավիրուսի համավարակից առաջացած ճգնաժամի հաղթահարումը, տնտեսության արագ վերականգնումը և դրա զարգացումը, ինչպես նաև քաղաքացիների համար անվտանգ միջավայրի ստեղծումը:
Բացի այդ, ծրագրում հստակ ամրագրված է, որ Վրաստանը Եվրամիությանը անդամակցելու նպատակով հայտ ներկայացնելու համար բոլոր բարեփոխումները կիրականացնի մինչ 2024 թվականը:
Ընդհանուր առմամբ, ծրագիրն ունի չորս ուղղվածություն. Արտաքին քաղաքականություն, անվտանգություն և մարդու իրավունքներ, տնտեսական զարգացում, սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում ու պետական կառավարում:
Արտաքին քաղաքականության, անվտանգության և մարդու իրավունքների ուղղվածությունը ենթադրում է ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդում, պաշտպանության և ներքին անվտանգության համար հոգածություն և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ներդրում:
Տնտեսական զարգացումը ենթադրում է հետճգնաժամային շրջանում բիզնեսի վերականգնման և զարգացման խթանում, աշխատատեղերի ստեղծում և աղքատության հաղթահարում:
Սոցիալական քաղաքականության և մարդկային կապիտալի ուղղվածությունը հիմնված է սոցիալական ոլորտի և առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև որակյալ և մատչելի կրթության ապահովման վրա:
Ինչ վերաբերում է պետական կառավարմանը, ապա այս մասը ենթադրվում է ամրապնդել պետական ինստիտուտները և բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը: