Ջավախքում, տարբեր փորձագետների առաջարկությամբ, բնակիչները փորձում են կարտոֆիլին այլընտրանք հանդիսացող մշակաբույսեր աճեցնել, որպեսզի կախված չլինեն միայն կարտոֆիլից: Սակայն, այլընտրանքային մշակաբույսեր աճեցնելու ճանապարհին հողագործները առերեսվում են ավանդական և նոր, իրենց համար անծանոթ խնդիրների: Ինչպիսի օգնություն են ակնկալում և արդյոք մտածում են իրենց խնդիրների և դրանց լուծումների մասին, երբ մտնում են ընտրախցիկ:

Միսակ Ճորուխյանն այն ֆերմերներից մեկն է, ովքեր որոշել են Ջավախքում այլընտրանք գտնել կարտոֆիլին: Այս տարի նա ցանել է միանգամից 1,4 հա գազար և 40 հար կարմիր կաղամբ: Միսակ Ճորուխյանի բերքն այդքան էլ հաջող չէր, բայց նա ավելի շատ անհանգստացած է, որ չի կարող վաճառել շահույթով:

azar

«Գազարի աճեցումն ավելի աշխատատար գործընթաց է, քան կարտոֆիլինը: Գինն այն չէ, ինչ ես ակնկալում էի: Սկզբում վաճառեցի 35 թեթրիով, հիմա վաճառում եմ 50 թեթրիով: Ես վարկ ունեմ, որը դեռ չեմ մարել: Ամենաթանկ սերմերն եմ ցանել՝ 1,40 հա հողատարածության վրա ես 6 կգ սերմ եմ ցանել, պահեստ չունեմ, եթե չվաճառվի, ապա այդ ամենը կփչանա: Դեռ պահեստում 7 տոննա գազար էլ ունեմ », – ասում է Միսակ Ճորուխյանը:

Բացի գազարից, նա 40 հար հողամասի վրա ցանել է նաեւ կարմիր կաղամբ:

«40 հարից ստացել եմ 150 կգ կարմիր կաղամբ, աճեցնելու վրա մի քանի հազար լարի եմ ծախսել», – ասում է Միսակ Ճորուխյանը:

laxana

Միսակ Ճորուխյանը հողագործության գլխավոր խնդիրը համարում է իրացումը, և նա առաջարկում է, որ պետությունը բանջարեղենի ընդունման կետեր կազմակերպի: Սակայն, նա որոշել է թողնել այս գործը: Նրան չէր հետաքրքրում, թե գյուղատնտեսության զարգացման համար ինչ էին առաջարկում պատգամավորության թեկնածուները, նրանց կուսակցական ծրագրերն իրեն նույնպես չէին հետաքրքրում:

«Նույնիսկ եթե ընտրական ծրագրերում ինչ-որ բան լիներ գյուղատնտեսության զարգացման գծով, ընտրություններից հետո բոլորը միևնույն է կմոռանային իրենց խոստումների մասին: Ընտրություններից առաջ նրանք խոստանում են ամեն ինչ, հենց ընտրվում են, մոռանում են դրանց մասին, հակառակը, ամեն ինչ էլ ավելի է վատանում: Երկրում գյուղատնտեսության զարգացման համար պատասխանատու է պետությունը: Ընտրություններում ես ընտրել եմ նրան, ում ճանաչում եմ մարդկային որակներով », – ասում է Միսակ Ճորուխյանը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա- տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասում է, որ շուկայական տնտեսության մեջ ֆերմերներն իրենք պետք է գտնեն շուկան:

«Մերոնք սպասում են, որ գնորդներն իրենք գան իրենց մոտ, մենք ինքներս պետք է վաճառքի տեղերը գտնենք: Նրանց ապրանքներն այն որակը չունեն, որ արտահանվեն: Անհրաժեշտ է ստեղծել կոոպերատիվներ, որովհետև ոչ մի անհատ չի կարող մեծ խանութներն, ամբողջ տարվա ընթացքում, ապահովել իր արտադրանքով: Խանութներին ամեն օր 50 տոննա կարտոֆիլ է պահանջվում », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

Խորհրդա-տեղեկատվական կենտրոնը զբաղվում է ֆերմերների շրջանում տեղեկատվության տարածմամբ, ինչպես նաև խորհրդակցում նրանց հետ տարբեր հարցերի շուրջ: Ռամազ Գոգոլաձեն կարծում է, որ ֆերմերները իրենց արտադրանքը չեն հանձնի ընդունման կետերին, նույնիսկ եթե այդպիսիք բացվեն:

«Եթե ընդունման կետեր բացվեն, ապա նրանք ֆերմերներից ապրանքը գնելու են ցածր գնով, բայց մեր ֆերմերները համաձայն չեն նման պայմանների: Ընդունման կետը ծախսեր է անում՝ բանվոր, պահակ, պահեստ, կետը ինչ-որ կերպ հո պետք է ծածկի այդ ծախսերը: Նա, օրինակ, կարտոֆիլը կգնի 30 թեթրիով, իսկ կարտոֆիլը նրա վրա կնստի է 50 թեթրի, նա պետք է վաճառի 60 թեթրիով », – բացատրում է Ռամազ Գոգոլաձեն:

Ագանա գյուղից Արշալույս Գալստյանը 1985 թվականից սկսած աճեցնում է կապույտ հացհամեմ(այծառվույտ), որը Վրաստանում հայտնի է նաև որպես սունելի:

ssuneli

Ջավախքի շատ գյուղերում, այդ թվում և Ագանա գյուղում, զբաղվում են սունելիի մշակմամբ, սակայն բանն այն է, որ երբ գյուղը սկսում է սունելի աճեցնել, սկզբում կարծես ամեն ինչ կարգին է, բայց շուտով հայտնվում են վնասատու-միջատները, որոնց դեմ ֆերմերները չգիտեն, թե ինչպես պայքարել: Արդյունքում բերքը չի հաջողվում, և գյուղը դադարում է աճեցնել: Այդպես էլ մի գյուղն էստաֆետը հանձնում է մեկ այլ գյուղի, ու այսպես արդեն մի քանի տարի է:

Սունելիի մշակումը շատ աշխատատար է, ամբողջ աշխատանքը, սկզբից մինչև վերջ, ձեռքով արվում է: Եվ երբ ծախսերը գերազանցում են եկամուտը, ֆերմերները պարզապես դադարում են դրանով զբաղվել:

1 հեկտարում անհրաժեշտ է 50 կգ սունելիի սերմ ցանել, սակայն Արշալույսն ապահովության համար 100 կգ է ցանում: Արշալույս Գալստյանը կարծում է, որ ֆերմերները պետության կողմից օգնության կարիք ունեն:

«Պետությունը պետք է պաշտպանի ֆերմերներին, գոնե նրանց հնարավորություն տա առողջ բերք աճեցնելու: Պետությունն երևի չգիտի էլ, որ ես սունելի եմ աճեցնում: Միջատներին ուսումնասիրելու և համապատասխան թունաքիմիկատ ստեղծելու համար անհրաժեշտ է լաբորատորիա», – ասում է Արշալույս Գալստյանը:

Ըստ Ռամազ Գոգոլաձեի, պետությունը միջոցներ չունի յուրաքանչյուր տարածաշրջանում լաբորատորիա կառուցելու համար:

«Լաբորատորիան շատ թանկ է, պետությունը չի կարող իրեն դա թույլ տալ: Եթե նման բան է պատահում, թող բերեն մեզ մոտ, այսքան տարի մենք նրանց ասում ենք այդ մասին, մենք այն կուղարկենք լաբորատորիա, չէ որ մենք ավելի շատ ենք տեղյակ լաբորատորիաների մասին, իսկ նրանք գուցե չիմանան, սակայն ոչ ոք մեզ չի դիմել », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

Արշալույս Գալստյանը չի դիմել Ախալքալաքի Խորհրդա-տեղեկատվական կենտրոն, քանի որ վստահ է, որ Վրաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որը կկարողանա ուսումնասիրել վնասատուներին և արտադրել դրանց դեմ թունաքիմիկատներ:

Արշալույս Գալստյանը սունելին արտահանում է Ռուսաստան և Լեհաստան: Նրա կարծիքով, արտահանման հարցում նույնպես պետությունը չի օգնում:

«Ես ուզում եմ, որ պետությունն օգնի սահմանն անցնելիս, որպեսզի բեռնափոխադրման ընթացքում քիչ ռիսկեր լինեն», – հավելում է նա:

suneli1

Արշալույս Գալստյանն ասում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ծանոթացել է բոլոր կուսակցությունների ծրագրերին և ոչ մեկում չի գտել իր խնդրի լուծումը: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Վրաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը շատ կիրթ են և գրագետ: Նա իր ընտրությունը կատարել է գիտակցաբար, ինչպես ինքն է ասում, հաշվի առնելով այն ամենն ինչ արվել է:

«Ես ընտրել եմ ոչ թե տեղական ներկայացուցչին, այլ կուսակցությանը: Ինչ կարող է անել տեղական ներկայացուցիչն առանց կուսակցության, եթե կուսակցությունը չունենա ծրագրեր կամ չտան դոտացիաներ», – բացատրում է Արշալույս Գալստյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները տարիների ընթացքում ավելացնում են տարբեր մշակաբույսերի դաշտերը: Եթե առաջ մարդիկ գազարը, կաղամբը, սխտորը և այլ կուլտուրաները աճեցնում էին բացառապես իրենց սպառման համար, ապա այժմ շատերը մտածում են դրանք վաճառելու կամ փոխանակելու մասին: Այսպիսով, գրաֆիկից երևում է, թե ինչպես են աճել որոշ մշակաբույսերի ցանքատարածությունները 2016 -2019 թվականներին:

Urozhay
Infogram

Ըստ Ռամազ Գոգոլաձեի, Գյուղատնտեսության նախարարությունը խրախուսում է ֆերմերներին այլընտրանքային մշակաբույսեր աճեցնել, որպեսզի մեր տարածաշրջանում աճող բերքի իրացման հետ կապված խնդիրներ չառաջանան:

2015 թվականից ի վեր տարածաշրջանում պետությունն իրականացնում է ազնվամորու և մոշի աճեցման 100%-ոց ֆինանսավորման ծրագիրը: Սակայն, Ախալքալաքում դեռ ոչ ոք ֆինանսավորում չի ստացել:

Ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուր մարդ, ով ռեեստրում առնվազն 15 հար հողամաս ունի գրանցած: Բացի այդ, անհրաժեշտ է, որ հողամասը լինի ջրի և էլեկտրականության աղբյուրից ոչ ավելի, քան 600 մ հեռավորության վրա: Եվ ամենակարևորը, որպեսզի ծրագիրը գործարկվի և սկսի դրամաշնորհներ տրամադրել, անհրաժեշտ է, որ ծրագրում ընդգրկված հողակտորների ընդհանուր մակերեսը լինի 3 հա:

«Ծրագրին մասնակցել ցանկացողներ կան, սակայն նրանք վախենում են, որ 3 հեկտարը չհավաքվի, և իրենց ծախսած գումարը կորչի: Սկզբում բոլորը պետք է իրենք անալիզի ենթարկեն այդ հողը, որը կազմում է մոտ 400 լարի: Եթե ծրագիրը սկսվի, պետությունը նույնիսկ կվերադարձնի անալիզի ծախսերը»: – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

2015 թվականից մունիցիպալիտետից միայն երկու հոգի են պատրաստել փաստաթղթերը և հայտարարել, որ պատրաստ են մասնակցել ծրագրին:

Պետությունը, ըստ նախագծի, սածիլներ է տալիս ֆերմերներին և սովորեցնում մշակել դրանք:

«Այս ծրագրի մասին ես իմացել եմ համացանցից, կարծեմ՝ ձեզանից: Ես Ալաստան գյուղում ունեմ 15 հար հող: Դիմում եմ ներկայացրել, նրանք ընդունել են այն, և մենք սպասում ենք, որ մունիցիպալիտետում հողի ընդհանուր տարածքը 3 հա դառնա: Ես Թբիլիսիում հողերի անալիզ եմ կատարել, ամեն ինչ նորմալ էր, այդ իսկ պատճառով էլ նրանք ընդունեցին հայտադիմումը: Ես ծախսեցի մոտ 700 լարի », – ասում է Ախալքալաքի այն երկու բնակիչներից մեկը, ովքեր դիմել էին այս ծրագրին մասնակցելու համար:

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ բոլոր թեկնածուներն ու մասնակից կուսակցություններն անընդհատ կրկնում են, որ միասին նրանք կհասնեն երկրի զարգացմանը: Ախալքալաքում խոստանում է նաև միասին հասնել գյուղատնտեսության զարգացմանը: Ինչպես տեսնում ենք, շատ ֆերմերներ բախվում են տարբեր խնդիրների, և ոմանք էլ պայքարում են դրանց դեմ, շատ դեպքերում՝ չհաղթահարելով այդ խնդիրները…:

Շուշան Շիրինյան