Ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված շրջաններում (Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի) ուսումնասիրություն է անցկացվել «Սոնար» ընկերության կողմից: Ուսումնասիրության նպատակն է պարզել, թե տեղեկատվության ո՞ր աղբյուրներից են օգտվում և ի՞նչ լեզվով են տեղեկատվություն ստանում այս երկու առանձնահատուկ շրջանների բնակիչները:

Ընդհանուր առմամբ ընդունված է համարել, որ այն շրջաններում, որտեղ կոմպակտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները, վրացալեզու տեղեկատվության աղբյուրներից չեն օգտվում, սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: «Սոնար» ընկերությունը երկու շրջաններում էլ հարցում է անցկացրել: Հեռախոսային հարցազրույցների միջոցով հարցվել է 325 225 մարդ: Ուսումնասիրությունն անցկացվել է այս տարվա դեկտեմբերի 2-ից 5-ը: Իրավիճակը պարզելու համար օգտագործվել են Վրաստանի քաղաքացիների հեռախոսային բազաները, որոնցում կա 1 400 000 ֆիքսված հեռախոսահամար:

Հարցմանը մասնակցել են 47,4% տղամարդիկ և 52,6% կանայք, այդ թվում հարցվածների 71.1%-ը եղել են գյուղերից, իսկ 28.1%-ը` քաղաքներից: Ներկայացնենք նաև հարցվածների տարիքային խմբերը տոկոսային հարաբերակցության տեսքով՝ 18-24 տարեկան (13.0%), 25-34 տարեկան (19.5%), 35-44 տարեկան (15.2%), 45-54 տարեկան (18.6%), 55-64 տարեկան (15.5%), 65+ տարեկան (18.2%):

Ուսումնասիրությունն անցկացվել է Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի, Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում:

Ուսումնասիրության արդյունքները.

Սամցխե-Ջավախքում հարցվածների 49,9%-ն օրը մի քանի անգամ դիտում է հեռուստացույց: Առնվազն օրը մեկ անգամ է դիտում հեռուստացույց հարցվածների 32.9%-ը, իսկ շաբաթը մի քանի անգամ` 7.5%-ը, շաբաթը մեկ անգամ` 5.9%-ը, ամիսը 2-3 անգամ` 2.2%-ը, ամիսը մեկ անգամ` հարցվածների 4.5%-ը:

Արբանյակային ալեհավաքներ է օգտագործում՝ 31,6%-ը, IP հեռուստատեսություն՝ 25,9%-ը, համացանց՝ 20,2%-ը, կաբելային հեռուստատեսություն՝ 14,5%-ը, Set-top box (STB) կամ սովորական ալեհավաքներ՝ 14,6%-ը:

Հարցվածների 82%-ը տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսությունից, 57%-ը` սոցիալական ցանցերից, 6%-ը` լրատվական աղբյուրների կայք-էջերից, 4%-ը` հեռուստաալիքների ինտերնետային էջերից:

Քվեմո Քարթլիում հեռուստադիտողների 83.4%-ը վրացական հեռուստատեսություն է դիտում, իսկ Սամցխե-Ջավախքում` հեռուստադիտողների 85.8%-ը: Այս տվյալներն իրականում ցույց չեն տալիս իրավիճակը, մասնավորապես Ջավախքում, օրինակ՝ Ադիգենի, Ախալցիխեի և Ասպինձայի մունիցիպալիտետներում, օրինակ. բնակչության հիմնական մասը էթնիկ վրացիներ են: Ըստ էթնիկական կազմի, հարցվածների միայն 1%-ն է ազգությամբ ռուս, 37,7%-ը՝ հայ: Քվեմո-Քարթլիում նույնպես՝ 2,6%-ը հայ է, 61,3%-ը` վրացի, իսկ 46,2%-ը՝ ադրբեջանցի:

Հեռուստատեսային լսարանի 16,6%-ը Քվեմո Քարթլիում չի դիտում վրացական հեռուստաալիքներ: Այս հատվածի 80%-ը դիտում է ադրբեջանական, 66%-ը՝ թուրքական, իսկ 40%-ը՝ ռուսական ալիքներ: Սամցխե-Ջավախքում 14,2%-ը չի դիտում վրացական հեռուստաալիքներ: Սամցխե-Ջավախքում այս հատվածի 81%-ը դիտում է հայկական, իսկ 78%-ը` ռուսական ալիքներ:

Սամցխե-Ջավախքում ամենաշատ դիտվող հեռուստաընկերություններն են.

«Իմեդի»՝ 64.3%,
Վրաստանի առաջին ալիք՝ 50.5%,
«Ռուսթավի 2»՝ 41.5%,
«Հեռուստադպրոց»՝ 23.2%,
«Tv Պիրվելի»՝ 19.7%,
«Մթավարի արխի»՝ 19.5%,
«GDS»՝ 13.8%,
«Մաեստրո»՝ 10.8%,
«Քոմեդի արխի»՝ 9.0%,
«Աջարա»՝ 5.9%,
«Ֆորմուլա»՝ 5.5%

Քվեմո Քարթլիում հեռուստադիտողների 61%-ը, իսկ Սամցխե-Ջավախքի հեռուստադիտողների 59%-ը «Հեռուստադպրոց» ալիքով դիտում են վրաց լեզվի դասերը:

Հարցվածների մեծ մասն օգտվում է սոցիալական ցանցերից. «Facebook»-ից` 61%-ը, «Instagram»-ից` 17%-ը, «YouTube»-ից` 20%-ը, «WhatsApp»-ից` 5%-ը, «Viber»-ից` 5%-ը, սոցիալական ցանցերից չի օգտվում 27%-ը:

Հաշվի է առնվել նաև հարցվածների զբաղվածությունը, հետևաբար, նրանցից աշխատում է 31,6%-ը, ինքնազբաղված է` 14,4%-ը, գործազուրկ է` 20,8%-ը, կենսաթոշակառու է` 16,0%-ը, ուսանող` 1,7%-ը, տնային տնտեսուհի` 14,8%-ը, հրաժարվել են պատասխանել` 0,8%-ը:

Ուսումնասիրությունն իրականացվել է Վրաստանի առաջին ալիքի պատվերով: