Տասնամյակներով Վարևան գյուղում խմելու ջուրը խնդիր էր: Ամեն տարի նախագծվող ծրագրերը արդյունք չէին տալիս՝ և ամառվա տապին, և ձմեռվա կեսին բնակիչներն առանց ջուր էին մնում։ Սակայն այս տարվա նախագիծը կարծես թե հասել է նպատակին, աղբյուրից ջուր է հոսում։

Գյուղում ապրող 160 ընտանիք տարիներ շարունակ զուրկ էր ամենապահանջվածից՝ խմելու ջրից։ Սակայն այս անգամ գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրից ջուրն առատ է հոսում։

Գյուղամեջում հավաքված գյուղացիները գոհ են կատարված աշխատանքից, վերջապես գյուղը խմելու ջուր ունի։

varevan bnakichner

«Նոյեմբերի սկզբից արդեն ունեինք խմելու ջուր, ինչքանով մենք ենք տեղյակ տենդեր-մրցույթ էր հայտարարվել։ Ամբողջ գյուղին դեռ բավարարում է ջուրը։ Հույս ունենք, որ ամռանն էլ կունենանք, դեռ պետք է ամառը գա, որ տեսնենք։ Այս ջրագիծը գալիս է Սամսարից, սկզբից փորձում էին Իխտիլայից բերել, բայց չէր հասնում մեզ», – ասում է Վարևան գյուղի բնակիչ Սահակյան Սպարտակը։

Բնակիչները նշում են, որ Սովետական Միության փլուզումից այս կողմ ջրի խնդիր միշտ ունեցել են։

Վարևան գյուղի ջրագիծը կառուցվել է 2010 թ.-ին։ Այդ ժամանակ ծախսվել է մոտ 180 000 լարի: Քանի որ ջրագիծն անցնում էր մի քանի գյուղերի միջով, այդ գյուղերի բնակիչները խմելու ջուրն օգտագործում էին ոռոգման նպատակով և ջուրը Վարևան չէր հասնում:

Արդեն 2019 թվականին մունիցիպալիտետը ջրամատակարարման նոր գծի նախագծի կառուցման համար հայտարարվել էր տենդեր: Նոր ջրագիծը պետք է կառուցվեր երկու փուլով և դրա համար հատկացվել էր 400 000 լարի:

Սակայն այս տարի նոր ծրագիր է ներկայացվել, նորից է էլեկտրոնային մրցույթ հայտարարվել, որը հաղթել է ՍՊԸ “Universal Georgia 2008” ընկերությունը։ Գումարը կազմել է 654 321 լարի։ Այս նախագծով ջուրը Վարևան գյուղ է հասել Մեծ Սամսարից։

Վարևանի գյուղապետը գյուղի ամենամեծ խնդիրը լուծված է համարում։

«Ջուրը գյուղ հասցնելու համար ծախսվել է 654 321 լարի, աշխատանքները կատարվել են ըստ էլեկտրոնային մրցույթի պայմանների։ Ես մտածում եմ, որ ամառվա ընթացքում էլ խնդիր չպետք է ունենանք։ Սակայն, եթե ունենք ջրագիծ, ապա անպայման պետք է հսկել։ Կան փոքր խնդիրներ, որոնք լուծվում են, ամեն առավոտ ամբողջ ջրագծով անցնում եմ, որպեսզի տեսնեմ խնդիրներ կան, թե ոչ», – ասում է գյուղապետ Միշա Ստեփանյանը։

Այս գյուղում խմելու ջրի խնդիրը լուծված է, սակայն ոռոգման ջուր էլ չունեն։ Իսկ Վարևանում հիմնականում զբաղվում են կարտոֆիլագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները նշում են, որ սկզբից շատ լավ է աճում կարտոֆիլը, սակայն ջրի պակասի պատճառով այն չորանում է։ Գյուղում ժողով են և որոշել «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղին հատկացված գումարը հատկացնել այս խնդրի լուծմանը: Վարևանում որոշել են երկու տարվա գումարով փուլ առ փուլ արհեստական լիճ կառուցել:։

xot salom

«Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով մեզ հատկացված էր 15 000 լարի։ Այսօրվա դրությամբ մեր խմելու ջրի խնդիրը լուծված է, սակայն մենք չունենք ջրային տարածք, որտեղից անասուները կօգտվեն, նաև դաշտերը կոռոգենք։ Դրա համար ուզում ենք, որ գյուղի վերևի հատվածում արհեստական լիճ ստեղծենք, մի լիճ ունենք, սակայն դա ոչ մի կերպ չի բավականացնում բնակչությանը։ Մենք արդեն գնել ենք շինանյութը, եթե մյուս տարի նույնպես պետությունը օգնի, ապա այս խնդիրը նույնպես կլուծենք,- հավելում է Վարևան գյուղից Միշա Ստեփանյանը:

Մեկ ամիսից ավելի է Վարևանում խմելու ջուր չունեն

Վարևան գյուղի համար նոր ջրագիծ կկառուցեն

Վարևան գյուղի համար կրկին կառուցվելու է ջրամատակարարման նոր համակարգ

Վարևանը ջրով ապահովելու ևս մեկ փորձ

Գայանե Ակոջյան