Այսօր, դեկտեմբերի 5-ին Հայաստանում 16 ընդդիմադիր կուսակցություններ համազգային հանրահավաք են կազմակերպել Ազատության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազատության հրապարակում ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվեցին կառավարական առանձնատուն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար երեք օր ժամանակ են տվել:

Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատան մոտ ներկայացրել է հանրահավաքի մասնակիցների պահանջը Նիկոլ Փաշինյանին։ Նա հայտնել է, որ Փաշինյանին ժամանակ են տալիս, որպեսզի վերջինս իր քաղաքական թիմի և իր խորհրդատուների հետ քննարկի և հրաժարականի որոշում ընդունի։

Վարչապետին մինչև երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ է տրվել հեռանալու համար։

«Եթե մինչև երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք և վերջ։ Միասին պետք է այս շաբաթվա մեջ այս հարցը փակենք և վերջ»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Հակառակ պարագայում ամբողջ Հայաստանում անհնազանդության զանգվածային ակցիաներ կիրականացվեն։

Նշենք, որ Հայաստանում հազարավոր մարդիկ և ընդդիմադիր կուսակցությունները փողոց են դուրս են եկել և նոյեմբերի 10-ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն Արցախում հրադադարի մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո։ Նրանք գտնում են, որ վարչապետը «դավաճանական» է ստորագրել Արցախի տարածքներն Ադրբեջանին ինքնակամ հանձնելու մասին։