Այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժերը ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին: Ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ պետք է տեղի ունենան արտահերթ, արդար, թափանցիկ ընտրություններ, և Վազգեն Մանուկյանը այն թեկնածուն է, որի գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարությունը կկարողանա հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Միևնույն ժամանակ Իշխան Սաղաթելյանը շեշտել է, որ սպասվող ընտրություններում Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու:

ՀՅԴ ներկայացուցիչը հայտնել է, որ 17 կուսակցությունները որոշել են ստեղծել «Հայրենիքի փրկության ազգային շարժում», որն այսօր խորհրդի նիստ է անցկացրել: Նոր ձևավորված շարժման համար առաջնային քայլը գործող իշխանությունների հեռացումն է:

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Սաղաթելյանը պատասխանել է, որ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև նա այլ ճանապարհ չունի և րոպե առաջ պետք է անցնցում հեռանա:

«Պետք է տեղի ունենա Ազգային ժողովի նիստ, որտեղ կքննարկվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, հասարակական պահանջի և ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք է գնա այդ տարբերակին, կամ էլ Փաշինյանը պետք է ինքնակամ գիտակցի և հեռանա»,- ընդգծել է նա:

Իսկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ հայտնեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանի ընդդիմության միասնական թեկնածուն, որը կարող է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է: Արցախում պատերազմի սկզբից մեկ ամիս անց Մանուկյանը Կառավարությանը կոչ էր արել հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել ռազմական ղեկավարությանը:

Նշենք, որ Հայաստանում հազարավոր մարդիկ և ընդդիմադիր կուսակցությունները փողոց են դուրս են եկել և նոյեմբերի 10-ից պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն Արցախում հրադադարի մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո։ Նրանք գտնում են, որ վարչապետը «դավաճանական» է ստորագրել Արցախի տարածքներն Ադրբեջանին ինքնակամ հանձնելու մասին։