Ամբողջ աշխարհը պատրաստվում է Ամանորին` զարդարելով քաղաքները և տոնածառերը, չնայած այն հանգամանքին, որ շատ դեպքերում COVID-19-ի պատճառով զանգվածային տոնակատարություններ չեն լինի: Բայց ախալքալաքցիները վիրուսից բացի ունեն մեկ այլ պատճառ, որից ելնելով չեն ցանկանում նշել Ամանորը: Ախալքալաքի բնակիչները սգում են արցախյան պատերազմում զոհված հայրենակիցների համար:
Վերջերս Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քննարկեց ամանորյա տոների համար տեղական բյուջեից 14 100 լարի հատկացնելու հարցը: Այդ գումարը խնդրել էր հատկացնել Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը՝ քաղաքի համար ամանորյա լուսավորություն, քաղցրավենիք և հրավառություն գնելու համար:
Այս հարցի քննարկումը զայրույթ և դժգոհություն առաջացրեց սոցիալական ցանցերում, ախալքալաքցիները վրդովված մեկնաբանություններ էին գրում այս քննարկման վերաբերյալ նյութերի տակ: Ամանորյա տոնակատարության համար պահանջվող գումարը բյուջեից չհատկացվեց: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը լրամշակման համար վերադարձրեց քաղաքապետարան՝ հենց ամանորյա տոնակատարության համար պահանջվող գումարի պատճառով: Փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններում Սակրեբուլոյի պատգամավորները նշել էին, որ պահանջող գումարը պետք է հնարավորինս կրճատվի՝ թողնելով միայն տոնածառի տեղադրման և ապամոնտաժման համար ծախսերը:
Jnews-ը երկու հարցում անցկացրեց՝ պարզելու, թե ի՞նչ են մտածում ախալքալաքցիները, արդյո՞ք Ախալքալաքի տեղական իշխանությունները պետք է ամանորյա տոնակատարություն կազմակերպեն, թե՝ ոչ: Առաջին հարցումն անցկացվեց առցանց, իսկ երկրորդը՝ քաղաքի փողոցներում:
Առցանց հարցումը տեղադրվել էր Jnews-ի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև «Javakheti news» խմբում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 131 ֆեյսբուքյան օգտատեր:
Նյութը հրապարակելու պահին Jnews-ի էջում հարցմանը մասնակցել է 81 մարդ, բոլոր 81 հոգին առանց բացառության պատասխանել են «բացարձակապես ոչ»: Ոչ մի մեկնաբանություն չի եղել՝ ի աջակցություն ամանորյա տոնակատարության անցկացմանը: Ինչ վերաբերում է «Javakheti news» խմբին, 44 օգտատեր պատասխանել է «ոչ», տոնակատարությանը կողմ է քվեարկել 6 հոգի: Արդյունքում, հարցման մասնակիցների միայն 4.6%-ն է կողմ քվեարկել տոնակատարության անցկացմանը:
Հարցման մասնակիցները մեկնաբանել են, թե ինչու չեն ցանկանում անցկացնել տոնակատարությունը:
– «Իհարկե ոչ: Եթե մենք հայ ենք, ուրեմն սգի մեջ ենք: Սա մեր բոլորի ցավն է», – գրում է ֆեյսբուքի օգտատեր Վարդուհի Վարդիկյանը:
– «Ոչ մի հայ տոնածառի և ոչ էլ զարդարանքի հավես չունի: Միայն նրանք, ովքեր չեն տեսել պատերազմի պատուհասը՝ երեխաները, կարող են ուրախանալ այս ամենով», – գրում է Լիլիթ Աբգարյանը:
– «Ոչ, իհարկե: Յուրաքանչյուր հայ ընտանիքում սգում են զոհված անմեղ երեխաների համար…», – գրում է Կարինե Թոփալյանը:
– «Իհարկե ոչ: Ի՞նչ ուզում են, թող տանն անեն: Եթե չկա տոնակատարություն, ցանկություն, սիրտ, էլ ինչ տոնածառ: Ում համար, ինչի համար: Այդ գումարը կարելի է ծախսել ավելի անհրաժեշտ բաների վրա: Այնքան շատ գյուղեր կան, որ այս դարում ջուր և բնական գազ չունեն», – գրում է Արմինե Իգիթխանյանը:
«Նինոծմինդայում նույնպես տոնելու կարիք չկա: Այդ գումարով կարելի է արհեստական շնչառական ապարատ գնել հիվանդանոցի համար», – մեկնաբանում է նինոծմինդացի Ժոր Բդոյանը:
Փողոցում բնակչության շրջանում անցկացված հարցումը մի փոքր այլ արդյունքներ է տվել: Դրան մասնակցել է 21 պատահական անցորդ: Հարցման մասնակիցներից 6 հոգին պատասխանեցին, որ պետք է նշել Նոր տարին, թեկուզ և համեստ: 5 հոգի հրաժարվեցին պատասխանել հարցին: Մի հոգի պատասխանեց, որ չգիտի: Մնացած 9 անձինք պատասխանեցին, որ ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Նոր տարին դիմավորելու անհրաժեշտություն չկա:
– «Ես միևնույն է կարծում եմ, որ պետք է տոնել, ոչ մեծ մասշտաբներով, պարզ է, թե ինչու, բայց մենք ունենք երեխաներ, և երեխաներին չես ուզում բացատրել, թե ինչ է պատերազմը: Հնարավոր չէ նրանց ասել, որ տոնածառ չի լինելու, երեխաներ են, նրանց տոն է հարկավոր: Թեպետ մենք տեղադրել ենք տոնածառը, բայց մեն խղճի խայթ ենք զգում նահատակված տղաների առաջ», – ասում է հարցվողը, ով չցանկացավ իր անունը տալ:
Ղարաբաղյան պատերազմը և Covid-19-ն այնքան դժգույն և սահմանափակ դարձրեցին ախալքալաքցիների կյանքը, որ նույնիսկ ցանկություն չկա նշելու տարվա միակ տոնը, որը միշտ նշվում էր մեծ անհամբերությամբ և խանդավառությամբ: