Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային ծրագրի 4-րդ փուլի շրջանակներում հայտարարել է, որ քաղաքացիների համար հոգածության ծրագրի վրա կծախսվի 545 միլիոն լարի: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հազար մարդ կկարողանա օգտվել փոխհատուցումից՝ չհաշված այն քաղաքացիները, ովքեր կօգտվեն կոմունալ ծախսերի սուբսիդավորումից:
Մեջբերում ենք հակաճգնաժամային ծրագրի մանրամասները, ըստ որի՝ պարզ է դառնում, թե ով իրավունք ունի պետական նպաստի, ով՝ ոչ:
Կոմունալ ծառայությունների սուբսիդավորում
– Նոյեմբերից ներառյալ փետրվար՝ 4 ամիսների ընթացքում, կոմունալ ծախսերը կսուբսիդավորվեն այն քաղաքացիներին, ովքեր սպառել են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա և 200 խմ-ից պակաս բնական գազ: Կառավարության այս ծրագրից կօգտվի մոտավորապես 1 միլիոն ընտանիք: Ծրագրի իրականացման համար նախատեսված է 270 միլիոն լարի:
1200 լարի՝ աշխատանքը կորցրածների համար
– Պաշտոնապես աշխատողները, այսինքն՝ նրանք, ովքեր եկամտահարկ են վճարում, և ովքեր ժամանակավորապես կորցրել են իրենց աշխատատեղը, 2021 թ.-ին ամեն ամիս կստանան 200 լարի օգնություն՝ 6 ամիսների ընթացքում: Այս մարդկանց մոտավոր թիվը, ովքեր կօգտվեն տվյալ ծրագրից, 125 000 է: Ծրագրի բյուջեն կազմում է 150 միլիոն լարի:
300 լարիի չափով միանվագ օգնություն
300 լարիի չափով միանվագ օգնություն կստանան այն հաստատությունների աշխատակիցները և այն անհատ ձեռներեցները, ովքեր եկամուտ չեն ստանա 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին ներդրված սահմանափակումների հետևանքով: Մոտ 100 հազար մարդ կօգտվի այս ծրագրից, բյուջեում նախատեսված է 30 միլիոն լարի:
600 լարիի չափով փոխհատուցում
Վերոնշյալ օգնությունը կստանան հետևյալ անձինք
· Սոցիալական գործակալույթան կարիքավորների ցուցակում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքները, ում վարկանիշային միավորը 65 000-ից 100 000 է, պետությունից վեց ամսվա ընթացքում կստանան 100 լարի (այս փոխհատուցումը որոշվելու է ըստ ընտանիքի անդամների քանակի) նպաստ: Այս ծրագրից կօգտվի մինչև 72 000 ընտանիք (220 անձ), իսկ բյուջեն նախատեսում է 55 մլն լարի:
· Բացի այդ, 0-ից 100 000 միավոր ունեցող բազմազավակ ընտանիքները, ովքեր ունեն երեք կամ ավելի անչափահաս, մինչև 16 տարեկան երեխաներ, վեց ամսվա ընթացքում պետությունից նույնպես կստանան 100 լարի օգնություն: Հաշվարկված է, որ այս օգնությունից կօգտվի 24 000 ընտանիք: Բյուջեն 15 միլիոն լարի է:
· Բացի այդ, 6 ամսվա (հունվարից մինչև հունիս) ընթացքում 100 լարի օգնություն կստանան մինչև 18 տարեկան սահմանափակ կարողություններ ունեցող անձինք: Այս ծրագրից կօգտվի 43 000 մարդ: Բյուջեն կազմում է 27 միլիոն լարի:
Վարկերի հետաձգում
Կհետաձգվեն այն անձանց վարկերը, ովքեր կորցրել են իրենց եկամուտներն այն պատճառով, որ աշխատում են այն հաստատություններում, որոնց աշխատելու իրավունքը սահմանափակվել է 2020 թվականի դեկտեմբերի և 2021 թվականի հունվարի նոր սահմանափակումներով: