Վրաստանի խորհրդարան է ներկայացվել 2021 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակը: Հարկ է նշել, որ պետական բյուջեի վերջնական տարբերակում ներառված ենն նաև համաճարակի հետ կապված ծախսերը:
Հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի ծավալը, համեմատած 2020 թ.-ի հաստատված բյուջեի հետ, աճել է 221,9 մլն լարիով և կազմում է 18 384,5 մլն լարի, որտեղից ակնկալվում է, որ ավելի քան 890 մլն լարի ուղղվելու է նոր կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման և դրա պատճառած ճգնաժամի դեմ:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն պետական բյուջեի նախնական տարբերակի, որում 2021 թ. տնտեսական աճը կանխատեսվում էր 5%-ի սահմաններում, բյուջեի նախագծի վերջնական տարբերակում նշվում է, որ, համաձայն առկա կանխատեսումների, 2021 թ.-ին իրական ՀՆԱ-ի աճը սպասվում է 4.3%-ի սահմաններում, իսկ միջնաժամկետ կտրվածքով` միջինը 5,5%-ի սահմաններում:
Ինչ վերաբերում է բյուջեի հարկային եկամուտներին, ապա 2021 թվականի նորացված կանխատեսման համաձայն, անվանական արտահայտությամբ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 12,045,0 մլն լարի, ինչը 155 մլն լարիով պակաս է 2021 թվականի պետական բյուջեի առաջին տարեբերակից: Ինչպես բացատրվում է փաստաթղթում, կրճատումը պայմանավորված է հարկային արտոնությունների ազդեցությամբ, որոնք սպասվում են մասնավոր հատվածի համար հակաճգնաժամային ծրագրի նոր փուլի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի ավարտին «Տնտեսական ազատության մասին» Վրաստանի օրգանական օրենքով որոշված կառավարության պարտքը որոշվում է ՀՆԱ-ի 60,1%-ով: Ինչ վերաբերում է պետական պարտքի առավելագույն չափին, ապա 2021 թվականի վերջին այն որոշվել է 33,680,1 մլն լարի, այդ թվում` պետության արտաքին պարտքը` 27,734,2 մլն լարի, իսկ պետական ներքին պարտքը` 5,945,8 մլն լարի: Ինչպես նշվում է պետբյուջեի նախագծի բացատրական գրության մեջ, հետագա տարիներին պարտքը փոքր-ինչ կնվազի, և 2024 թվականին այն կկազմի ՀՆԱ-ի 57,6%-ը: