19-րդ դարի լեգենդար մարզիկի մասին Ախալքալաքի շրջանում հայտնի է ոչ բոլորին, հսկայի սերունդը համարյա վերացել է, բայց լեգենդը նրա հսկայական ուժի մասին իր հայրենի Վաչիան գյուղում փոխանցվում է սերնդից սերունդ:

Ախալքալաքի շրջանի յուրաքանչյուր գյուղ ունի իր լեգենդը. մարդ, վայր, իր կամ էլ իրադարձություն, որի մասին սովորաբար սիրում են գյուղում պատմել, հաճախ չափազանցնելով կարևորությունը: Իմանալով Վաչիան գյուղի զարմանալի լեգենդի մասին, մենք ուղևորվեցինք այնտեղ: Վաչիանը Ախալքալաքի շրջանի մեծ գյուղերից է, դրա համար էլ տեղեկատվությունը որոշեցինք ստանալ դպրոցից, որտեղ պատահաբար հանդիպեցինք հսկա Յադիկի հետնորդին:

Ինչպես հայտնի դարձավ` մարդ-լեգենդը ապրել է Վաչիանում 19-րդ դարում: Մարդը, որ գերհզոր ուժի տեր էր, համարվում է Մելտոնյանների 3 ընտանիքների նախնին: Ընտանիքներից մեկը ապրում է քաղաք Ախալքալաքում, երկրորդը տեղափոխվել է Ռուսաստան, իսկ երրորդ ընտանիքը կրկին ապրում է Վաչիան գյուղում:
yadik peizaj
«Իհարկե նա իրական մարդ էր, անհավատալի ուժի տեր էր, բայց նրա մայրը իրենից ավելի ուժեղ էր: Նրա մասին քիչ բան գիտենք, միայն այն, ինչ պատմել են մեծերը: Տեղեկատվությունը նրա մասին շատ քիչ է, հայտնի է միայն այն, ինչ անցել է բերնից-բերան: Իր ժամանակներում նա հայտնի մարդ էր: Ես հորեղբայր եմ ունեցել, ով չի վերադարձել պատերազմից, նա էլ ուժեղ էր և ասում էին, որ իմ հորեղբայրը ուժը ժառանգաբար ստացել է Յադիկից: Նա բոյով, վայելչակազմ էր», – պատմում է հսկայի բարեկամուհի՝ Սուսաննա Մելտոնյանը:
Yadik1
Յադիկի մասին հայտնի է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններից մեկի, Վաչիան գյուղի բնակիչ Վարդ Բեգրակյանի հուշերից: Վերջինիս տղայի խոսքերով, վետերանը գրի էր առնում ամեն ինչ` հարցնելով իր համագյուղացիներին:

Վարդ Բեգրակյանի գրքից. «Խուլոջենց Յադիկի նախնիները, այդպես էին անվանում Սահակ Հարությունի Մելտոնյանին, Կարնո գավառի Տվանջ գյուղից էին: Ապրել է մոտավորապես 60-70 տարի, մոտավորապես 1815-1885 թվականներին: Նրա ծնողները` Հարությունը ու Գյուլիզարը ունեին 2 աղջիկ ու 4 տղա: Յեդիգար / Յադիկ/ մականունը` այսինքն վերջին հույս, ստացել է այն պատճառով, որ միակն էր, ով կենդանի էր մնացել Մելտոնյանների երեխաներից: Երկուսուկես մետր հասակ ուներ, 150-200 կիլոգրամ քաշ: Նրան անվանում էին նաև «երկար ձեռքեր»: Կա վկայություն, որ նա 100 կգ աղը մեջքին Ալեքսանդրապոլից /այժմյան Գյումրի/ հասել է մինչև իր հայրենի Վաչիան գյուղ»:

Յադիկի անհավատալի ուժի մասին առաջին անգամ հայտնի է դարձել, երբ նա 19-20 տարեկան էր: 1884 թվականին հատուկ նրա հետ մրցելու համար Վաչիան է ժամանել այն ժամանակներում հայտնի ուժի տեր ըմբիշ Գլատոչելին, ով մերժեց պայքարել տեղի հսկայի հետ` ձեռքով բարևելուց հետո: Այն ժամանակ Գլատոչելին 34, իսկ Յադիկը արդեն 70 տարեկան էր: Իսկ Թիֆլիսում նա հայտնի էր «Դուշեգուբ Կրո» անունով, քանզի հաճախ էր մահացու հարվածներ հասցնում իր մրցակիցներին: 1860 ական թվականներից նա արդեն հայտնի էր Ջավախքի սահմաններից դուրս և նրան հովանավորում էր Վրաց Էրեկլե թագավորի զարմիկը:

«Ուժը նա ստացել է մայրական կողմից: Այն ժամանակ մարդիկ խեղճ էին ապրում, չնայած նրան` որ նա մեծ ուժի տեր էր` սոված էր մնում: Նրա մասին լեգենդներից մեկը ասում, որ հող էր մշակում, երբ նրան մոտեցավ մի թուրք, ով գյուղ էր ժամանել նրա հետ մրցակցելու: Մոտենալով Յադիկին` նա հետաքրքրվում է, թե որտեղ է ապրում Յադիկը: Յադիկը հանել է կենդանու վրայից գութանը և դրանով ցույց է տվել իր տան կողմը ու ասել` Յադիկը տանը չի, բայց, որ հյուրը կարող է մնալ այնտեղ: Թուրքը զարմացել է նրա ուժից, մտածելով` եթե սա այսպիսի ուժի տեր է, ապա ինչպիսին կլինի Յադիկը: Հետո գնում է Յադիկի տուն, ասում նրա մորը, որ եկել է մրցելու նրա որդու հետ: Երեկոյան հյուրը հանում է գնդախաղի թիակը, Յադիկի մայրը բարձրացնում է սյունը ու հյուրի թիակը դնում սյան տակ: Առավոտյան երբ հյուրը տեսնում է, որ Յադիկի մայրը թաքցրել է թիակը սյան տակ, վախենում է` թե, եթե մայրը այդպիսի ուժի տեր է, ինչ կարող է լինել տղան` հեռանում է», – պատմում է Վարդ Բեգրակյանի տղան` Վահանը:
yadik2
Այդպիսի լեգենդները Յադիկի մասին շատ են. մի դեպքում նա փրկում է քարավանը ավազակներից և մրցում նրանցից ամենաուժեղի հետ Հավլաբարում, մի ուրիշ դեպքում նա բարձրացնում է ժայռը ու փոխում ջրի հունը` փրկելով իր գյուղը ջրի տակ անցնելուց, բայց ամենաողբերգական լեգենդը եղել է նրա համար ճակատագրական:

«Մրցույթներից մեկի ժամանակ Յադիկը զգում է, որ իր տղան` Գրիգորը, հաղթելու է իրեն, բարկանում և այնպես է հարվածում, որ վերջինս մահանում է. կամ ներքին արյունահոսությունից կամ էլ օրգանների վնասումից: Նրա միակ տղան էր: Շատ դժվար է տանում տղայի մահը ու դրանից հետո երկար չի ապրում», – պատմեց Վահան Բեկրակյանը:
yadik4
Վաչիան գյուղում այսօր էլ կանգնած են Յադիկի քարերը, առասպելի համաձայն հսկան բերել է դրանք մինչև այդտեղ, որտեղ էլ գտնվում են մինչև այսօր:

Քրիստինե Մարաբյան