Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:

Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
– առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
– դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով գրավված տարածքներից,
– պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
– Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։