Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն այսօր ընթանում է Վրաստանի 17 միամանդատ ընտրատարածքներում:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միակ ընտրական սուբյեկտն է, որը մասնակցում է երկրորդ փուլին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հանել են իրենց թեկնածուներին: Նրանք չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի լեգիտիմությունը՝ պնդելով, որ արդյունքները կեղծվել են: Իշխանության ընդդիմախոսները կոչ են արել իրենց կողմնակիցներին «ամբողջովին անտեսել» քվեարկությունը:
Չնայած ընդդիմության որոշմանը, բոլոր թեկնածուների անունները, ովքեր անցել են երկրորդ փուլ, միևնույն է կլինեն քվեաթերթիկներում: Ըստ այդմ, տեսականորեն ընդդիմադիրներ նույնպես կարող են ընտրվել:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների, հինգ կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներ պետք է ընդդիմանային «Վրացական երազանքի» թեկնածուներին. «Միասնական ազգային շարժում – ուժ միասնության մեջ է» (12 մեծամասնական ընտրատարածքներում), «Եվրոպական Վրաստան» (երկու ընտրատարածքում), «Գիրչի», «Քաղաքացիներ», «Լեյբորիստական կուսակցություն» (մեկական թեկնածու երեք ընտրատարածքներում):
Եթե բոյկոտ չհայտարարվեր, ընդդիմադիր կուսակցությունները երկրորդ փուլում կսատարեին միմյանց թեկնածուներին: Սա մեծապես կբարձրացներ նրանց հաղթելու հնարավորությունները:
Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի՝ Թբիլիսիի բոլոր ութ մեծամասնական ընտրատարածքներում, ինչպես նաեւ ըստ տարածաշրջանների ինը ընտրատարածքներում չէր հաջողվել որոշել հաղթողներին: Դրանք են`Թելավի-Ախմետա-Ղվարելի-Լագոդեխի, Մցխեթա-Դուշեթի-Թիանեթի-Կազբեգի, Ռուսթավի-Գարդաբանի, Խաշուրի-Քարելի, Քութայիսի, Զեստափոնի-Բաղդաթի-Թերջոլա-Տղիբուլի, Բաթումի, Խուլո-Շուախևի-Քեդա-Խելվաչաուրի և Զուգդիդի: