Անվտանգության և արտաքին քաղաքականության փորձագետների վրացական հանրությունը հայտարարել է Վրաստանում ամերիկյան զորքերի, մշտական հիմունքներով, տեղակայելու անհրաժեշտության մասին: Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատող, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության նախկին դեսպան Գիորգի Բադրիձեն այդ փորձագետներից մեկն է: Jnews- ը նրա հետ զրուցել է Վրաստանում ԱՄՆ զորքերի տեղակայման, օգուտների ու վտանգների, և այլևայլ հարցերի շուրջ:

Մինչ այս պահը Վրաստանում փորձագիտական շրջանի օրակարգում այս հարցը բարձրացված չէր, ինչով է պայմանավորված ամերիկյան զորքը տեղակայելու անհրաժեշտության վերաբերյալ փորձագետների ուղերձը հենց հիմա, և ում նախաձեռնությունն է սա:

– Այս ուղերձի պատճառը պետքարտուղար պարոն Պոմպեոյի այցն էր, իսկ իրական պատճառն այն է, որ, ակնհայտ է, այն մարդիկ, ովքեր նախաձեռնել են այս ուղերձը, մեծ հույսեր չեն տեսնում, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը նպատակաուղղված առաջ կտանի Վրաստանի ազգային շահերը, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները, աշխարհաքաղաքական այս փոփոխությունների լուրջ ֆոնին, որին մենք ականատես ենք լինում մեր տարածաշրջանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահները կգտնվեն Հարավային Կովկասում առնվազն 5 տարի, արդյոք չկա սպառնալիք, որ ԱՄՆ-ը զորքերի առկայությունը կարող է տարածաշրջանը վերածել «գերտերությունների համար ռազմադաշտի:

– Ցավոք սրտի, անձամբ ես համոզված եմ, որ բոլոր գործողությունները, որոնք Ռուսաստանը կատարեց սկսած 1990 թ.-ից, համենայն դեպս, Վրաստանի նկատմամբ, ագրեսիվ գործողությունները, որոնք միտված էին իսկական անկախության կանխմանը և հաջողակ պետության կառուցմանը Վրաստանում, այս բոլոր գործողությունները կատարվեցին և հնարավոր դարձան միայն այն պատճառով, որ Ռուսաստանն այստեղ իրեն քարտ-բլանշ զգաց: Նման գործոններից խուսափելու համար, մի կողմից, Արևմուտքը փորձում էր նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և շատ հաճախ անտեսում էր նրա ագրեսիվ գործողությունները, մյուս կողմից էլ, Ռուսաստանի վրա ազդեցության այլ մեխանիզմներ չկային: Կարծում եմ, որ այժմ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է վերականգնվել, եթե Վրաստանն իր տարածքում ունենա նաև իր գործընկերների ներկայությունը: Այս պահին այստեղ դա բացակայում է: Ի դեպ, ինչպես Ռուսաստանը վերաբերվեց այս հակամարտությունում իր դաշնակցի՝ Հայաստանի նկատմամբ ղարաբաղյան պատերազմում, սա դաս պետք է լինի բոլորի համար: Եվ Վրաստանն իր տարածքում պետք է ունենա իր դաշնակցին:

Ինչպես եք գնահատում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացումը և այս հարցում Ռուսաստանի մասնակցությունը:

– Կոնֆերանսի ընթացքում իմ հայ գործընկերներից լսեցի, որ նրանք Ռուսաստանից ակնհայտորեն էլ ավելին էին ակնկալում, և որ Ռուսաստանը հայտարարել է, որ պարտավոր չէ պաշտպանել հայերին Հայաստանի պաշտոնապես ճանաչված սահմաններից դուրս: Շատերի համար սա առնվազն հիասթափություն էր, համենայն դեպս, շատերը կարծում են, որ Ռուսաստանն իրենց դավաճանել է: Այլ բան է, որ սա զուտ իրավական հարց է: ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորվածությունը չի տարածվում Հայաստանի սահմաններից դուրս: Բայց վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանին ներկայացնում էր որպես իր կարևոր ռազմավարական դաշնակից ու պաշտպան: Բայց ինչպես տեսնում ենք, դա այդքան էլ այդպես չէ: Ռուսաստանը գործեց զուտ իր շահերից ելնելով, և խաղաղապահ զորքերի առկայությունն արտացոլում է ամենայն հավանականությամբ Ռուսաստանի շահերը, այլ ոչ թե Հայաստանի և Ղարաբաղի հայերի պաշտպանությունը:

Որքանով հնարավոր է, որ Հարավային Կովկասը դառնա երկրորդ Սիրիա կամ Լիբիա:

– Որևէ սպառնալիք չկա: Ապակայունացման հիմնական սպառնալիքն այն է, երբ խախտվում է ուժերի միջև հավասարակշռությունը, երբ մի կողմն իրեն ազատ է զգում իր գործողություններում: ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կարող է լինել միայն հավասարակշռող գործոն: Քանի դեռ Ռուսաստանը համարում է, որ կարող է անպատժելիորեն և առանց հետևանքների ռազմական գործողություններ իրականացնել Հարավային Կովկասում, միշտ գայթակղություն կունենա ուժ գործադրել իր շահերից ելնելով, և ինչպես մինիմում մենք տեսանք այն, ինչ տեսանք, ոչ իր դաշնակիցների շահերից ելնելով:

Հարավային Կովկասում ռուս խաղաղապահների առկայությունը լարված է պահում Վրաստանին, ինչ հետևանքներ կարող է ունենա:

-Ես Վրաստանի համար սպառնալիք եմ համարում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում: Ռուսաստանի ներկայությունը Ղարաբաղում ոչինչ չի փոխում Վրաստանի համար, դա կազդի Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի, ինչպես նաև Հայաստանի վրա: Որքանով կարող են ռուս խաղաղապահները դիտվել հայերի կամ Ադրբեջանի համար որպես անվտանգության երաշխիք, ես չգիտեմ: Վրաստանը 1993 և 2008 թվականների շատ տխուր փորձն ունի: 1993 թ.-ին ռուս խաղաղապահները երաշխավորեցին զինադադարը Գագրայի շուրջ, մենք կորցրեցինք Գագրան, այնուհետև երաշխավորեցին զինադադարը Սուխումի շուրջ, Վրաստանը կորցրեց Սուխումը, և այսպես կոչված խաղաղապահների օգնությամբ մենք ստացանք էթնիկական զտումներ:

Ամերիկացի վերլուծաբան Լյուկ Քոֆֆին անցյալ տարի առաջարկել էր Ախալքալաքում տեղակայել ամերիկյան ռազմաբազա, Դուք ինչ եք ասում, բարձրացվել է այս հարցը Պոմպեոյին ուղղված ուղերձի քննարկման ժամանակ:

– Վրաստանում ամերիկյան զորքերի տեղակայումը պետք է լինի շատ բծախնդիր քննարկումների և բանակցությունների արդյունք, որոնք հաշվի կառնեն ամբողջ Վրաստանի, այդ թվում՝ Ախալքալաքի բնակչության շահերը: Ես անձամբ կարծում եմ, որ ամերիկյան բազայի առկայությունը, օրինակ, Ախալքալաքի մոտակայքում կամ հենց Ախալքալաքում, կլինի երաշխիք տեղի բնակչության անվտանգության համար, եթե իհարկե հաշվի չառնենք ռուսական քարոզչությունը, որը խորհրդային ժամանակներից ի վեր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացնում էր որպես սատանա: Կարծում եմ, ամերիկյան զորքերի առկայությունը միայն կայունացնող գործոն կլինի, այդ թվում նաև՝ Ախալքալաքի համար: