ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր Վրաստան կայցելի: Ինչպես հայտնի է, նա Թբիլիսիում կինի օրվա երկրորդ կեսին:

Պոմպեոն ծրագրած հանդիպումները կանցկացնի նոյեմբերի 18-ին:

Վերջինս հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Ինչպես նաև նա կհանդիպի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության՝ պետքարտուղարի Վրաստան այցի շրջանակներում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ կքննարկվեն գերակա ուղղություններն ու հեռանկարները երկրների միջև առկա ամուր համագործակցության հետագա խորացման ուղղությամբ ինչպես պաշտպանության, այնպես էլ անվտանգության և այլ ոլորտներում՝ երկխոսությունը, կրթությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը:

Այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Վրաստանի և տարածաշրջանի անվտանգային իրավիճակը և երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

«ԱՄՆ պետքարտուղարի այցը Վրաստան ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության կայունությունը և երկրների պատրաստակամությունը համագործակցության` ընդհանուր արժեքների և տեսլականի հիման վրա գործընկերության հետագա ամրապնդման նպատակով: Այցի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվելու է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հետագա ժողովրդավարական զարգացումը և մեր երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը», – ասվում է տեղեկատվության մեջ: