Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն ասել է, որ այսօր իր օրակարգում բացառապես Հայաստանի անվտանգության եւ կայունության ապահովման հարցն է:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բացառում է բռնությունը ընդդիմախոսների նկատմամբ եւ նշել է, որ եթե «ընդդիմությունը եւս բացառի բռնությունը, այդ դեպքում կարող ենք համատեղ ուժերով քննարկել այս իրավիճակից դուրս գալու տարբերակները»:
«Որեւէ կասկած չկա, որ ես եմ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն: Ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ, պայմանական ասած, ժողովրդի դատի առջեւ: Բայց որպեսզի ժողովուրդը ճիշտ եզրահանգումներ անի, այն պետք է տիրապետի բոլոր մանրամասներին», – ասել է վարչապետը:
Խոսելով պատերազմի պատճառների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը գտնվում էր տարածքների հանձնում ոչնչի դիմաց տրամաբանության մեջ»:
«Իմ վարած քաղաքականությունը եղել է չհամաձայնել այդ տրամաբանության հետ, փորձել փոխել այն: Ցավոք, դա մեզ չի հաջողվել, որովհետեւ ձեւավորվել էր միջազգային կոնսենսուս առ այն, որ տարածքները պետք է հանձնվեն առանց նախապայմանների», – ասել է վարչապետը:
Վարչապետը հերքել է պնդումներն այն մասին, որ «Շուշին հանձնվել է»: «Դավադիր որոշումներ չեն եղել», – շեշտել է նա: