Թափված տերևների այրումն օդի աղտոտման պատճառներից մեկն է, և մաքրության այս մեթոդը Վրաստանում ըստ օրենքի պատժվում է:
Ջավախքում ուշ աշուն է, կարճ ժամանակում ծառերի տերևները գունավորվել են դեղին, նարնջագույն և կարմիր գույների ամենատարբեր երանգներով, ինչպես նաև ծառերը արագ տերևազրկվում են՝ ստեղծելով դեղին, ոսկեզօծ արահետներ ամբողջ քաղաքով մեկ:
Ախալքալաքում հիմնականում մեկ հարկանի սեփական տներ են, և գրեթե ամեն մի տուն ունի իր բակը` մրգատու և այլ ծառերով: Տարվա այս եղանակին յուրաքանչյուր տանտեր տերևները հավաքում է և որպես բակը մաքրելու միակ միջոց է համարում դրանց այրումը: Սակայն նման զբաղմունքը հղի է բնության համար վնասաբեր հետեւանքներով:
Բանն այն է, որ երբ չոր տերևները և կենցաղային այլ թափոններն այրվում են, բուսական մնացորդներից մեկ տոննա ծուխը մթնոլորտ է արտանետում 9 կգ միկրոմասնիկներ, որոնք ազոտի օքսիդի (N2O) հետ փոխազդեցության արդյունքում առաջացնում են սմոգ: Սմոգը շատ վտանգավոր է մարդու առողջության համար, որը առաջացնում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ինսուլտը, բրոնխային ասթման, ստորին շնչուղիների վարակները, թոքերի և կոկորդի քաղցկեղը: Եթե տերևների հետ միասին նաև այրվում են պլաստմասե կամ պլաստիկե շշեր, ապա առաջանում են մի շարք թունանյութեր, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի, լյարդի և այլ ներքին օրգանների աշխատանքի վրա: Երեխայի մարմնի համար մուրը 6 անգամ ավելի վտանգավոր է:
Ուտիլիզացման այս եղանակը թունավորում է և օդը, և բնահողը, նվազում է թթվածնի քանակը, մեծանում է ամոնիակի և մեթանի քանակը:
Տերևները վերամշակելու երկու եղանակ կա՝ տերևները հավաքել մեկ տեղում և դրանցից պատրաստել կոմպոստ՝ էկոլոգիական պարարտանյութ, կամ պարզապես թողնել հողի վրա փտել՝ դրանով իսկ ստեղծելով բնական պարարտանյութ:
Ախալքալաքում տերևների այրումը թափոնների վերացման հիմնական միջոցն է, բնակիչները չգիտեն, որ Թափոնների կառավարման մասին Վրաստանի օրենսգիրքը տերևների, այգիների կամ կենցաղային թափոնների այրման համար նախատեսում է 200 լարի տուգանք: Շատ դեպքերում մարդիկ չգիտեն բնության վրա դրա ազդեցության հետևանքների մասին, առավել ևս՝ չգիտեն տուգանքների մասին:
Առավել մանրամասն՝ «Umbrella» հասարակական կազմակերպության տեսանյութում: