Լեռնային Ղարաբաղում 44 օր պատերազմ էր ընթանում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ, և այս ամբողջ ընթացքում Արցախից լրագրող Լիկա Զաքարյանը գրում էր օրագիր, որում արձանագրում էր պատերազմի ամեն մի օրը: Ներկայացնում ենք նոյեմբերի 10-ի նրա գրառումը՝ առանց փոփոխությունների:

«Պատերազմը գուցե և պաշտոնապես ավարտվել է, բայց ինձ համար այն դեռ շարունակվում է: Որոշումները, կետերը, քարտեզները, այս ամենը գլխումս չի տեղավորվում: Չեմ կարողանում գիտակցել, թե ինչ է տեղի ունենում: Ինձ մոտ այս ստադիան է, ինչպե՞ս են ասում: Հերքման ստադիան: Ամբողջ օրը ես անում եմ որոշակի գործեր, որոնք ամենևին էլ շատ կարևոր չեն, ես զբաղվում եմ այն ամենով, ինչով հնարավոր է զբաղվել, որպեսզի չմնամ մենակ մտքերիս հետ: Դիմացա մինչ այն պահը, երբ տեսա նոր «Արցախի» քարտեզը: Մենք բոլորս 44 օր ապրեցինք՝ առանց իմանալու, թե ով որտեղ է գտնվում, ինչն ում է պատկանում, ով ունի վերահսկողություն որոշակի տարածքների վրա: Եվ այսօր ես բախվեցի մեր նոր իրականությանը:

Ո՞վ եմ ես: Ո՞ր երկրի քաղաքացի եմ: Որտե՞ղ եմ ես ապրելու: Այսուհետ ես այս հարցերի պատասխանները չունեմ: Մտորում եմ այն մասին, որ այժմ Քարվաճառի տեսքով միջանցք կա Հայաստանի և Արցախի միջև: Կոստյումով տղամարդիկ որոշեցին, որ այն փոխանցում են նոյեմբերի 15-ին, իսկ մյուս ճանապարհը, որը Շուշիով է, մնում է փակ, և Շուշին շրջանցելու համար պետք է կառուցվի մեկ այլ ճանապարհ: Բայց կարծում եմ, որ սա հինգ օրվա բան չէ: Այսինքն՝ նոյեմբերի 15-ին Քարվաճառը տալիս են, Լաչինը դեռ բաց չէ, քանի որ այն Շուշիով է, իսկ Շուշիով չի կարելի, իսկ նոր ճանապարհը դեռ չեն կառուցել: Ի՞նչ է ստացվում: Նոյեմբերի 15-ից Արցախում մարդիկ կլինե՞ն անկլավում: Եթե ես ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, դա հենց այդպես էլ կա: Բայց գիտեք, ես չեմ ուզում ապրել Ադրբեջանի անկլավում…

Այսօր ամբողջ օրը ես ինձ բարոյալքված եմ զգում այն մտքից, որ թվում է, թե ես ոչնչի չեմ պատկանում… Դուք կարող եք ասել, չէ որ Ստեփանակերտը մնաց: Փաստացի, այո: Բայց դա նշանակություն չունի: Ես նույնքան անօթեւան փախստական եմ, որքան, ասենք, Հադրութի կամ Շուշիի երեխաներ են: Մենք բոլորս կորցրել ենք մեր տունն ու խաղաղությունը: Ըստ իս, մենք չենք կարող խաղաղ ապրել Ստեփանակերտում, եթե Շուշին նրանց է պատկանում: Եվ սրանք պաթոսային խոսքեր չեն, սա իրականությունն է: Ստեփանակերտում հնարավոր է ցեղասպանություն գործել մեկ գիշերվա ընթացքում, իսկ աշխարհը կհրապարակի միայն հայտարարություններ, որ նրանք կոչ են անում երկու կողմերին գտնել ընդհանուր լեզու: Դե այդ ընթացքում էլ մի կողմն այլևս կդադարի գոյություն ունենալ:

Երեկվանից ոչինչ չի փոխվել: Մենք կրկին անտուն, անտեսանելի մարդիկ ենք: Միակ բանը, հավանաբար այն է, որ քարտեզը տեսնելուց հետո բարձրացավ իրականության գիտակցումը: Բայց դա բավարար չէ:

Ինձ մեծացրել է տատիկիս: Նա ինձ համար թե մայր էր, թե հայր, թե տատիկ և թե ընկերուհի: Նա ինձ համար ամեն ինչ էր: Երբ նա մահացավ, ես երեք օր նույնիսկ արցունք չթափեցի: Ես չէի կարողանում ընդունել դա: Բայց երրորդ օրը, երբ նրան հուղարկավորեցին, երբ ես տեսա դագաղը, իսկ նրան՝ իմ ամենասիրելիին էլ դրա մեջ, ես քիչ էր մնում խելագարվեի… Կարծում եմ՝ հիմա էլ նույնն է: Երբ հետ վերադառնամ, տեսնեմ այդ ամենն իմ աչքերով, միայն այդ դեպքում ես կգիտակցեմ ու կհավատամ…»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարաության համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Աղդամի շրջանը և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում հայկական կողմից պահվող տարածքները ադրբեջանական կողմին են վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը վերադարձնում է Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին: