Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում տեղաշարժը կսահմանափակվի 22:00-ից մինչև 05:00-ն: Այս որոշումը կայացրել է Միջգերատեսչական համակարգող խորհուրդը նոյեմբերի 7-ին կայացած նիստում:

Սահմանափակումը կվերաբերեն հետիոտներին, ինչպես նաև տրանսպորտից և մասնավոր տրանսպորտային միջոցներից օգտվողներին:

Համակարգող խորհրդի որոշմամբ սահմանափակումը չի տարածվում` միջազգային բեռնափոխադրումների վրա, Գործառնական շտաբի հետ համաձայնեցված` այն անձանց և տրանսպորտային միջոցների վրա, որոնց տեղաշարժը ծայրահեղ կարևոր է ծառայողական պարտականությունների կատարման համար, այդ թվում` բժշկական և դեղագործական, ռազմավարական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև առաքման ծառայության առաքիչների վրա:

Խորհրդի որոշմամբ, բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչ 22:00-ն, բացառությամբ բժշկական և դեղագործական, ինչպես նաև ռազմավարական նշանակության օբյեկտների:

«Նաև, այս քաղաքներում հատուկ միջոցներ կձեռնարկվեն մունիցիպալ տրանսպորտում մարդկանց թիվը կրճատելու ուղղությամբ: Օրվա ընթացքում տրանսպորտի երթեւեկությունը չի սահմանափակվի», – ասվում է Համակարգող խորհրդի որոշման մեջ:

Ինչպես պարզաբանել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, տեղաշարժի սահմանափակումը խախտելու համար՝ լրացուցիչ կետային սահմանափակումների շրջանակներում, ֆիզիկական անձի համար նախատեսվում է 2000 լարի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանք: Ըստ նրա՝ վերոնշյալ պատժամիջոցները սահմանվել են կարանտինային միջոցառումների մասին օրենքով: