Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, վերջինս` կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է, հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:

«Ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին»,-գրել է ՊՆ խոսնակը:

Ստեփանյանը հայտնել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

Այս պահին Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: