Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր վստահություն է հայտնել, որ հայոց բանակը «փառքով է ավարտելու Շուշիի ճակատամարտը»։

«Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ, սակայն այն կարելի է համարել բավականին դրական», – ասել է նա, նշելով, որ մեր զորքերը թշնամուն թույլ չեն տալիս հաջողություն զարգացնել որեւէ ուղղությամբ։

Նրա խոսքով, մարտերը եղել են բավականին ինտենսիվ։ Նա նշեց, որ նախ հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով հետ են շպրտվել։

«Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան՝ որոշակի հաջողություններից հետո, մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել և հետ շպրտել ելման գծեր. թշնամին կրել է զգալի կորուստներ։ Շուշիի մեջ և շրջակա տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է։ Այսօր սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ։ Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին։ Բայց, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ ներկայացուցչի, այս պահին էլ մարտեր ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական, մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները. «Գիշերային ժամերին արդեն երրորդ, չորրորդ օրն է՝ Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է…։ Այս պահին մարտերը շարունակվում են»։