Հազարավոր մարդիկ են նոյեմբերի 8-ին հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի ցույցի։

Ամբիոնից հերթով ելույթ են ունենում ընդդիմության առաջնորդները, նրանց համերգով աջակցում են հայտնի երաժիշտներ։

Ընդդիմությունը կառավարությանը վերջնագիր է ներկայացրել․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան պետք է անհապաղ՝ ցույցի օրը, պաշտոնանկ արվի։ Հենց նրան են մեղադրում ձայների հաշվարկի ժամանակ զեղծարարությունների համար։

Կառավարությունն ընդդիմության վերջնագիրն աբսուրդ է անվանել։

Ընդդիմությունը նաև պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակում։

Եթե պահանջները չկատարվեն, ընդդիմությունը մտադիր է ցույցերը շարունակական դարձնել։ Խորհրդարանի շենքի մոտ արդեն վրաններ են բերվել։

Իրավիճակը բարդացնում է այն, որ վաղվանից՝ նոյեմբերի 9-ից, Վրաստանում տեղաշարժի կոշտ սահմանափակում է սահմանվում կորոնավիրուսով վարակման նոր մեծ ալիքի պատճառով․ արգելվելու է 22:00-ից մինչև 05:00-ն փողոցում գտնվելը։

Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այդ սահմանափակումները կիրառվում են հատուկ՝ ցույցերը կասեցնելու համար։ Նրանք մտադիր են ցանկացած դեպքում մնալ ցույցի վայրում։ Բոլոր մասնակիցներին կոչ են անում դիմակ կրել և աշխատել հեռավորություն պահպանել։

Ամբիոնի մոտ մեծ պաստառ է փակցված, որի վրա Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ձեռք-ձեռքի տված։

Աղբյուրը՝ JamNews