Հունիսի 12-ին, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով՝ Վրաստանի կառավարությունը ներմուծել էր նոր կանոններ, որոնք ներառում էին փակ հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելու պահանջը: Ժամանակավոր օրենքը խախտելու համար նախատեսվում էր 20 լարի (6 ԱՄՆ դոլար) տուգանք:

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն, մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ 20 811 մարդ տուգանվել է կարգուկանոնը չպահպանելու համար: Երեքշաբթի օրը մտցվեցին նոր սահմանափակումներ, համաձայն որոնց բժշկական դիմակներ կրելու պահանջը այժմ տարածվում է բոլոր հասարակական վայրերի վրա՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով COVID-19 նոր դեպքերի աճը: Խորհրդի նիստն անց է կացվել վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, ով ինքնամեկուսացման մեջ է գտնվում, քանի որ մի քանի օր առաջ նրա մոտ հաստատվել է կորոնավարակ: Չորեքշաբթի օրը նախորդ 24 ժամվա ընթացքում հաստատվել է 2295 նոր դեպք, ինչը նոր ռեկորդ է համարվում Վրաստանում: Երեքշաբթի օրը կատարված հայտարարությունից հետո Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն կոչ է արել քաղաքական ցույցերի մասնակիցներին պահպանել կարգուկանոնը և բժշկական դիմակներ կրել:

«Վիրուսը չի տարբերակում բողոքի ակցիան այլ հավաքներից… Նրա համար դրանք բոլորը նույնն են: Մենք բոլորս պետք է հոգ տանենք միմյանց առողջության մասին», – ասել է Գամղրելիձեն:

Չորեքշաբթի օրը «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) վրացական իրավապաշտպան խումբը քննադատել էր կառավարությանը՝ բաց տարածքներում բժշկական դիմակ չկրելու համար տուգանքներ կիրառելու առթիվ:

Նրանք մեղադրում են կառավարությանն առանց խորհրդարանի միջոցով նոր օրենք ընդունելու միջոցառումներ սահմանելու մեջ, ինչը, ըստ նրանց, խախտում է սահմանադրությունը և օրենքի գերակայությունը: Երեքշաբթի օրը ներկայացված այլ սահմանափակումները ներառում են ամբողջ հանրապետությունում ժամը 22:00-ից հետո սրճարանների և ռեստորանների աշխատանքի արգելքը: Նախկինում այս սահմանափակումը գործում էր վիրուսով վարակման օջախներում՝ Թբիլիսի, Մցխեթա, Բաթումի քաղաքներում և Իմերեթիի շրջանում, բայց ոչ ամբողջ Վրաստանում:

Բացի այդ, հեռավար ուսուցումը կշարունակվի մինչ նոյեմբերի 25-ը՝ Թբիլիսիի, Ռուսթավիի, Մառնեուլիի, Գարդաբանիի, Թելավիի, Գորիի, Քութայիսիի, Զեստաֆոնիի և Զուգդիդիի դպրոցներում:

Նյութը՝ «OC Media»-ից