«Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակներով թեկնածու Սումբատ Կյուրեղյանը կարծում է, որ Նինոծմինդայի №18.41.02 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպը ընդդիմության կողմից սադրանք է:

«Արարատը շատ անգրագետ մարդ է, նա շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր թեկնածու, յուրաքանչյուր կուսակցություն ունի իր «Դռնեդուռ» ծրագրի ցուցակը, սա օրինական ցուցակ է, որի հիման վրա մենք աշխատում ենք: Այդ ցուցակը քարոզիչների մոտ էր, նրանք դրանով ստուգում էին ակտիվությունը, ինչը շատ օրինական է: Նա միշտ մտածում է սադրանք կազմակերպելու մասին», – JNEWS-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց Սումբատ Կյուրեղյանը:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, Նինոծմինդայում ընտրություններն անցել են հանգիստ ու ժողովրդավարական մթնոլորտում:

«Մեր կողմից, մենք աշխատում էինք բացառապես ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, պարզապես մեր ընդդիմախոսները, ովքեր չեն սիրում պարտվել, իրենց տեղը չեն գտնում և հետապնդում են սադրանքների: Ես հասկանում եմ, որ հավանաբար այլևս չեն լինի այսպիսի ընտրություններ, շատ ժողովրդավարական ընտրություններ», – մեկնաբանում է նա: