Հայաստանից ստացած հայոց լեզվի և գրականության դասագրքերի ուշացման, քիչ քանակության և ուսման ծրագրին անհամապատասխան լինելու փաստը բացատրում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

Մեր խնդրանքին, որ Սփյուռքի նախարարությունից բացատրեն, թե ինչու Ջավախքում երկար սպասված հայոց լեզվի և գրականության դասագրքերը չէին համապատասխանում պահանջին, մեզ ասացին, որ դրա բացատրությունը տրվել է armenpress լրատվականին:

«Ներկայացված ցանկի հիման վրա կրթօջախները ձևավորում են իրենց պատվերները և ուղարկում ՀՀ սփյուռքի նախարարություն, որը ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք է բերում պատվիրված գրականությունը և անվճար տրամադրում է սփյուռքի հայկական համայնքներին»,- տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գրում է armenpress-ը:

ՀՀ սփյուռքի նախարարության ուղարկած գրքերի ցանկի հիման վրա 2014-ին Վրաստանի կրթօջախներից և շրջանային ռեսուրս կենտրոններից կենտրոնացված կարգով ստացվել է շուրջ 15 հազար կտոր գրականության հայտ:
«Այդ հայտերը բավարարելու համար առանձնացվել է շուրջ 70 անուն գրականություն, որոնց, որպես հումանիտար բեռ, Վրաստան առաքելու և ռեսուրս կենտրոնների միջոցով կրթօջախներին տրամադրելու համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի և բանակցել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ` նրանց ուսումնասիրման և համաձայնեցման նպատակով փոխանցելով այդ գրքերի մեկական օրինակներ»,- պարզաբանեցին սփյուռքի նախարարությունից:

Ինչպես տեղեկացրել են նախարարությունից, Վրսատանի հայկական դպրոցների համար ուղղարկված գրքերի ցանկը՝ 16 անուն գրականություն հաստատել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ներկայացված 70 անուն գրականությունից:

Անդրադառնալով jnews.ge -ի հրապարակած նյութում տեղ գտած կարծիքին, թե դասագրքերը չեն համապատասխանում ծրագրին, նախարարությունից նշել են. «Բնականաբար այդ գրքերը չէին կարող ամբողջովին համապատասխանել Վրաստանի կրթական ծրագրերին, քանի որ դրանք չեն ստեղծվել հատուկ Վրաստանի հայկական կրթօջախների համար: Դրանք ուսումնաօժանդակ նյութեր են, որոնց նպատակը հայոց լեզվի և գրականության ավելի խորը յուրացմանն օժանդակելն ու նպաստելն է, այլ ոչ թե փոխարինել հիմնական դասագրքերը: Ջուլիետա Գյուլամիրյանի հեղինակությամբ հրատարակված դասագրքերը և աշխատանքային տետրերը ներառված են եղել ստացված հայտերում: Տեղեկությունն այն մասին, որ դրանք չեն օգտագործվում Հայաստանի կրթօջախներում, չի համապատասխանում իրականությանը»: Գրում է armenpress-է:

Այս հարցերի Վրաստանի կրթության և գիտության նախարարության բացատրությունը jnews.ge -ն կներկայացնի առաջիկայում: