Նրանք հավակնում են Ջավախքի բնակիչների ձայներին: Ովքեր են նրանք, ինչ բիզնեսի և ունեցվածքի են տիրապետում, քաղաքականությունում ինչ փորձ և ինչ կրթություն ունեն: Ինչպես նաև որոշ այլ մանրամասներ Վրաստանի 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունների թեկնածուների վերաբերյալ JNEWS-ի նյութում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքի մեծամասնական թեկնածուներին և Ջավախքից կուսակցական ցուցակներով առաջադրված թեկնածուներին: Թեկնածուներին ներկայացնում ենք ըստ իրենց համարների` աճման կարգով:

Արսեն Կարապետյան

«Բաքրաձե, Ուգուլավա, Բոկերիա – Եվրոպական Վրաստան – Շարժում հանուն ազատության» կուսակցության մեծամասնական թեկնածու

Կենսագրություն

Արսեն Կարապետյանը ծնվել է 1982 թվականի հուլիսի 19-ին: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է: Ամուսնացած է, ունի 3 երեխա: 2002-2007 թվականներին աշխատել է Վրաստանի ազգային անվտանգության հակակոռուպցիոն վարչությունում: 2007 թվականից մինչ 2013 թվականը զբաղեցրել է Նինոծմինդայի ոստիկանության բաժնի պետի պաշտոնը:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

2020 թվականի սեպտեմբերի 4-ին նա ներկայացրել է նվիրատվության հիմքով ստացած անշարժ գույքի գրանցման 2 հայտ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում 2000 քառ / մ գյուղատնտեսական հողատարածք և Ախալքալաքի Թումանյան փողոցում գտնվող օբյեկտ, որը Վրաստանի անշարժ գույքի ռեեստրում նշված է որպես Վրաստանի ազգային սոցիալական ապահովագրության հիմնադրամի Ախալքալաքի մասնաճյուղի գրասենյակ:

2017-ին նա գրանցել է երկու կազմակերպություն՝ ոչ առևտրային ( շահույթ ստանալու նպատակ չհետապնդող) իրավաբանական անձ Ախալքալաքի Off Road ակումբը և Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի ժողովրդավարական կառավարման զարգացման հիմնադրամը: Մի կազմակերպությունում նա նախագահ է, մյուսում՝ որպես գլխավոր տնօրեն:

Պաշտոնապես գրանցված որևէ այլ ձեռնարկություն կամ բիզնես չունի, բայց նա զբաղվում է ներմուծված մեքենաների վերավաճառքով:

Քաղաքական գործունեությունը

2016 թ-ի խորհրդարանական ընտրություններում նա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական թեկնածու էր:
2020 թվականին առաջադրվել է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից որպես մեծամասնական թեկնածու:

Հարց-պատասխան

1. Ինչու հեռացաք «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից և միացաք Եվրոպական Վրաստանին:
2. Վերջին խորհրդարանական ընտրություններին դուք առավել քան վստահ էիք ձեր հաղթանակի մեջ, բայց չհաղթեցիք, ինչ է փոխվել, ինչու եք Դուք կրկին վստահ Ձեր հաղթանակում:

– Նրանց տեսակետներում շատ բան ինձ դուր չէր գալիս, չեմ ընդունում, երբ թիմում մեկ մարդն է որոշում, թե ինչը, ինչպես և երբ անել: Խոսքը նրանց ղեկավարի մասին է: Երկրորդը՝ դուր չեկավ նրանց վերաբերմունքը մեր տարածաշրջանի նկատմամբ, որն այսօր դուրս ցայտեց: Ես այս կուսակցությունը 2016 թ-ին լքեցի մեր տարածաշրջանի և ժողովրդի հանդեպ նրանց վերաբերմունքի պատճառով:

– Վստահությունն ու տրամադրությունը տալիս է ժողովուրդը, ես չեմ հորինում: Այսօր ես ավելի վստահ եմ, քանի որ զգում եմ, որ մարդիկ արդեն տարբերում են սևը սպիտակից, ճշմարտությունը՝ կեղծիքից: Ժողովուրդը փոփոխություններ է ուզում, և դրանից միակ ելքը ես եմ՝ իմ թեկնածությունը, քանի որ մարդկանց դուր չեկավ այն, ինչ առաջարկում էին այլք: Կոնկրետ, ես առաջարկում եմ դառնալ պետության և տարածաշրջանի կառավարման գործում լիարժեք քաղաքացիներ …

Դավիթ Ռստակյան

«Տրիբունա» կուսակցության համամասնական ցուցակներով պատգամավորի թեկնածու: Ցուցակում 13 համարն է:

Կենսագրություն

Դավիթ Ռստակյանը ծնվել է 1961 թվականին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մասնագիտությամբ ծրագրավորող է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

Դավիթ Ռստակյանը բիզնես չունի, սակայն 2013 թ-ին նրա կնոջ` Լուսինե Մուրադյանի անունով գրանցվել է «Ռիմլիան» ՍՊԸ-ն:

Քաղաքական գործունեությունը

Դավիթ Ռստակյանը Ջավախքի ամենաակտիվ հասարակական-քաղաքական դեմքերից մեկն է: 1999 թ-ին նա ստեղծեց «Վիրք» քաղաքական կազմակերպությունը, որը չկարողացավ գրանցել որպես կուսակցություն: 1998-2002 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորն էր՝ «Ձախ կուսակցությունից»: 2006-2010 թվականներին եղել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անկախ պատգամավոր:

Հարց-պատասխան

1. Երկար ժամանակ դուք բացակայում էիք քաղաքական ասպարեզից, որն էր պատճառը, ինչու որոշեցիք կրկին վերադառնալ:

2. Ինչ նպատակով եք անդամագրվել «Տրիբունա» կուսակցությանը:

– Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ երկար ժամանակ բացակայել եմ քաղաքականությունից, միշտ եղել եմ, պարզապես նախկինում լրատվամիջոցներն ավելի ակտիվ էին, հարցնում էին, ես էլ պատասխանում էի: Ինձանից շատ ոչ ոք չգիտի այս շրջանի մասին, և ինձանից ավելի ակտիվ անձի չեմ ճանաչում այս շրջանում:

– Մեր հետխորհրդային պատմության մեջ չի եղել մի կուսակցություն, որը կմիավորեր Վրաստանի բոլոր հայերին, ինչպես դա տեղի ունեցավ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլն: Ամենուր, հայերն ունեն լուրջ լոբբի, ինչու Վրաստանում մեզ չի հաջողվում ստեղծել այն: Այսօր իմ կուսակցության հետ սերտ հարաբերություններն ասում են, որ անհրաժեշտ է փորձել ստեղծել այնպիսի ուժ, որն իսկապես կինտեգրվի Վրաստանի կառույցներին, այս դեպքում խորհրդարանում ունենա իր ներկայացուցիչը: Կարծում եմ, Ջավախքի իրական տրամադրությունները երբեք չեն ներկայացվել խորհրդարանում, քանի որ պատգամավորների ընտրմանը միջնորդել են պետական կառույցները:

Մելիք Ռայիսյան

«Միասնական ազգային շարժում – Միավորված ընդդիմություն «Ուժը միասնության մեջ է» դաշինքից մեծամասնական թեկնածու

Կենսագրություն

Ծնվել է 1961 թ-ին: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Քաղաքականություն մտնելուց առաջ մինչ 1993 թվականը, նա աշխատել է Ախալքալաքի ռուսական ռազմաբազայում՝ ԲՇՄ-ում:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

2013 թ.-ին նա գրանցել է «Արդարություն և օրինականություն» ոչ առևտրային իրավաբանական անձը:
Տիրապետում է «AG Trade House» ՍՊԸ- ի 50% -ին, որը գրանցվել է 2009 թ–ին և լուծարվել է գրանցվելը մերժելու արդյունքում: Նա նաև «Ալեքս իմպորտ ընկերություն» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է:

2008 թվականին, իր որդու՝ Կառլոս Ռայիսյանի անունով, գրանցել է բենզալցակայան Ախալցիխե-Բակուրիանի ճանապարհին, ինչպես նաև օբյեկտ, որը գտնվում է Ախալքալաք Ախալցիխե ճանապարհին, այն Հանրային ռեեստրում գրանցված է որպես խանութ:

«Գազի գրասենյակի» նախկին շենքը՝ Ազատության փող. 104-ում գրանցված է «Rai-sg» ԲԸ-ի վրա, իսկ Թամար Թագուհու փող.56-ում գտնվող «Կենցաղի նախկին տան» շենքը Գեորգի Մխչյանի անունով է:

Քաղաքական գործունեությունը

1993 թվականից քաղաքականությունում է, եղել է «Քաղաքացիների միություն» կուսակցության անդամ: Նա պատգամավոր է ընտրվել երեք անգամ՝ 1995, 1999 և 2003 թվականներին:

Առաջին անգամ՝ 1993-ին, նա ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով՝ «Քաղաքացիների միություն» կուսակցությունից, երկրորդ անգամ՝ 1999 թ-ին նույն կուսակցությունից, իսկ երրորդ անգամ՝ համամասնական ընտրակարգով 2003 թ-ին «Ազգային շարժում» կուսակցությունից:

2012 թ-ին նա դարձավ «Վրացական երազանք» կուսակցության անդամ և նույն տարում հայտարարվեց հետախուզման մեջ: 2012 թ-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո, նա 2013թ-ի փետրվարին վերադարձավ Վրաստան:

2017 թվականին առաջադրվեց որպես Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու՝ «Կախա Կուկավա – ժողովրդավարական շարժում» կուսակցությունից:

Հարց-պատասխան

1. Ինչու չստացվեց ձեր համագործակցությունը «Վրացական երազանքի» հետ, չէ որ որ Դուք այն քիչ մարդկանցից էիք, ովքեր Սաակաշվիլիի իշխանավարության օրոք «համարձակվեցին» Ախալքալաքում աջակցել ընդդիմությանը:

2. Դուք խնդիրներ ունեցել եք Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ինչպես ստացվեց, որ հիմա սկսեցիք նրա հետ համագործակցել:

– Ես միշտ պայքարել եմ, որպեսզի Վրաստանի Սահմանադրությունը գործի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում, բայց դա չի աշխատում: Ինձ համար կուսակցությունը նշանակություն չունի, այն կուսակցությունը, որը կվերադարձնի մարդկանց օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, ես նրա հետ եմ: «Օցնեբան» կեղծ կուսակցություն է, նրանք եկել էին վերացնելու Սաակաշվիլիի անօրինական գործողությունները, բայց դրանք էլ ավելի խորացրին: Ես քաղաքական գործիչ եմ, ինձ հարկավոր է հարթակ, այն կուսակցությունը, որի գաղափարները համընկնում են իմ գաղափարների հետ, ես ընդունում եմ, խաբում են թե ոչ՝ դա այլ հարց է:

– Սաակաշվիլին այժմ ասում է, որ ցանկանում է ուղղել սխալները: Հիմա բոլորն ինձ ասում են հետ վերցրու քո թեկնածությունը, ինչու եմ հանելու թեկնածությունս: Հենզելը, Սամվելը, Արսենը բոլորը հարստացել են Սաակաշվիլու օգնությամբ: Շեվարդնաձեն, Իվանիշվիլին, Զուրաբիշվիլին, Գախարիան չեն խաբում ինչ է, ինչ է նրանք Հայաստանի կողմից են, ինչու մեր ժողովուրդը կենտրոնացել է միայն Սաակաշվիլիի վրա, բոլորը կողմ էին տարածքային ամբողջականության պահպանմանը: Ինչու նրանք լուսավորեցին հեռուստաաշտարակը Ադրբեջանի դրոշի գույներով: Եվ նրանք Հայաստանի կողմից են, իսկ Սաակաշվիլին՝ ոչ:

Սամվել Պետրոսյան

«Դավիթ-Թարխան Մոուրավի,Իրմա ինշավիլի, Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության ցուցակներով թեկնածու: Ցուցակում 14-րդ համարն է

Կենսագրություն

Սամվել Պետրոսյանը ծնվել է 1954 թ.-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ամուսնացած է, ունի երկու որդի:
1984 – 1988 թվականներին աշխատել է Ախալքալաքի կոմսոմոլի ոլորտում: 2006-2008թթ. եղել է Ախալքալաքի ոստիկանության պետը:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

2005 թվականի հոկտեմբերի 24-ին գրանցել է «Ջավախքի քաղաքացիական ֆորում» ոչ առևտրային իրավաբանական անձը: «Շարժում հանուն արդարության» ոչ առևտրային կազմակերպությունը որդու՝ Գիորգի Պետրոսյանի անունով գրանցվել է 2002 թ.-ին:

Ոչ մի ձեռնարկատիրական գործունեություն կամ պաշտոնական բիզնես գրանցված չէ: Որդու՝ Գիորգի Պետրոսյանի անունով, Ջավախիշվիլու 11 հասցեում գրանցված է օբյեկտ, որտեղ գործում է «GOLD» սրճարանը: Գիորգի Պետրոսյանի անունով գրանցված է նաև հողատարածք Խանդո գյուղում և նախկին զինվորական ավանի 480 շենքում գտնվող համար 15 բնակարանը: Ռուսթավելի 19/1 հասցեում (ներկայումս այնտեղ տեղակայված է Վրաստանի փոստը) գտնվող օբյեկտը պատկանում է երկու որդիներին:

Պետրոսյանների ընտանիքը նաև, ըստ Ախալքալաքում շրջանառվող լուրերի, Ախալքալաք-Բակուրիանի ճանապարհին գտնվող շինանյութի խանութի և նախկին զինվորական ավանում գտնվող «Ռուսիչ» շենքում համասեփականատեր է, բայց այս մասին պաշտոնական տեղեկատվություն մեզ չհաջողվեց գտնել:

Քաղաքական գործունեությունը

1991 թ-ին եղել է Ախալքալաքի քաղաքապետը: 2012 թ-ից 2016 թվականներին նա Ախալքալաքի մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավորն էր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից: 2015 թ-ին նա լքեց «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: 2017 թվականին միացավ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությանը և մասնակցեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի ընտրություններին: 2017 թ-ին ընտրվեց որպես Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր:

Հարց-պատասխան

1. 2016 թ-ին սկսեցիք համագործակցել «Վրացական երազանքի» հետ, Ձեր որդին պետք է առաջադրվեր այս կուսակցության ցուցակներով, ինչու ձախողվեց Ձեր համագործակցությունը «Վրացական Երազանքի» հետ:

2. Ինչու ընտրեցիք «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը:

– Ես «Օցնեբայի» կողմը չէի, այլ պարզապես հարցեր կային, և, բնականաբար, ես ստիպված էի այդ հարցերը լուծել կառավարության հետ: Այդ պատճառով էի ես ցանկանում համագործակցել նրանց հետ: Եվ հիմա, եթե հարցեր ունենամ, նորից կդիմեմ կառավարությանը: Նրանք խաբեցին ինձ, նախկին վարչապետը և պատգամավոր Հենզել Մկոյանը խաբեցին ինձ, կարծում եմ, որ նրանք ուզում էին իշխանություն, ամբողջ ֆինանսական բլոկը վերցնել իրենց ձեռքերը, և այդ իսկ պատճառով ինձ հեռացրեցին: Եվ այդպիսով նրանց հետ մեր հարաբերությունները փչացան, ուրիշ ոչինչ:

– Ես ընտրեցի «Հայրենասերների դաշինքը», քանի որ նրանք աջակցում են հայերին, այսօր նրանք այն քաղաքական ուժն են, որը կընդունի ցեղասպանությունը, և նրանք նման քաղաքականություն էին վարում, մինչ մեր ծանոթությունը: Նրանք հավասարակշռված քաղաքականություն են վարում Ղարաբաղի հարցի շուրջ:

Արտաշես Հակոբյան

«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից մեծամասնական թեկնածու

Կենսագրություն

Արտաշես Հակոբյանը ծնվել է 1976 թվականին, փետրվարի 20-ին: Նա ունի միջնակարգ տեխնիկական կրթություն գյուղատնտեսության ոլորտում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արտաշես Հակոբյանի անունով ոչ մի բիզնես կամ տնտեսական գործունեություն գրանցված չէ:

Քաղաքական գործունեությունը

Արտաշես Հակոբյանը քաղաքական և հասարակական կյանքում նոր դեմք է ինչպես Վրաստանում, այնպես էլ Ջավախքում:

Հարց-պատասխան

1. Ինչու «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ձեզ ընտրեց որպես մեծամասնական թեկնածու:
2. Ինչու եք մուտք գործել քաղաքականություն:

– Մեր կուսակցության ծրագրում կան շատ բաներ, որոնք, ըստ իս, հետաքրքրում են Ջավախքին և հայերին, «Հայրենասերների դաշինքը» Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է, այն կբացի սահմանները Ռուսաստանի հետ, և, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ նրանց ծրագիրը:

– Այո, ես հեռու էի քաղաքականությունից, մեզ ոչ բավարար ուշադրություն էին դարձնում, և ես մտածեցի, որ ընտրվելու դեպքում կարող եմ օգտակար լինել ժողովրդին:

Սամվել Մանուկյան

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից մեծամասնական թեկնածու

Կենսագրություն

Ծնվել է 1976 թ-ի նոյեմբերի 6-ին: Ավարտել է Երևանի Տնտեսագիտական համալսարանը ստանալով քաղաքացիական և աշխատանքային իրավունքի որակավորում: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

2003 թվականից գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր: «Գեոֆուդ» (բաժնեմասը՝ 50%), «Գրանդ» (բաժնեմասը՝ 50%) և «Կրիստալ» (բաժնեմասը՝ 50%) ՍՊԸ –ների համասեփականատերն է:

Թեկնածուի անվան հետ կապված սեփականությունը. Ազատության փողոցի 63/1 հասցեի օբյեկտը (մետաղապլաստմասե պատուհանների և դռների արտադրամաս) գրանցված է Արմեն Պասպանդյանի անունով: Դավիթ Աղմաշենեբելի փողոցի №6 հասցե՝ Աղավնիկ Մանուկյանի անունով, 141,3 ք / մ տարածք ունեցող տուն և ավտոտնակ, ինչպես նաև Ազատության փողոցի №41-ում գտնվող սեփականությունը:

Ախալցիխեում գրանցված է 3 բնակարան, որոնք ինչ որ առնչություն ունեն թեկնածուի անվան հետ՝ Կոստավայի փողոց 163, բն. 1, Կոստավայի փողոց 45, բն. 5 և Օրբելիանիի փողոցում, բն. 6, բոլոր բնակարանները գրանցված են տարբեր մարդկանց վրա: Ախալքալաքում Մյասնիկյան 52 հասցեում գտնվող հաստատությունը նունյպես Աղավնիկ Մանուկյանի անունով է: Ռուսթավելիի 41 հասցեի սեփականությունը Սերգո Մանուկյանի անունով է:

Քաղաքական կյանքը

Սամվել Մանուկյանը 2016-ին առաջին անգամ մուտք գործեց Վրաստանի քաղաքական կյանք և դարձավ «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ընտրակարգով պատգամավոր:

Հարց-պատասխան

1. Դուք խոստումներ չեք տալիս: Ինչու ժողովուրդը պետք է ընտրի Ձեզ:

2. Ձեր քաղաքականություն գալն անսպասելի էր, դուք սկզբից Հենզել Մկոյանի հետ էիք, հիմա մրցակիցներ եք, ինչ կասեք այս մասին:

– Ժողովուրդը 21 տարի խոստումներով է ապրել, և ես հիմա կարծում եմ, որ պետք չէ խոստումներ տալ, մենք պետք է գործ անենք, մենք ժողովրդին խոստումներ չենք տալիս: Խոստումների պատճառով ժողովուրդը սխալվեց և իր ձայնը տվեց նրանց, հիմա նրանք չեն ուզում սխալվել:

-Հենզել Մկոյանին ես մրցակից չեմ համարում, նա ընդդիմադրորեն է տրամադրված, պետությունն անում է և շատ բան է արել անցած տարիներին, պետությունը կհաղթի, իսկ ես պետության ներկայացուցիչ եմ, չեմ տեսնում մրցակիցների:

Սումբատ Կյուրեղյան

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակներով պատգամավորի թեկնածու: Ցուցակով 37-րդ համարն է:

Կենսագրություն

Սումբատ Կյուրեղյանը ծնվել է 1968 թ-ի մարտի 8-ին: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, մասնագիտությամբ ագրոնոմ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

Դուստրը՝ Մարգարիտա Կյուրեղյանը, «Մեգոբրոբա» ՍՊԸ-ի 100%-ոց սեփականատերն է, ինչպես նաև 2015 թվականին գրանցված «ՌԿ ՍՍԿ» կոոպերատիվի նախագահը: Գորելովկա գյուղում Մարգարիտա Կյուրեղյանի անունով գրանցված է գույք: Թեկնածուն Գորելովկա և Ջիգրաշեն գյուղերում ունի տարբեր հողամասեր, հայտարարագրված է ավելի քան 172 հա:

Քաղաքական գործունեությունը

2013 թվականից և մինչ պատգամավորի թեկնածու առաջադրվելը նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահն էր:

Հարց-պատասխան

1. Ինչու եք ձգտում կենտրոնական իշխանություն, խորհրդարան, որքանով եք պատրաստ:

2. Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունը չի առաջադրել Հենզել Մկոյանի թեկնածությունը, քաղաքապետարանի 26 աշխատակիցներ իրենց կամքով ազատման դիմումներ գրեցին: Բայց կա կարծիք, որ դա աշխատանքից ազատում էր, ինչ կասեք Դուք այս վերաբերյալ:

– Ես իշխանության չեմ ձգտում, նրանք են ինձ ընտրել, անհրաժեշտ համարեցին, ես էլ համաձայնեցի:

– Քաղաքապետարանի աշխատողների զանգվածային հեռացումը պետք չէ կապել Մկոյանի հետ, դա պայմանավորված է գործադիր մարմնով, մարդիկ չէին ցանկանում աշխատել, հավանաբար նրանք նույնպես, ինչպես Դուք եք կարծում, քանի որ նրանք Մկոյանի մերձավոր մարդիկ էին, չէին ցանկանում աշխատել իշխանությունների հետ: Կարծում եմ այստեղ Մկոյանի թեմա կամ քաղաքական թեմա չկա, պարզապես ժամանակն էր եկել, նրանք հասկացան, որ պետք է դիմում գրեն:

Հենզել Մկոյան

Անկախ թեկնածու

Կենսագրություն

Հենզել Մկոյանը ծնվել է 1959 թվականի մարտի 3-ին: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ տնտեսագիտություն և գյուղատնտեսության կազմակերպում մասնագիտությամբ: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Բիզնեսը, սեփականությունը կամ տնտեսական գործունեությունը

Մկոյանը Վրաստանի խոշորագույն գործարարներից է: Թեև, սեփականության և տնտեսական գործունեության բաց բազաներում թեկնածուի անվան տակ գրանցված է միայն Ախալքալաքում գտնվող տունը: Մկոյանների ընտանիքին է պատկանում «SJGC» ընկերության բաժնետոմսերի 40% -ը, «Meeki» ընկերության 25%-ը պատկանում է Նորայր Մկոյանին, 25%-ը՝ Դավիթ Մկոյանին, 50%-ը Մարտուն Մկոյանին:

«Dekmaka» ընկերության 36%-ը՝ Կարապետ Մկոյանին, 32%-ը՝ Մարտուն Մկոյանին, 7%-ը՝ Նորայր Մկոյանին, 9%-ը՝ Մանուել Մկոյանին, 7%-ը՝ Էդուարդ Մկոյանին:

«Էներգիա» ընկերություն. 80% -ը՝ Մարտուն Մկոյան, 20%-ը՝ Էդուարդ Մկոյան:

«Կարո» ընկերություն. 50%-ը՝ Կարապետ Մկոյան, 50% -ը՝ Մարտուն Մկոյան:

Մկոյանների ընտանիքի անունով բազմաթիվ անշարժ գույք է գրանցված Ախալքալաքում, Նինոծմինդայում, Թբիլիսիում, Բաթումիում:

Որդո՝ Կարապետ Մկոյանի անունով, Ախալքալաքում գրանցված է գույք Վաչիանի մայրուղու վրա (Ախալքալաքի բերդի հարևանությամբ) `1517 քառ / մ, բենզալցակայանը` Աղմաշեբելի 2 փողոցում` 1200 քառ / մ, Նինոծմինդայում` Աղմաշենեբելի 41 փողոցում գտնվող «Կարո» ՍՊԸ-ի 8723 քառ / մ տարածքը: Թբիլիսիում` Իակոբ Ծերեթելիի փողոց 2 հասցեում գրանցված գույքը «Խարփուխի 2005» անունով (հնարավոր չէր այս ընկերությունը գտնել հանրային ռեեստրում)՝ 2588 քառ / մ մակերեսով, որտեղից 1788 քառ / մ-ն բնակելի մաս է, 324 քառ / մ` ավտոկայանատեղի, 330 քառ / մ-ը՝ վերանդան, աստիճաններն ու նախասրահը `145.10 քառ / մ:

Եղբայրը՝ Մարտուն Մկոյանը ունի ունեցվածք Ախալքալաքում՝ Շահումյան 1 հասցեում, 4200 քառ / մ մակերեսով, Ախալքալաքում՝ Փարվանա գետի ափամերձ հատվածում, 5767 քառ / մ մակերեսով միկրոէլեկտրակայանը, տուն Երևանյան 44 հասցեում, սեփականություն Ձնելաձե փողոցի 38 հասցեում, Աղմաշենեբելի փողոց 17- ում, տուն Նինոծմինդա Ազատության 27 փողոցում: Էդուարդ Մկոյանի անունով գրանցված է Բաթումիում կառուցվող հյուրանոցը: Գույք է գրանցված նաև Թբիլիսիում՝ «MM» ՍՊԸ-ի վրա, որը նույնպես չհաջողվեց գտնել բիզնես-ռեեստրում:

Քաղաքական գործունեությունը

Հենզել Մկոյանը 5 անգամ ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: Առաջին անգամ ընտրվել էր 1999թ-ին որպես անկախ պատգամավոր: Երկու անգամ (1999-2007) որպես անկախ թեկնածու ընտրվել էր Շեւարդնաձեի կառավարման տարիներին: 2008 և 2012 թվականներին ընտրվել էր «Ազգային շարժում» կուսակցությունից: 2014 թ-ին անդամագրվել էր «Վրացական երազանք» կուսակցությանը: 2016 թ-ին ընտրվել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից:

Հարց-պատասխան

1. 21 տարի դուք իշխող կուսակցությունների կողմն եք եղել և միշտ ասել եք, որ մենք ժողովրդավարական երկիր ունենք, հիմա ասում եք, որ երկրում ժողովրդավարություն չկա, ինչն է փոխվել:
2. Դուք պատրաստ եք կրկին համագործակցել իշխող վերնախավի հետ:

– Ես 21 տարի խորհրդարանի անդամ եմ եղել: Երկու անգամ անցել եմ որպես անկախ թեկնածու, բայց կանգնած եմ եղել պետության կողքին: Այսօր ես անկուսակցական եմ և կարող եմ կանգնել պետության կողքին: Ես շատ վիրավորված եմ, քանի որ երկու անգամ անցնելով որպես անկախ պատգամավոր ես կանգնել եմ պետության կողքին և 21 տարվա մեջ ոչ մի սխալ թույլ չեմ տվել, որպեսզի քվեարկության ժամանակ կարմիրին սեղմեմ կամ դեմ գնամ, ես միշտ համագործակցել եմ պետության հետ, բայց նրանք իմ հանդեպ արդար չգտնվեցին:

– Ինձ վատ ճանապարհեցին, և ոչ մի երաշխիք չկա, որ ուրիշների հետ էլ այդպես չեն վարվի: Նրանք այն մարդկանց, ովքեր երկար տարիներ փորել են իմ տակը միավորեցին իմ դեմ: «Վրասական երազանք» – ի իշխանավարության առաջին տարիներին ժողովրդավարություն կար, վերջին երկու տարիներին` արդեն ոչ:

Բոլոր տվյալները հիմնված են Վրաստանի Հանրային ռեեստրի տվյալների բաց բազաների վրա: