Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում գյուղի ջրաղացի հարևանությամբ կկառուցվի հետիոտնային կամուրջ: Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 13 038 լարի:

Ըստ Խուլգումո գյուղի լիազոր Մովսես Գիգոլյանի, կամրջի միջոցով հնարավոր կլինի հասնել Ճգնավոր մատուռ, որը գտնվում է Ախալքալաք քաղաքի և Բավրա գյուղի միջև ընկած ձորում:

«Բացի այդ, կամրջից կօգտվի մոտ 19 ընտանիք, որոնք ապրում են գետի մյուս ափին», – ասում է նա:

Նրա խոսքով, տենդերն արդեն հայտարարված է, իսկ աշխատանքները կսկսվեն դրանից անմիջապես հետո:

Ախալքալաքի քաղաքապետարանը հոկտեմբերի 22-ին տենդեր է հայտարարել կամրջի կառուցման համար` 13 038 լարի ․

Այն վայրում, որտեղ կկառուցվի կամուրջը, բնակիչները կառուցել են ինքնաշեն, ոչ հուսալի կամուրջ՝ տախտակները տեղադրելով երկաթե շրջանակի վրա:

Հիշեցնենք, որ Խուլգումո գյուղում անցած 2019 թ.-ին նույն գետի մյուս հատվածում նորոգվել էր մեկ այլ կամուրջ, այդ ժամանակ տեղական բյուջեից 3135 լարի էր հատկացվել:

Բրատիսլավ Իգիթխանյան