Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համակարգող խորհրդի նիստում նշել է, որ ապաքինվածների վիճակագրությունը «զգուշավոր լավատեսության» հիմք է տալիս:

«Այսօր ապաքինված մեր քաղաքացիների թվի աճը մեզ զգուշավոր լավատեսության հիմք է տալիս: Այսօր այս ցուցանիշը գերազանցել է 2 հազարը: Կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել, որ այս գործընթացը լիովին կառավարելի է, կլինիկական կառավարման նոր մոդելը արդյունավետորեն աշխատում է, և բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը վարեն առանց խոչընդոտների` բավականին մեծ թվով վարակվածների պայմաններում», – հայտարարել է Գախարիան:

Վարչապետը նշել է, որ վարակվածների թիվն աճում է ամբողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում: Վրաստանում նույնպես ամեն օր աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, սակայն, համեմատած մյուս երկրների, 1 միլիոն բնակչի հաշվով դեպքերի ցուցանիշով երկիրն ավելի լավ դիրք ունի:

Գախարիան ընդգծել է, որ երկրում շարունակվում է կետային սահմանափակումների ռազմավարությունը, և վիրուսի դեմ պայքարում կարևոր գործոն է համարում դիմակներ կրելն ու սոցիալական հեռավորությունը:

«Որքան շատ քաղաքացիներ դիմակ կրեն, այնքան պակաս անհրաժեշտ կլինեն սահմանափակումները», – նշել է Գախարիան:

Հիշեցնենք, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1 731 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ: Համաճարակի սկզբից ապաքինվածների ընդհանուր թիվը 14 829 է, ինչը վարակվածների 44%-ն է:Կորոնավարակից մահացել է ևս 15 մարդ: Մահվան ելքերի ընդհանուր թիվը կազմում է 253:

Անցած մեկ օրում կատարվել է 9 126 թեստ:

Այս պահի դրությամբ երկրում կա 18 750 ակտիվ դեպք: Այստեղից 4 022-ը բուժվում են կլինիկաներում, Թբիլիսիում` 2 012 հոգի, Աջարիայում` 673: 2 344 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում` 824-ը Աջարիայում, իսկ 1250-ը` Թբիլիսիում: 12 384-ը բուժվում են տնային պայմաններում: