Նախընտրական շրջանում JNEWS-ի լրագրողների բոլոր հարցերին՝ կապված ընտրությունների կամ գյուղերում առկա խնդիրների հետ, հարցվածների մեծ մասը սկսում է պատասխանել հետևյալ բառերով. «Մեր մասին հիշում են միայն ընտրություններից առաջ»: JNEWS-ը որոշեց պարզել, թե ինչու է այդ կարծրատիպը զարգացել մարդկանց մոտ, իսկ գուցե դա համապատասխանում է ճշմարտությանը:

Դիլիսկան և՛ մոտ է, և՛ հեռու

Դիլիսկան Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Ախալքալաքից 5 րոպե հեռավորության վրա: Չնայած դրան, գյուղում դեռ շատ չլուծված խնդիրներ կան:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները, 2016 թվական

2016 թ.-ին, իր նախընտրական արշավի ընթացքում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության այն ժամանակվա մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը, քաղաքականությունում նորեկ, նույն կուսակցության համամասնական ընտրակարգով թեկնածու Սամվել Մանուկյանի ուղեկցությամբ այցելել էր Դիլիսկա գյուղ: Այդ ժամանակ Հենզել Մկոյանը խոստացել էր գյուղի համար նոր դպրոց կառուցել:

«Առաջին խնդիրը Դիլիսկայում դպրոցն է, բայց այսօր մենք խոստանում ենք այս հարցն անպայման բարձրացնել: Ես հիշում եմ Դիլիսկայից շատ գործիչների, ովքեր խոստացել էին, բայց տարբեր պատճառներով չեն կարողացել խոստումները կատարել: Ես չեմ ասում, որ խոստանում եմ 100%-ով: Ես ուզում եմ ասել, եթե ընտրեք մեր «Վրացական երազանք» կուսակցությունը, մենք անպայման կկատարենք ձեր խնդրանքները: Ես այս հարցը կբարձրացնեմ կառավարության առջև, որպեսզի դպրոցի հարցն անպայման լուծվի», – ասել էր Հենզել Մկոյանը 2016 թ.-ին՝ Դիլիսկայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Չորս տարի անց գյուղում վթարային դպրոցի հարցը և ոչ միայն, շարունակում է արդիական մնալ:

Մեր օրեր…

Գյուղի կենտրոնում, JNEWS-ի լրագրողների մասնակցությամբ, հետաքրքիր զրույց տեղի ունեցավ՝ նախընտրական խոստումների ու ընտրությունների մասին:

– Այն, ինչ խոստացել էին նախորդ ընտրություններում, ոչինչ չի արվել: Նրանք այն ժամանակ խոստացան նոր դպրոց կառուցել, մեր դպրոցն անմխիթար վիճակում է: Ենթադրվում էր, որ նրանք պետք է ավարտեին 2 կմ-ոց ճանապարհի կառուցումը, որը տանում է դեպի Չունչխա գյուղ: Հետո գյուղում 70 ընտանիք ջուր չունեն, այն ժամանակ ասացին, որ տրակտորներն աշխատում են, բայց ոչ տրակտորը, ոչ էլ մարդիկ չէին աշխատում, ջուրն այդպես էլ չկա: Այն ժամանակ նրանք կոնկրետ խոստում տվեցին և ոչինչ չարեցին:
– Ասացինք, որ ջուրը կբարձրացնեն՝ ոռոգման պայմաններ ստեղծելու համար: Դա էլ չարեցին:
– Դա Հենզել Մկոյանի գործը չէ:
– Ամեն դեպքում: Երբ խոստանում են, թող անեն:
– Այնտեղ, գիտեք, դպրոցի հիմքը դրվել էր: Այստեղ բաց տարածքում է: Բայց նրանք տարան ամեն ինչ, զբաղեցրեցին հողը:
– Այո, այն ժամանակ նույնիսկ նկուղն էր պատրաստ: Տեղադրվել էին նաև բլոկերը: Ժամանակ անցավ, և բլոկերը տարան, ով է տարել և ինչ են արել դրանք, մենք այդպես էլ չիմացանք: Վերամբարձ կռունկով երկու հոգի եկան՝ բեռնեցին ու տարան:
– Իսկ Սամվել Մանուկյանը ինչ-որ բան խոստացե՞լ է: (Հարցնում է լրագրողը)
– Ոչ, նա ոչինչ չի խոստացել: Ի՞նչ ասել է խոստանալ: Արդեն դպրոցի կառուցման տենդերը կայացել է, ինչու՞ չեն սկսում, հետաձգում ու հետաձգում են:
– Այնտեղ, որտեղ հիմա դպրոցն է, նախկինում գյուղապետարանն էր: Ժամանակավորապես հատկացրել էին դպրոցին, մինչ այդ այնտեղ ցուցադրվում էին ֆիլմեր և այլն, իսկ հիմա ոչինչ չկա: Ոչինչ չի վերանորոգվել, ոչ էլ ակումբը՝ ոչինչ չեն արել:
– Եթե ուզում եք իմանալ, մենք չպետք է որևէ մեկին ձայն տանք: Նրանք մեզ պետք չեն: Եթե նրանք ոչնչով չեն օգնում մեզ:
– Բայց արդյո՞ք դա կախված է պատգամավորից: Հավանաբար՝ ոչ: </ em>

Նշենք, որ Դիլիսկա գյուղի դպրոցն այնուամենայնիվ կկառուցվի: Կայացել է 2,013,119,96 լարի արժողությամբ տենդերը: Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, այսինքն՝ խոստումներից հետո հաջորդ ընտրություններին: Ըստ ծրագրի՝ դպրոցը 10 ամսում պետք է կառուցի «Արփի գրուպ» ընկերությունը: Դպրոցի կառուցման տենդերը հայտարարել էր Վրաստանի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:

DSC_8763

Դիլիսկա գյուղ, 2020 թվական

 

Հասնել խոստումների կատարմանը. Աբուլի բնակիչները բողոքում են

Նախորդ խորհրդարանական ընտրությունները, 2016 թվական

2016 թ.-ին Աբուլի բնակիչներն աղուհացով դիմավորեցին իշխող կուսակցության պատգամավորների թեկնածուներին: Աբուլում քննարկված խնդիրների շարքում նշվեցին գազաֆիկացումը, տրանսպորտի բացակայությունը, դեպի գյուղ և արոտավայրեր տանող վատ վիճակում գտնվող ճանապարհները, սպորտային և երիտասարդների համար այլ հնարավորությունների բացակայությունը: Այնուհետև Հենզել Մկոյանը խոստացավ կարգավորել այս բոլոր խնդիրները:

«Ես քաջատեղյակ եմ ձեզ անհանգստացնող խնդիրների մասին: Ես այս խնդիրները լուծեցի այնքան, որքան կարողացա: Գիտեմ, որ գյուղացիները հիմնականում մտահոգված են ճանապարհով, ջրով և գազով: Դուք ջուր ունեք, ճանապարհը, ճիշտ է գյուղը շատ հեռու է, բայց դուք միշտ կարող եք այն բարեկարգել: Ինչ վերաբերում է գազին… Ես կփորձեմ, և քանի որ SJGС գազաբաշխիչ ընկերությունը այսօր մասնավոր ընկերություն է, և այս հարցը լուծելու ոչ մի տարբերակ չկա: Սա հեռավոր գյուղ է, ուստի 10 տարի է պահանջվում, որ այս գումարը վերադարձվի եկամտի տեսքով: Բայց կա մի պետական ծրագիր, որի շրջանակներում ես վերջերս գազ եմ անցկացրել Փոկա գյուղում: Ես կխոսեմ վարչապետի հետ, որպեսզի Աբուլը ներառի այս ծրագրում», – ասել էր Հենզել Մկոյանը:

Ձմեռ, 2019 թվական

2019 թ.-ի դեկտեմբերին Աբուլ գյուղի բնակիչները բողոքի ակցիայով եկան Ախալքալաք և պահանջեցին կատարել նախընտրական խոստումները: Մարդը, ով թեկնածուներին դիմավորել էր 2016 թ.-ին Աբուլ գյուղում նախընտրական քարոզչության ընթացքում՝ Գոռ Երիցյանը, խոսեց բոլոր գյուղացիների անունից:

«Եթե գյուղ է, ինչ տարբերություն, ինչու մի գյուղին ամեն ինչ, իսկ մեզ ոչինչ: Իսահակյանը մեզ համար է ասել՝ «Մենք շրջանի խորթ տղերքն ենք»: Ջուր չկա, կապույտ վառելիք չկա, ճանապարհ չկա, ոչ մի բան չկա: Մեր քարը տարան, ավազը տարան, աբուլցիները ամեն ինչ լռությամբ տարան: 40 տարի է ավազ են կրում, փոշու մեջ խեղդվում ենք, բայց մենք լռում ենք»,- համագյուղացիների ներկայությամբ բյուրոյում կայացած հանդիպման ժամանակ ասել էր Գոռ Երիցյանը, իսկ գյուղացիներն էլ գլխով էին անում՝ ի նշան համաձայնության:

Գյուղացիների պահանջները լսելուց հետո Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը պատասխանել էր. «Շատ ճիշտ հարցեր բարձրացրեցիք, ինչքան կարող ենք, ինչքան հնարավոր է կկատարենք: Ներկայացված բոլոր խնդիրները ճիշտ են նշված: Բայց ուզում եմ, որ դուք իմանաք, այսօրվա դրությամբ գազը սեփականություն է: Դուք լավ գիտեք, որ այսօր հարևան Ծալկայի շրջանի ընդամենը 10 տոկոսը գազ ունի, Ասպինձայում ընդամենը 5 գյուղ ունի գազ, իսկ մեր շրջանը 80 տոկոսով, հասկացանք, որ Աբուլն ընկել է 20 գյուղի մեջ: Բայց սեփականատերը՝ ինքը հաշվարկում է, որ, եթե կենտրոնից մինչև Աբուլ գազ տանի, ծախսը շատ է, կարող է ներդրած փողը 30 տարվա հետ վերադրաձնի: Այս հարցով մի քանի անգամ գրել ենք նախարարություն, առաջինն Աբուլ գյուղն է գրած, հետո Սամսարներն են: Պետք է սպասենք: Ինչ վերաբերում է ճանապարհներին, շատ ճիշտ եք, այսօր խորհրդարանում բարձր լեռնային հանձնաժողով կա, այս վերջին նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ մինչև 2021 թվականի վերջ մենք պիտի բոլոր բարձրլեռնային գյուղերի ճանապարհներն ասֆալտապատենք, սա օրենքն է ասում, պիտի սպասենք, միանգամից չի լինում, կամաց-կամաց ամեն ինչ կլինի»:

Մեր օրեր

Այս ընթացքում Աբուլ գյուղում ոչինչ չի փոխվել, բնակիչները դեռ սպասում են անցյալ, նախընտրական խոստումների կատարմանը:

Abul

Աբուլ գյուղ, 2020 թվական

 

Խնդիրները կարելի է լուծել և ինքնուրույն. Շնորհաշատ Կուլիկամը

Մեր օրեր

«Ժողովուրդ, շնորհակալություն մասնակցության համար: Առաջիկա ընտրություններին տվեք ձեր ձայնը, ապա պահանջեք: Նա այնպիսի տղա է, որ եթե խոստանա, կանի», – այս տարի քարոզարշավի ընթացքում բարձրաձայնեց «Վրացական երազանքի» քարոզիչներից մեկը` Սարգիս Ուզունյանը` մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Սամվել Մանուկյանի մասին:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները, 2016 թվական

Չորս տարի առաջ Հենզել Մկոյանին, ով այս ընտրություններում առաջադրվել է որպես անկախ թեկնածու, Կուլիկամ գյուղում դիմավորեցին պատվով ու հարգանքով: Իր հերթին նա խոստացավ լուծել ամենաբարդ խնդիրը՝ գյուղ տանող և գյուղամիջյան սարսափելի վիճակում գտնվող ճանապարհները:

«Այսօր ես շատ լավ գիտեմ, որ Կուլիկամիս հարկավոր է ճանապարհ: Ես տեսա, որ ճանապարհը վատ վիճակում է: Վաղը ճանապարհ կառուցողները կգան ու կբարեկարգեն: Գիտեմ, որ ձմռանը ճանապարհը նույնիսկ սառույցով է ծածկված, և մեքենաները չեն կարող բարձրանալ: Այս հարցը մենք անպայման կլուծենք: Գիտեմ, որ գյուղացիները ճանապարհի, գազի, ջրի, էլեկտրականության կարիք ունեն: Դուք ունեք ամեն ինչ, մնում է ճանապարհը: Եվ մենք կլուծենք ճանապարհի հարցը: Որպեսզի Կուլիկամը դառնա քաղաք», – 2016 թ.-ին Մկոյանի նախընտրական խոստումներն այսպիսին էին:

Մեր օրեր

Կուլիկամը մինչ օրս քաղաք չի դարձել: Գյուղացիներն ինքնուրույն են լուծում իրենց խնդիրները: Գյուղաբնակ և արտերկրում ապրող կուլիկամցիները գումար են հավաքագրել և սեփական ուժերով վերանորոգել Կուլիկամի եկեղեցին, ծիսակատարությունների տունը, ճանապարհն են հարթեցրել, ձեռք են բերել մարզական գույք, որի համար տեղական իշխանությունները տարածք չեն տրամադրում, ինչպես նաև ջեռուցման համակարգ են անցկացրել գյուղի դպրոցում:

Վրաստանի նախագահական ընտրություններ, 2017 թվական

Իշխող կուսակցությունից պատգամավորի և գյուղացիների միջև կոնֆլիկտը ծագեց այն ժամանակ, երբ Կուլիկամը, մի քանի գյուղերի հետ մեկտեղ, ձայների մեծամասնությամբ չսատարեց իշխող կուսակցության Վրաստանի նախագահի թեկնածուին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այդ ժամանակ Հենզել Մկոյանն այս գյուղի քարոզիչներին ասել էր, որ Կուլիկամ և Խուլգումո գյուղերը երբեք ճանապարհ չեն ունենա, և մյուս խոստումները նույնպես չեն կատարվի:

DSC_8657

Նախընտրական քարոզարշավ Կուլիկամ գյուղում, 2020 թվական

Շահերի բախում. Խուլգումոն դեմ է

Նախորդ խորհրդարանական ընտրություններ, 2016 թվական

2016 թ.-ին Խուլգումոյի բնակիչները Հենզել Մկոյանին դիմավորեցին աղ ու հացով, այդ ժամանակ պատգամավորի թեկնածուն խոստացավ ասֆալտապատել գյուղ տանող ճանապարհը:

«Հարգելի Խուլգումոյի բնակիչներ, այսօր ես լսեցի այս գյուղի պարզ պահանջները: Ամենուր գյուղերը մեզ նմանատիպ պահանջներ էին ներկայացնում, նույնիսկ փոքր գյուղերը, ես ուրախ եմ դրա համար, որովհետև բնակչությունը պետք է պահանջի, իսկ մենք պետք է կատարենք, բայց Խուլգումոյի բնակիչներն այսօր շատ պարզ հարցեր են առաջադրում: Ես Խուլգումոն չեմ առանձնացնում Ախալքալաքից, քանի որ Խուլգումոն ջուր ունի, գազ ունի, մնացել է ճանապարհը: Առաջիկա տարիներին մենք անպայման կասֆալտապատենք այս ճանապարհը, «պառկած ոստիկաններ» ենք դնելու, որպեսզի անկարգություններ չլինեն», – ասել էր Հենզել Մկոյանը:

Վրաստանի նախագահական ընտրություններ, 2017 թվական

Նախագահական ընտրությունների ժամանակ Խուլգումո գյուղի բնակիչների և արդեն պատգամավոր Հենզել Մկոյանի միջեւ հարաբերությունները վատացան: Այդ ժամանակ, գյուղում քարոզարշվաի ժամանակ տեղի ունեցավ բախում գյուղացիների և պատգամավորի թիմի միջև, որոնք մասնակցում էին նախագահ Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավին: Վատ հարաբերությունների պատճառը հողերի հետ կապված խնդիրն էր, որոնք, ըստ գյուղացիների վերածվել են քարհանքի:

Մեր օրեր

Սամվել Մանուկյանի նախընտրական ընտրարշավի ընթացքում գյուղացիները երկխոսության ընթացքում հիշեցին այս միջադեպը:
– Նրանք այն ժամանակ եկան այստեղ, ապա կռվեցին ու գնացին: Նա այլևս իրավունք չունի գալ մեր գյուղ: Ինչ երեսով պետք է գա գյուղ:
– Նա մեր բոլոր հողերը իրեն վերցրեց, քարհանքեր սարքեց: Իսկ մեր գարին դաշտերում է: Բերքը, որին Խուլգումոյի բնակիչը սպասում է իր ընտանիքը պահելու համար: Մենք նրա հետ 15 տարի է խնդիրներ ունենք:
– Ոչ մի խոստում չի կատարել: Գազն անցկացվեց, Հենզելն ասաց, որ ինքն է դա արել:

Չնայած Խուլգումոն գտնվում է քաղաքի հարևանությամբ, այնտեղ տանող ճանապարհները խորդուբորդ են և փոսերով լեցուն, ինչը դժգոհություն է առաջացնում ոչ միայն Խուլգումոյի, այլև Կուլիկամի բնակիպների համար, ովքեր իրենց գյուղ հասնելու համար պետք է անցնեն Խուլգումոյով:

 

DSC_8710

Նախընտրական քարոզչություն Խուլգումո գյուղում, 2020 թվական

Իշխող կուսակցության ներկայացուցիչների հին ու նոր մոտեցումները

Հոկտեմբերի 31-ին կանցկացվեն Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի` երկրի նոր խորհրդարանի կազմավորման ընտրությունները: Ամենայն հավանականությամբ, սա վերջին անգամն է, երբ պատգամավորներ կընտրվեն մեծամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ 4 տարի անց կուսակցությունների համար դժվար կլինի ձայներ հավաքել «հեղինակավոր» անձանց միջոցով, ովքեր տարեցտարի, տասնամյակից տասնամյակ մասնակցում են տարածաշրջանի քաղաքականությանը: Ընդունված է մտածել, որ հենց «հեղինակավոր» անձինք, ովքեր փոխում են մի կուսակցությունը մյուսով և ընտրվում են մի գումարման խորհրդարանից մյուսը, ի վիճակի կլինեն ձայներ հավաքել, իսկ ինչպես՝ դա արդեն երկրորդական է:

Այս տարի նախընտրական քարոզչության լեզուն փոքր-ինչ փոխվել է: Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, երբ խոստումները կարող էին իր կողմ քաշել ընտրողին, այժմ գյուղերում սովորական խմելու ջուրը և բնական գազը դեռ կարևոր խնդիրներ են, որտեղ չկան տարրական կենսապայմաններ:

Henzel Mkoyan
Այս տարի, խորհրդարանական ընտրություններից առաջ, արդեն իշխող կուսակցությունից մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը, ինչպես 2016 թ.-ին, ոչինչ չխոստացավ:

«Եթե այսօր որևէ մեկը խոստանա, որ մենք լույս կանցկացնենք, կասֆալտապատենք, դա անհնար է: Մենք բոլորս էլ պատկերացնում ենք, որ մեր պետությունն անում է այս ամենը: Անհատը ոչ մի բան իրենից չի ներկայացնում: Այսինքն, այս մարդը պետք է ձեր խնդիրները հասցնի խորհրդարան և կենտրոն, իսկ մնացածը պետությունն է անում: Առանց ինչ-որ բան խոստանալու ուզում եմ ասել, որ դուք շատ խոստումներ եք լսել, ես չեմ ուզում նույնն անել: Ես ուզում եմ, որ մենք միասին աշխատենք առանց խոստումների և որոշենք, թե ինչ հարցեր ենք լուծելու», – ասել էր Սամվել Մանուկյանն իր նախընտրական քարոզչության ժամանակ:

Самвел Манукян 1
Ավանդաբար, Ջավախքում շատերը կարծում են, որ խնդիրները լուծվում են միայն ընտրություններից առաջ, իսկ հետո մոռացվում են: Բայց բնակչությունը երբեք չի մոռանում ընտրություններից առաջ կուսակցությունների և թեկնածուների կողմից տրված խոստումները, հատկապես մարդիկ ուշադիր են իշխող կուսակցության ներկայացուցիչների խոստումներին:
Տարեց տարի խնդիրների և ընտրական խոստումների էությունը չի փոխվում, դրանք են՝ ջուրը, բնական գազը, դպրոցները, մանկապարտեզները, ակումբները և մարզական հաստատությունները երիտասարդների համար և այլն: Մի բան, որը ոչ թե օրենսդիր մարմնի, այլ տեղական իշխանությունների իրավասության մեջ է: Բնակչությունն իր հերթին չի գիտակցում, որ խորհրդարանի պատգամավորի գործառույթները չեն ներառում խնդիրների լուծումը, որոնք, ըստ էության, պետք է լուծեն տեղական իշխանությունները: Այստեղ խորհրդարանական ընտրություններն ընկալվում են որպես ընտրություններ ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ թեկնածուի: Այդ և այլ պատճառներով, իշխող կուսակցությունը մինչև վերջ պայքարում էր մեծամասնական ընտրակարգի համար:

«Խնդիրն այն է, որ կան որոշակի կլաններ, որոնք ինչ-որ կերպ վերահսկում են տնտեսական կյանքը, սա է խնդիրը: Եվ սովորաբար այդ կլանների ներկայացուցիչներն են դառնում մեծամասնական պատգամավոր: Սա է պատճառներից մեկը, որ մեծամասնական համակարգը Վրաստանում իրեն չի արդարացնում, քանի որ մեծամասնական պատգամավորները չարաշահում են իրենց լիազորությունները: Փաստորեն, անընդհատ միայն ներկայիս մեծամասնական պատգամավորներն են հիմնականում միջամտում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ինչը նրանք չեն կարող անել և չպետք է անեն օրենքի համաձայն», – ասում է «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման տնօրեն Առնոլդ Ստեփանյանը:

Հենց նախընտրական քարոզչության ընթացքում է տեղի ունենում պատգամավորության թեկնածուների աշխատանքի ամենակարևոր մասը, նրանք հանդիպում են բնակչության հետ և խոստումներ տալիս:

«Պատգամավորն իրավունք ունի խոստանալ ենթակառուցվածքային նախագծեր, եթե դրանք կատարվելու են ընտրություններից հետո: Սա ընտրողին առնելու փորձ չէ, չնայած ինչ-որ մեկը դա կարող է այդպես համարել: Ընտրություններից առաջ բոլորը խոստանում են՝ թե՛ իշխող կուսակցությունը, և թե՛ ընդդիմությունը: Նրանք խոստանում են փոխել կյանքը դեպի լավը և այդ խոստումները կոչվում են նախընտրական խոստումներ, սակայն խոստանալը մի բան է, տնօրինելը մեկ այլ», – ասում է Առնոլդ Ստեփանյանը:

Քրիստինե Մարաբյան