Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ՝ հավելելով, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո», – ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, ուշ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել էր գրավել Կուբաթլին և առաջ շարժվել որոշ ուղղություններով: Այս մասին հաղորդել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այո, թշնամին որոշ հատվածներում հասել է հաջողությունների, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Հաճախ, այո՛, նահանջում ենք, քանզի մարդկանց կյանքը թանկ է։ Զբաղեցնում ենք նոր բնագծեր։ Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը։ Այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ–որ տեղ նահանջել ենք, շատ տեղերում էլ փախուստի ենք մատնել աշխարհի առաջնային բանակների հատուկջոկատայիններին։ Եվ սա կրկնվում է գրեթե ամեն օր»,– հայտաարարել է Հովհաննիսյանը։