Վրաստանի քաղաքացիները կկարողանան իմանալ, թե ով է իրենց ընտանեկան բժիշկը` մուտքագրելով իրենց անձնական համարը հատուկ կայք-էջում: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա, գերատեսչությունը հնարավորինս արագ կավարտի համապատասխան համակարգի մշակման աշխատանքները: Տիկարաձեն հերքել է այն տեղեկությունները, թե իբր ընտանեկան բժիշկներին արգելվում է իրենց անձնական հեռախոսահամարները տալ հիվանդներին: Ընդհակառակը, կառավարությունը նախատեսում է օգտագործել առկա բազաները՝ յուրաքանչյուր քաղաքացու նույնականացնելու և հաստատելու համար, թե որ բժշկի հսկողության տակ է եղել նախկինում:
«Մեր ծրագրի մի մասն է մեր բոլոր քաղաքացիներին ծանոթացնել իրենց ընտանեկան բժիշկներին և նրանց ներկայացնել համապատասխան կոնտակտային հեռախոսահամարները: Որքան հնարավոր է շուտ, մենք դա կհամաձայնեցնենք նրանց հետ և կհրապարակենք: Հավանաբար, ամեն ինչ կհրապարակվի կայքում, և բոլոր քաղաքացիները կկարողանան պարզել, թե ով է իրենց ընտանեկան բժիշկը իրենց անձնական համարների միջոցով», – հայտնել է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարության ղեկավարը նորից կրկնել է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի աճի պատճառով երկիրը չի նախատեսում արտակարգ դրություն հայտարարել: Տիկարաձեն վստահեցնում է, որ վարակվածների հոսպիտալացման հետ կապված խոչընդոտներ չկան, և բոլոր քաղաքացիները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Մասնավոր ապահովագրական ընկերությունների ընտանեկան բժիշկները հոկտեմբերի 26-ից ընդգրկվել են կորոնավիրուսի կառավարման գործընթացում: Ըստ Տիկարաձեի, համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից հատուկ ուշադրության կարիք կա երեք շրջաններում՝ Թբիլիսիում (օրական 919 նոր դեպք), Իմերեթիում (337) և Աջարիայում (296):
Ինչ վերաբերում է վերջին օրվա ընթացքում հոսպիտալացման վիճակագրությանը, 194 հիվանդ տնից տեղափոխվել է կլինիկաներ, 278-ը` տենդի կենտրոններ, 34 հիվանդ` կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ` տենդի կենտրոններից կովիդ-կլինիկաներ, 77 հոգու հետ են բերել կովիդ-կլինիկաներ: Ընտանեկան բժիշկների որոշմամբ՝ 65 հոգի տեղափոխվել է կլինիկաներ: Հիվանդների ավելի քան 30%-ը հոսպիտալացվել է այն վարակակիրներից, որոնց մոտ կորոնավիրուսն ախտորոշվել էր նախօրեին:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել է 30 303 վարակակիր: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 603 մարդ դուրս է գրվել կովիդ-կլինիկաներից, իսկ համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 11 370 հիվանդ: Գրանցվել է 215 մահվան ելք: Ներկայումս կարանտինում գտնվում է 4 112 մարդ, ստացիոնարում` 3766, կովիդ-հյուրանոցներում` 2 268 մարդ:
Վրաստանի 41 քաղաքացիներ տեղափոխվել են այլ երկրներից՝ բուժման նպատակով: Նախորդ օրը երկրում հայտնաբերվել էր 1 928 նոր դեպք: