Ջավախքի բնակչության գերակշիռ մասն ապրուստի միջոցը մշտապես հայթայթել է արտագնա աշխատանքի միջոցով։ Սակայն այս տարի կորոնավարակը շատերի ծրագրերը փոխեց և մարդիկ մնացին տեղում՝ առանց աշխատանքի։ Հազարավոր ընտանիքներ մնացին գյուղատնտեսությունից և անասնապահութունից ստացած չնչին եկամտի հույսին։

Հողագործությունը ջավախքցիների հիմնական զբաղմունքն է, սակայն այս առումով նույնպես բարդություններ կան։

Բնակիչներից ոչ բոլորն են կարողանում գրանցել հողերը և օգտվել արտոնություններից ու պետական ծրագրերից: Մարդկանց մեծ մասը միջոցներ չունի հողերը գրանցելու համար: Եվ չունենալով բավարար չափի սեփական հողատարածք շատերը օրավարձով աշխատանքի են գնում ֆերմերների մոտ։

Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղից Մարթա Եփրիկյանի ընտանիքի երեք տղամարդիկ փակ սահմանների պատճառով այս տարի գյուղում են մնացել: Բազմանդամ ընտանիքի հոգսերը որոշ չափով թեթևացնելու համար Մարթան Ախալքալաք է գալիս կարտոֆիլ հավաքելու և ջոկելու: Նա միակը չէ իր գյուղից, որ Ախալքալաք «խոպան» է գալիս:

«Ինչ անեմ, եկել եմ, որ աշխատեմ ընտանիքս պահեմ, երեք տղամարդ կա մեր տանը, երեքն էլ տանն են։ Վարկեր ունենք, պետք է վճարել, ապրել է պետք։ Պետությունից ոչինչ չենք ուզում, գոնե սահմանները բացեն մարդիկ գնան աշխատեն, որպեսզի կարողանան ընտանիքները պահել», – ասում է Մարթան Եփրիկյանը, ով օրավարձով կարտոֆիլ է ջոկում Չամդուրա գյուղում։

Տիկին Մարթան նշում է, իրենց հողամասերը քիչ են, այդ պատճառով Նինոծմինդայում չի կարողանում շատ կարտոֆիլ մշակել և ստիպված հասնում է Ախալքալաքի գյուղեր՝ օրվա ապրուստը հոգալու համար։

«Վաուչեր բաժանեցին, մեզ չհասավ, քանի որ մեր հողերը գրանցված չէին։ Մեր հողերը գրանցելու համար 500 լարի ուզեցին, ես որտեղից տամ այդքան գումար, եթե գալիս եմ այստեղ 30-40 լարի եմ աշխատում, որ որոշ չափով ընտանքիս պահեմ, որտեղից տամ 500 լարի, որ գրանցեմ։ Բայց, որ իմ հողը ունենամ, գոնե շատ կցանեմ, էլ այստեղ չեմ գա», – բարձրաձայնում է Մարթա Եփրիկյանը:

Ախալքալաքում և Նինոծմինդայում խոշոր ֆերմերները օրավարձով աշխատողներին վճարում են 30-ից մինչև 35 լարի: Կապված այն բանից, թե ինչ աշխատանք է: Նրանք չեն դժգոհում ստացած գումարի չափից, հակառակը շնորհակալ են ֆերմերներին, որ պարտաճանաչ, ամենօրյա սկզբունքով վարձատրվում են իրենց կատարած աշխատանքի դիմաց:

Ախալքալաքի շրջանում օրավարձով աշխատող կանայք, ովքեր կարտոֆիլ են հավաքում կամ ջոկում, ստանում են 30-ից մինչև 35 լարի է, իսկ տղամարդիկ, ովքեր ծանր աշխատանք են կատարում՝ կարտոֆիլ են բեռնում և բեռնաթափում, ստանում են 40 լարի:

Գայանե Ակոջյան