Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչները դժգոհ են, որ բազմիցս բողոքելուց և համապատասխան գերատեսչություններին դիմելուց հետո, միևնույն է գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ լուծված չէ:
Գյուղացիները դժգոհում են, որ արդեն մի քանի տարի է աշխատանքներ են տարվում Սուլդա գյուղի ջրամատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ, բայց նրանք դեռ ջուր չունեն: Գյուղում ապրում է շուրջ 185 ընտանիք: Սուլդա գյուղի բնակիչներն անընդհատ տանջվում են ջրի պակասից: Այնեղ ջուրը տալիս են 4 օրը մեկ՝ 2 ժամով: Եվ բացի այդ, ջուրը մաքուր չէ: Կախված ջրի քանակից Սուլդայում ջրի գրաֆիկը երբեմն փոխվում է, սակայն, գյուղում յուրաքանչյուր փողոցի համար սահմանված են կոնկրետ ժամեր:
Ըստ Սուլդա գյուղի բնակիչների, իրենք արդեն մի քանի տարի անընդմեջ ջուրը բերում են այլ գյուղերից, երբեմն էլ գնում են:
«Մենք մեքենայով ջուրը բերում ենք Վաչիան գյուղից: Ստացվում է, որ մենք ջուրը գնում ենք», – ասում է Սուլդա գյուղի բնակիչներից մեկը:
Ըստ գյուղացիների, անցյալ տարի իրենց ասել էին, որ Թբիլիսիից պետք է մասնագետներ գան, նրանք պետք է նայեն տեղայնքը, ապա նախագիծ կազմեն, բայց նախագիծը դեռ պատրաստ չէ:
Գյուղի բնակիչ Սաղաթել Ափոյանի խոսքով, բացի այլ հարցերից, գյուղի առաջնային խնդիրներից մեկը խմելու ջուրն է:
Նրա խոսքով՝ անցած 2019 թ.-ին իրենք խոստացել էին, որ այս տարի կլուծեն տվյալ խնդիրը, բայց թե կոնկրետ ե՞րբ և ի՞նչպես կլուծվի գյուղի ջրամատակարարման խնդիրը, գյուղացիները դեռ չգիտեն:
Ըստ Սուլդա գյուղի լիազոր Զարզանդ Կուջոյանի, այս փուլում գյուղի ջրամատակարարման նախագիծը ուղարկվել է համապատասխան կազմակերպություն և սպասում են պատասխանի: Ըստ նրա, պատասխանը կլինի նախագիծը դիտարկելուց հետո:
«Այժմ մենք սպասում ենք պատասխանի, եթե նախագիծը համապատասխանի պահանջներին, և դրական պատասխան լինի, ապա միջոցներ կհատկացնեն գյուղի ջրամատակարարման համար», – ասում է նա:
Գյուղը բաժանված է 4 մասի, յուրաքանչյուր մասի համար ջուրը միացվում է 2 ժամով, որպեսզի բնակիչները ժամանակ ունենան ջուր հավաքել, նրանք այն երկար չեն կարող միացնել, մնացածին չի հերիքի: Խնդիրը կայանում է նրանում, որ ջուրը ջրավազան է լցվում ցածր հոսքով և այդ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում:
JNEWS-ը այս խնդրի մասին գրել էր ուղիղ մեկ տարի առաջ նույնպես:
Սուլդայում ջուրը գալիս է 4 օրը մեկ՝ 2 ժամով