Ախալքալաքի մունիցիպալիտետի Ափնիա գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում շատ խնդիրներ կան, բայց ոչ ոք չի ստանձնում լուծել դրանք: Գյուղի բազմաթիվ խնդիրներից ամենաառաջնայինը ջուրն է՝ և՛ խմելու, և՛ ոռոգման համար:

Ափնիա գյուղում ապրում է շուրջ 25-30 ընտանիք, գյուղացիները բողոքում են, որ գյուղում բնակիչ գրեթե չի մնացել: Նրանց խոսքով, բոլորը լքում են գյուղը, երիտասարդները նախընտրում են ապրել քաղաքներում, քանի որ չկան համապատասխան պայմաններ՝ գազ, նորմալ ճանապարհ և այլն: Բնակիչները հող չունեն բերք ստանալու և կարտոֆիլ աճեցնելու համար, և որ ամենակարևորն է, գյուղում խմելու ջրի պակաս կա: Նրանք այստեղ աշխարհից կտրված են ապրում, հիմնականում զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ: Աճեցնում են կարտոֆիլ և հացահատիկեղեն:

2

Ի տարբերություն շրջանի շատ այլ գյուղերի բնակիչների, Ափնիա գյուղի բնակիչները հիմնականում չեն գնում խոպան: Ոմանք մեկնում են Թուրքիա արտագնա աշխատանքի, բայց այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով նրանք չկարողացան մեկնել։

Ռեզո Մելիքիձեի խոսքով, գյուղում ջրի շատ մեծ պակաս կա՝ ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման:

«Գյուղում ապրում է մոտ 30 ընտանիք, նրանց մեծ մասը ջուր չունի լվացվելու համար: Միթե՞ այսպես հնարավոր է ապրել», – ասում է նա:

1

Ըստ Պավլիկ Քոչալիձեի՝ երիտասարդները նախընտրում են ապրել քաղաքներում, քանի որ գյուղում համապատասխան պայմաններ չկան:

«Գյուղում ժամանակին շատ ավելի շատ բնակիչ կար, քան հիմա, ինչպե՞ս կարելի է ապրել մի գյուղում, որտեղ խմելու ջուրն էլ չի հերիքում, չհաշված այլ խնդիրները՝ գազը, ճանապարհը, աշխատանքը և այլն», – ասում է նա:

Ափնիա գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Զազա Նաթենաձեի խոսքով, գյուղում խմելու ջրի խնդիրը շուտով կլուծվի: Ըստ նրա՝ անցյալ տարի սկսել են վերականգնել ջրագիծը, բայց աշխատանքները ընկերության սխալի պատճառով անավարտ են մնացել:

«Ընկերությունը, որն իրականացրել է գյուղի ջրամատակարարման աշխատանքները, ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ավարտել իր աշխատանքը: Քաղաքապետարանը գիտի այդ մասին, և շուտով այս հարցը կլուծվի», – ասում է նա:

Նրա խոսքով, աշխատանքներն անավարտ են մնացել՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ:

Բրատիսլավ Իգիթխանյան