JNEWS-ը զրուցել է Ռոնդելի հիմնադրամի փորձագետ Զուրա Բաթիաշվիլիի հետ այն մասին, թե ինչ է նշանակում Վրաստանի չեզոքությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, տարածաշրջանի համար պատերազմի վտանգների ու հետևանքների մասին:
Ինչպե՞ս կարող է Վրաստանն իրեն պահել Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում:
– Վրաստանը հայտարարել է իր չեզոքության մասին, և ես կարծում եմ, որ դա ճիշտ է: Շատ իմաստուն չի լինի, եթե Վրաստանը լինի այս կամ այն կողմում: Կովկասում խաղաղությունն ու կայունությունը բխում են յուրաքանչյուր երկրի շահերից: Առանց խաղաղության և կայունության, Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացումը չի լինի՝ ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի: Հիշում եմ, որ նույնիսկ ազգային-ազատագրական շարժման ընթացքում վրացական կողմը հայտարարեց իր չեզոքությունը: Կարծում եմ, որ ապագայում էլ Վրաստանը կմնա չեզոք: Ինչ վերաբերում է որոշ խմբերի և ուժերի շահերին, որոնք փորձում են Վրաստանը ներքաշել հակամարտության մեջ, Վրաստանը կփորձի դա չանել:
Որքանո՞վ իրատեսական է չեզոքություն պահպանելն այն պայմաններում, երբ Վրաստանը սահմանակից է երկու երկրներին և յուրաքանչյուրի հետ համագործակցում է յուրովի:
– Դժվար կլինի դա անել, բայց Վրաստանն այլ տարբերակ չունի: Դա կլինի ընտրություն պատերազմի և խաղաղության միջև: Վրաստանի քաղաքականությունը հավատարիմ է խաղաղությանը:
Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ պատերազմը Ղարաբաղում:
– Դա կախված է նրանից, թե որքան կտեւի պատերազմը, եթե երկար, ապա պատկերը տխուր է, քանի որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը թուլանում են: Եվ երբ Հայաստանն ու Ադրբեջանը թուլանում են, դա նշանակում է, որ Ռուսաստանը կլինի տարածաշրջանում հիմնական գործոնը և գլխավոր, այսպես կոչված, խաղաղարարը: Եվ եթե Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում շատ հզոր լինեն, մենք գործնականում գիտենք, թե ինչպիսին է կայսերական քաղաքականությունը, ուստի դա չի բխում մեր շահերից: Եթե հակամարտությունը շարունակվի, ապա հարված կհասցվի Ադրբեջանի, Հայաստանի տնտեսություններին, դժվար կլինի նաև Վրաստանի համար: Բոլորս էլ գիտենք, որ ամեն տարի Հայաստանի և Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիներ որպես զբոսաշրջիկ այցելում են Վրաստան, և այդ երկրներում տնտեսական խնդիրների դեպքում ոչ ոք որպես զբոսաշրջիկ չի այցելի Վրաստան: Հիմա սահմաններն այնպես էլ փակ են, բայց երբ համավարակը դադարի սպառնալիք լինել, մարդիկ կրկին կճանապարհորդեն և կհանգստանան, սակայն եթե այնտեղ պատերազմ լինի, բնականաբար, Վրաստանը կհայտնվի բարդ իրավիճակում: Եվ դա կրկին հարվածելու է ոչ միայն ռազմական հակամարտության մասնակից երկրներին, այլ նաև Թուրքիային, որը Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերն է: Կլինի թուրքական լիրայի լուրջ արժեզրկում, ինչը նշանակում է, որ Վրաստանում ներդրումները կնվազեն, կլինեն ավելի քիչ բեռներ, զբոսաշրջիկներ, տնտեսական կապեր և առևտուր, ուստի ռազմական գործողությունները ոչ միայն մեծ քաղաքական և ռազմական խնդիր են, այլ միևնույն ժամանակ տնտեսական խնդիր են ամբողջ տարածաշրջանի երկրների համար: Դրանից բխում են լուրջ հետևանքներ:
Ինչո՞ւ է այդ դեպքում Թուրքիան Ադրբեջանին դրդում ռազմական գործողությունների:
– Թուրքիան այն Թուրքիան չէ, որը 20-րդ դարի 90-ականներին էր: Թուրքիան ունի մեծ հավակնություններ, մեծ նախագծեր, Թուրքիան ոչ միայն Կովկասում, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ներգրավված է բազմաթիվ հակամարտությունների մեջ: Դա և՛ Սիրիան է, և՛ Լիբիան, որտեղ նրանք մեծ գումարներ են ծախսում ռազմական գործողությունների վրա: Իհարկե, դրանք հարվածում են Թուրքիայի տնտեսությանը, որոնք կզգացվեն ոչ միայն այսօր կամ վաղը: Դա ոչ միայն լիրայի արժեզրկումն է կամ տնտեսական խնդիրները, այլև լուրջ խնդիրներ արևմտյան ներդրումների հետ: Քանի որ Թուրքիայում արևմտյան ներդրումների շուրջ 70%-ն է, և եթե նրանք լքեն Թուրքիան, դրանք զգալի խնդիրներ կլինեն տնտեսության համար, և մենք տեսնում ենք, որ այս գործընթացն արդեն սկսվում է:
Կա՞ վտանգ, որ տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու ճանապարհին Վրաստանը կլինի Թուրքիայի ցուցակում հաջորդը:
– Չեմ կարծում, քանի որ Թուրքիայի գործողությունները նույնպես սահմանափակ են: Այո, Թուրքիան օգնում և կանգնած է Ադրբեջանի կողքին, բայց Թուրքիան նախագծեր և նպատակներ չունի Վրաստանում լինելու համար: Նրանք չունեն այս միտումը: Թուրքիան ակտիվ է Ղարաբաղում: Օգտագործվում են դրոններ, մենք գիտենք, որ ժամանակակից դրոններն ու անօդաչու թռչող սարքերը բոլորն էլ արտադրվում են Թուրքիայում, բայց նրանք ներգրավված չեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողություններում:
Ադրբեջանում կա մի շրջան` Հերեթին, որտեղ կոմպակտ բնակվում են Ադրբեջանի ազգությամբ վրացի քաղաքացիները, արդյո՞ք Վրաստանը տեղեկություններ ունի այնտեղ տիրող իրավիճակի մասին: Արդյո՞ք Հերեթիի վրացիները մասնակցում են պատերազմին:
– Ես նման տեղեկություն չունեմ: Բայց կարծում եմ, որ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, չնայած իրենց էթնիկ պատկանելությանը, ծառայում են բանակում, բայց ես հստակ տեղեկություններ չունեմ այն մասին, արդյո՞ք վրացական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիները մասնակցում են մարտական գործողություններին:
Ինչպիսի՞ զարգացում կարող է ունենալ պատերազմը:
– Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի, ու զինադադար կլինի: Եթե պատերազմը շարունակվի, այն հարված կհասցնի բոլոր երկրներին՝ անկախ նրանից, նրանք մասնակցում են, թե ոչ: Ուստի հավատում եմ, որ ի վերջո խաղաղություն կտիրի: Դժվար է ասել, թե ով կհաղթի: Դժվար է կանխատեսել, կարծում եմ, որ կովկասյան պատերազմներում ընդհանրապես հաղթողներ չկան:
Վրացի օգտատերերի մեկնաբանություններում ես կարդում եմ այն միտքը, որ եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, ապա կմիացնի Ախալքալաքը:
– Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական մտքերը: Բայց չեմ կարծում, որ դա իրատեսական է: Այս օրերին լուրերը և սադրանքները շատ-շատ են:
Հիմնվելով վրացի շատ օգտատերերի մեկնաբանությունների վրա՝ նրանք ավելի շատ սատարում են Ադրբեջանին, քան Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, ըստ Ձեզ վրացիները ո՞ր կողմին են աջակցում:
– Հիմնականում, ում հետ ես զրուցել եմ, ում հետ շփվում եմ, ընդհանուր առմամբ, բոլորը հույս ունեն և ցանկանում են խաղաղություն: Չեզոքության քաղաքականությունը գալիս է Վրաստանի բնակչությունից: Վրաստանում բնակվող բոլոր էթնիկ խմբերը, չնայած իրենց ծագմանը, կարծում եմ, խաղաղության կողմն են:
Վրաստանի թվաքանակով երկու ամենամեծ էթնիկ փոքրամասնությունները, որոնք կոմպակտ ապրում են շրջաններում՝ հայերն ու ադրբեջանցիներն են: Կա՞ վտանգ, որ նրանք կներգրավվեն պատերազմի մեջ և հակամարտությունը կտեղափոխեն Վրաստան:
– Այս փուլում ես չեմ կարծում, որ նման սպառնալիք գոյություն ունի: Բայց միևնույն է, ամեն ինչ կախված է այն բանից, թե պատերազմը որքան կշարունակվի և արդյոք մեր քաղաքացիները կներգրավվեն այդ ռազմական գործողություններում: Չեմ կարծում, որ մարտական գործողությունները երկար կտևեն: Հետևաբար, հուսով ենք, որ պատերազմ կամ խնդիրներ չեն լինի կապված մեր քաղաքացիների հետ, որոնք Վրաստանի տարածքում ներկայացնում են ազգային փոքրամասնությունները:
Ի՞նչ է անում Վրաստանի կառավարությունը հակամարտության այս տեղափոխումը իր տարածք անցնելը կանխելու համար:
– Ես կոնկրետ տեղեկատվություն չունեմ այն մասին, թե ինչ է անում պետությունն այս ուղղությամբ: Բայց ես գիտեմ, որ մինչ օրս Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև ոչ մի հակամարտություն չի եղել: Նրանք միասին են ապրում շատ գյուղերում:
Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կազդի՞ Վրաստանի ընտրությունների վրա:
– Չեմ կարծում, որ կազդի: Քանի որ ընտրությունները Վրաստանի ներքին խնդիրն են:
Քրիստինե Մարաբյան