Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանյանը նշել է, որ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
«Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները», – ընդգծել է ՊՆ խոսնակը։
Շուշան Ստեփանյանը նաև հավելել է, որ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո կողմերը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր: