Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական մամուլում, այլև համաշխարհային։ Փոխանցում է PanArmenian-ը:

Վերջին օրերին հատկապես թեժ մարտեր էին ընթանում Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ, որտեղ նա գտնվում էր։

Նրա մահվան մասին հայտնել է հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, նշելով, որ անչափելի ու անհատակ է իր ընտանիքի ցավը, վիշտը ծանր է ու մեծ, բայց հպարտությունն ավելի մեծ է։

«Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:

Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ»,- գրել է նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Արցախի նախագահը դիմել է Հովհաննիսյանի հորը՝ ցավակցելով նրան և նշելով, որ որդին թշնամուն մեծ կորուստներ է պատճառել ու փայլել անմնացորդ ծառայությամբ։

«Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի»,-գրել է Արցախի նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։