Փողոցային լուսավորության և խմելու ջրի բացակայություն, քարուքանդ ճանապարհ, թեքված ու փթած էլեկտրական սյուներ… Վաչիան գյուղի բնակիչները թվարկում են գյուղի խնդիրները, հույս ունենալով, որ մի օր դրանք լուծում կստանան: Գյուղի ներկայացուցիչը վստահեցնում է, աստիճանաբար բոլոր խնդիրներին լուծում կտրվի:

Վաչիանը Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղերից մեկն է: Մարդիկ այստեղ գյուղատնտեսությամբ և հողագործությամբ են զբաղվում, սակայն հիմնական եկամուտն արտագնա աշխատանքից են ստանում:

bnakich vachian

Ջրի խնդիրը Վաչիանում

Գյուղացիները կարևորում են խմելու ջրի խնդիրը: Բանն այն է, որ ամռան տապին, գյուղի բարձրադիր հատվածի բնակիչները հիմնականում զրկվում են սեփական տանը ջուր ունենալու հնարավորությունից:

«Ամառվա ընթացքում ջուր չենք ունենում, ամենակարևոր և ամենառաջնային խնդիրն նորմալ ջուր ունենալն է: Մենք մեղավոր չենք, որ այստեղ ենք ապրում: Ամեն տարի հույս ենք փայփայում, որ մյոս տարի լավ կլինի, բայց…»,- ասում է Վաչիանի բնակիչ Մարտին Քեյանը։

Վաչիանում շեշտում են, որ ջուրն իրենց գյուղ է հասնում Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղից։

«Ջուրը նորմալ չի գալիս, Դիլիֆից ջուրը գալիս է, բայց ոչ մեկի տանն ամռանը ջուր չի հոսում։ Կարող եք, այս խնդրին ուշադրություն դարձրեք: Թեկնածուները գալիս են գյուղ, խոսում են բնակչության հետ: Ես բացահայտ հայտարարում եմ, ով բարեկարգի գյուղը, նրան էլ կընտրեմ»,- ավելացնում է Վիկտոր Քեյանը:

Կանայք դժգոհ են: Նրանք չեն վստահում թեկնածուների խոստումներին:

«Ոչ ոքի չեմ ընտրելու, ամեն անգամ գալիս խոստումներ են տալիս, բայց չեն իրականացնում: Գոնե խոստումների 1 տոկոսն իրականանցեն, որ մարդիկ ձգտում ունենան: Ամեն երկրորդ տուն գնալու հնարավորության մասին է մտածում: Լավ կյանքից չեն գնում»,- ասում է Վարդուշ տատիկը:

Վաչիան գյուղի ներկայացուցիչ Ֆեոդոր Թորոսյանը վստահեցնում է՝ արդեն աշխատանքներ տարվում են խնդիրը լուծելու ուղղությամբ։

«Ջուրը մեր գյուղում սեզոնային խնդիր է, այն գյուղ է հասնում Դիլիֆից, այս տարի Դիլիֆում աշխատանքներ ենք տարել, ջրամբար ենք նորոգել, մոտական օրերին արդեն միացնենք նորոգված հատվածն ընդհանուր գծին, մոտ 30% կավելանա ջրի ծավալը:
Հուսով եմ, մյուս տարի այս խնդիրը չենք ունենա», – նշում է գյուղի ներկայացուցիչը քաղաքապետարանում:

Գիշերային լուսավորություն գյուղում

Վաչիան գյուղում գիշերային լույսեր կան միայն գլխավոր, միջպետական ճանապարհին:

«Գյուղում ոչ մի տեղ լույս չկա, հլը նայեք ինչ-որ մի տեղ լուսավորություն կա՞, հլը տեսեք ինչ-որ մի տեղ նորմալ սյուն կա՞,
էլեկտրական սյուներն ընկնում են արդեն, տեր չկա»,- ասում է Վաչիան գյուղի բնակիչներից մեկը:

Էլեկտրական սյուների բացիթողի վիճակի մասին Ֆեոդոր Թորոսյանն ասաց. «Ես իհարկե տեղյակ եմ խնդրին, դիմել եմ էլեկտրոբաշխիչ ընկերությանը: Սպասում ենք, տեսնենք ինչ կկատարվի, երևի նրանք այդքան գումար չունեն, որ միանգամից կարողանան փոխել»:

elektrolarer

Էլեկտրական սյուները փայտից են և շատ հին, շատերն արդեն փթել են: Մարդիկ նշում են, որ ամեն անձրևից հետո գյուղը հոսանքազրկվում է: Վտանգավոր են նաև էլեկտրական լարերը:

Քաղաքապետարանում գյուղի ներկայացուցիչը ևս հաստատում է, որ բացի կենտրոնական ճանապարհից, ուրիշ ոչ մի տեղ գիշերային լուսավորություն չկա:

«Այս տարի ես ուզում էի, որ տեղական բյուջեից գումար հատկացվեր, որպեսզի որ գոնե մի երկու փողոց լուսավորությւոն անցկացենիքն, բայց քանի որ ջրամբարի խնդիրը կար, մնաց մյուս տարվա»,- ասում է Ֆեոդոր Թորոսյանը։

Քարուքանդ ճանապարհ

65-ամյա Վիկտորը պատմում է, որ ճանապարհների պատճառով շտապ օգնության մեքենան իրենց տուն չի գալիս:

«Գյուղում նորմալ ճանապարհ չկա, շտապ օգնության մեքենա գալիս է, բայց հիվանդին չի հասնում, ահա տեսեք ինչ ճանապարհ է, այստեղով նույնիսկ ամենագնացը չի կարող անցնել, իսկ մենք ապրում ենք այս պայմաններում», – բարձրաձայնում է Վաչիան գյուղի բնակիչը:

Vachian]

2020 թվականին «Գյուղին օգնություն» ծրագրով վաչիանցիները հենց գյուղամիջյան ճանապարհներն են հարթեցրել և մարզադաշտն են նախատեսում վերանորոգել:

Գայանե Ակոջյան