Տեղեկատվությունն այն մասին, որ սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով Թուրքիայից տեղափոխվում են Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։
«Ես ուզում եմ մեկնաբանել ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական ցանցերում, թե իբր Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով Ադրբեջան են մեկնում սիրիացի գրոհայիններից կազմված ապօրինի զորախմբեր… Ուզում եմ ընդգծել, որ այդ տեղեկությունը բացահայտ սուտ է, որի նպատակն է սրել լարվածությունը Վրաստանում և ընդհանրապես այս տարածաշրջանում», – ասել է Լիլուաշվիլին:
Ըստ նրա, նույն աղբյուրների միջոցով հնչում են դեպի Ադրբեջան տանող ավտոճանապարհը փակելու կոչեր: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նման հայտարարությունների հեղինակները հետապնդում են Վրաստանի «կոնկրետ մունիցիպալիտետներում խաղաղ գոյակցությանը խանգարելու նպատակ»:
Լիլուաշվիլին հայտնել է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի պատկան գերատեսչությունների հետ և Վրաստանի ու տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն կկասեցվի:
Վարչապետ Գիորգի Գախարիայի նախագահությամբ այսօր կայացած նիստում Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, տարածաշրջանում լարված իրավիճակը, ինչպես նաև սցենարների հնարավոր զարգացումներն ու անվտանգության ռիսկերը:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ի առավոտյան: Կողմերն էսկալացիայի առումով մեղադրանք են ներկայացնում միմյանց: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ռազմական դրություն են հայտարարել: Հակամարտության գոտում մարտերը շարունակվում են մինչ օրս: Երկու կողմերն էլ հայտնում են լուրջ կորուստների մասին: