Վրաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ: Տարածվում են ֆեյքեր և արվում են հայտարարություններ, որոնք Վրաստանին ներքաշում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:
Այսօր առավոտից սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է հեռուստաաշտարակը և Թբիլիսիի Խաղաղության կամուրջը՝ Ադրբեջանի դրոշի գույներով, ի նշան Վրաստանի աջակցության Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին: Ինչպես պարզվեց, ֆեյք էր:
Ադրբեջանի դրոշի գույնով Թբիլիսիի խորհրդանիշների՝ հեռուստաաշտարակի և Խաղաղության կամրջի տարածված լուսանկարները վրդովել են սոցիալական ցանցերի օգտատերերին: Այս լուսանկարները սոցցանցերում ներկայացվում են որպես նոր, սակայն Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած տեղեկատվության համաձայն՝ այս լուսանկարներն արվել են մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Անկախության օրը:
Վիրտուալ տարածքում ֆեյքերի տարածման կապակցությամբ Facebook-ում հայտնվել է «Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը» խորագրով միջոցառում: Մանրամասների մասին կազմակերպիչները գրում են.
«Ինչպես գիտեք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսեց Արցախի սահմանին ընթացող պատերազմը։ Մենք ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Իհարկե այն փաստը, որ մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին, զարմանալի չէ ոչ մեկի համար։ Նաև հասկանում և գնահատում ենք մեր երկրի չեզոք դիրքորոշումը։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վրացական լրատվական դաշտում, մի քանի լրատվամիջոցների օգնությամբ, տեղի է ունենում հստակ ադրբեջանական և թուրքական քարոզչության տարածում, ինչը երկրում տիրող կայուն իրավիճակի համար վտանգ է հանդիսանում։ Դատապարտում ենք այս ամոթալի գործունեությունները և կոչ ենք անում ինֆորմացիան օբյեկտիվ հրապարակել։ Ամենայն լրջությամբ զգուշացնում ենք բոլորին, չհամարձակվեք այս պատերազմը օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում և կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, ուշքի բերեք ձեր անդամներին, որպեսզի զերծ մնան մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններից։ Վրաստանը ամեն ինչից առավել»: