Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի Մշակույթի տները վթարային վիճակում են: Գյուղերում Մշակույթի տների վերանորոգման համար մունիցիպալիտետը դեռ միջոցներ չունի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի 32 գյուղերում կան Մշակույթի տներ, սակայն դրանք բոլորն ունեն հիմնանորոգման կարիք: Որոշ գյուղերում Մշակույթի տները միաժամանակ ծառայում են նաև որպես ծիսակատարողությունների տներ, օրինակ՝ Կոկիո, Խորենիա, Սուլդա, Մուրջախեթ գյուղերում:
Շենքերը քանդված են Սամսար, Օլավերդ, Կարտիկամ, Մերենիա, Բարալեթ գյուղերում: JNEWS- ը բազմիցս գրել է որոշ Մշակույթի տների խարխլված վիճակի մասին:
Մշակույթի 32 տներից, 3-4 տարի առաջ, մասամբ վերանորոգվել են Վաչիան, Մուրջախեթ, Ալաստան, Բեժանո, Դիլիսկա, Աբուլ գյուղերի Մշակույթի տների շենքերը: Բոլոր Մշակույթի տներում, բացառությամբ Դիլիսկա գյուղի, կա միայն մեկ աշխատող:
«Գյուղերում Մշակույթի տների աշխատակիցները կատարում են պահակի, տնօրենի, գեղարվեստական ղեկավարի աշխատանքներ: Նրանց մաքուր աշխատավարձը 134 լարի է, ինչ պահանջել նրանցից: Բայց չնայած ավերված շենքերին և պայմանների բացակայությանը, այս բոլոր Մշակույթների տներում կան երգի և պարի համույթներ՝ ինչպես վրացական, այնպես էլ հայկական: Եվ ամեն տարի նրանք մասնակցում են «Ջավախքի գարուն» փառատոնին, որը կազմակերպում ենք մենք», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մշակույթի տների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը:
Որոշ գյուղերում երեխաներին պար դասավանդում են նրա նախկին սաները, սակայն, հիմնականում, գյուղերում երեխաներին դասավանդում են քաղաքի ուսուցիչները՝ վարձատրմամբ:
Ալիկ Քսպոյանի խոսքերով, չնայած իրավիճակից որոշակի ելք գտնվել է, սակայն անհրաժեշտ է փնտրել այս խնդրի լուծման այլ ուղիներ, մասնավորապես՝ իրավիճակին նայել զարգացած Եվրոպայի տեսանկյունից:
«Բյուջեի հատկացման ժամանակ, ինչպես արտասահմանյան երկրներում, մշակույթի համար անհրաժեշտ է միջոցներ հատկացնել: 5-6 տարի առաջ Ախալքալաքի Մշակույթի տան վերանորոգման համար հատկացվել էր 1 միլիոն լարի, բայց ոչ մի վերանորոգում չիրականացվեց: Մյուս կողմից, մեր շրջանում այնքան շատ խնդիրներ կան, որ եթե ես իմանայի, որ նրանք կարող են վերանորոգել Մշակույթի տները, բայց չեն անում, ես ամեն գնով կպայքարեի դրա համար, բայց ես գիտեմ, որ մունիցիպալիտետը հնարավորություն չունի: Պարզապես նրանք պետք է ամեն տարի գոնե որոշ վերանորոգումներ կատարեն, օրինակ՝ «Օգնություն գյուղին» ծրագրի միջոցներով », – մեկնաբանում է նա:
Վաչիան գյուղի պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը կարծում է, որ մունիցիպալիտետը բավարար ուշադրություն չի դարձնում մշակույթի զարգացմանը:
«Ամբողջ շրջանում ոչ մի բեմ չկա, բաց բեմահարթակ, որպեսզի մենք ինչ-որ տեղ համերգ կամ միջոցառում կազմակերպենք: Ախալքալաքի Մշակույթի տունը նույնպես լավ վիճակում չէ, ցուրտ է, ջեռուցում իրականացվել է, բայց այն չի ջեռուցվում, լուսավորության խնդիր կա, տեխնիկան հնացել է», – ասում է Նասլեթ Քեյանը:
Մշակույթի տան փոքր բեմը, որը կարող էր փոխարինել մեծ բեմին, վերածվել է պահեստի:
Այս տարի Բարալեթ գյուղի Մշակույթի տան մասնակի վերանորոգման համար հայտարարվել է տենդեր: Այն հայտարարվել է երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ մասնակիցներ չեն եղել: Տենդերին մասնակցության հայտերի ընդունումը կավարտվի սեպտեմբերի 28-ին: Մունիցիպալիտետն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 37 680 լարի: