Այսօրվա դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում երեք մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որոնցից երկուսը կապված են Ախալցիխեի կլաստերի հետ: Այս մարդկանց նախնական թեստի պատասխանը բացասական է եղել:
Ախալքալաքից երկու մարդ, ովքեր մասնակցել են հուղարկավորության Ախալցիխեում, ներկայումս գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց նախնական թեստի արդյունքները բացասական են եղել: Այս մարդկանց ինքնամեկուսացման ժամկետը լրանում է սեպտեմբերի 24-ին, իսկ երրորդ անձի ինքնամեկուսացման ժամկետը՝ վաղը:
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքերով, Ախալքալաքի մունիցիպալիտետում թեստավորվել է 995 մարդ, բոլորի թեստի պատասխանները բացասական են եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանից ժամանած մեկ մարդ մասնակցել է հուղարկավորությանը, որից հետո Հայաստան վերադառնալուն պես պարզվել է, որ նա վարակված է կորոնավիրուսով: Մոտ 100 մարդ, ովքեր շփվել են նրա հետ, հանձնել են կորոնավիրուսի թեստ:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքում՝ Ադիգենիի մունիցիպալիտետում, այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երրորդ դեպքը, երեքն էլ կապված են Բաթումիի հետ, նրանք մասնակցել են հարսանիքի: Նրանցից երկուսը գտնվում են ինքնամեկուսացման մեջ: