Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքների միավորումը, ինչ է այն նշանակում Ջավախքի համար, ինչ են խոսում այդ մասին փորձագետները և ինչպես է գնահատում օրենքի փոփոխությունները Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:
2015 թվականի դեկտեմբերի 28 –ին Վրաստանի Խորհրդարանը ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, ըստ որոնց Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքները միավորվում են մեկ մեծամասնական ընտրատարածքում:
Վրաստանում ընտրողների հավասարությունը ապահովելու համար, 2012 թ.-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին, ով այն ժամանակ Մարդու իրավունքների Կենտրոնի անդամ էր, դիմել էր Սահմանադրական դատարան` հիմնվելով Վենեցիայի հանձնաժողովի երաշխավորության վրա: Դրանից ելնելով դատարանը հաստատեց քվոտա (սահմանաչափ)` 47 000 ընտրող մեկ ընտրատարածքում, իսկ Խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» ուղղումները, ապահովելու համար այդ քվոտան:
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին համարում է, որ նախկինում գոյություն ունեցող մեծամասնական ընտրատարածքների բաշխումը խտրական էին ընտրողների քանակի տարբերության պատճառով:
«Վենեցիայի հանձնաժողովը մի քանի անգամ խորհուրդ է տվել, որ ընտրատարածքներում տարբերությունը չգերազանցի 10% -ը, հատուկ դեպքերում 15%-ը: Իշխանությունները պետք է փորձեն հասցնել այդպիսի անհավասարությունը նվազագույնի: Եվ մենք նույնպես դատարանի դահլիճում ասել ենք, որ որոշ տարածաշրջանների առանձնահատկություններից ելնելով, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները, Վրաստանի բարձր լեռնային շրջանները և այլն. կարելի է մտցնել օրենքում այնպիսի փոփոխություններ, որ այդ տարածքները չմնան Խորհրդարանում առանց ներկայացուցչի: Այս մասին ասում է Վենեցիայի հանձնաժողովը և մենք կողմ ենք այդ գաղափարին», – ասում է Ուչա Նանուաշվիլին:
Ուչա Նանուաշվիլին առաջարկում է այդ շրջանների համար մտածել ինչ-որ տեսակի փոխհատուցում:
«Որպեսզի, նրանք չմնան Խորհրդարանում առանց ներկայացուցիչների, ցավոք, ոչ Սահմանադրական դատարանը, ոչ էլ Խորհրդարանը լիարժեք չեն աշխատել ստեղծելու այնպիսի մոդել, որտեղ չլինի անհավասարություն և միևնույն ժամանակ հաշվի առնվի մարզերում ժողովրդագրական առանձնահատկությունները», – ասել է նա:
Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակին կարծում է, որ Խորհրդարանը, որոշ դեպքերում, մեխանիկորեն է որոշել մի շարք ընտրատարածքներ ու բաժանել դրանք:
«Այս հինգ մեծամասնական ընտրական շրջանները, որոնք կմիավորվեն Բորժոմիի հետ, ունեն ավելի քիչ ընտրողներ: Դա Սահմանադրական դատարանի որոշումն էր: Եթե Խորհրդարանը չընդուներ փոփոխությունները և ամեն ինչը մնար ինչպես որ կար, այդ դեպքում եթե ինչ-որ մեկը բողոքարկեր, ապա Սահմանադրական դատարանը կարող էր համարել ընտրությունները չկայացած: Հետևաբար, «անպայմանությունից ելնելով» մեր խորհրդարանականները ընդունեցին այն: Նրանք պետք է ինչ-որ բան ընդունեին, և նրանք ընդունեցին այդ օրենքը», – ասում է Կոտե Կանդելակին:
Ախալքալաքի շրջանի բնակիչները դժգոհ են այս օրենքից, նրանք կարծում են, որ իրենց իրավունքները` որպես ազգային փոքրամասնությունների, ոտնահարվել են: Սակայն, քաղաքացիական մշակույթի Միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակին այդպես չի մտածում:
«Ոչ, ես չեմ կարծում, որ այս օրենքը խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մեր պատգամավորները չեն ներկայացնում տարածք Խորհրդարանում, այլ ներկայացնում են ընտրողներին: Ախալքալաքն և Նինոծմինդան կներկայացվեն, նրանք կունենան մեկ պատգամավոր, բացի դրանից, ոչ ոք չգիտի, թե ով կհաղթի ընտրություններում: Սա հայերի, ադրբեջանցիների, կամ էլ վրացիների տեղի պայքար չէ Պառլամենտում, հնարավոր է Թբիլիսիում հաղթի որևէ հայ», – ասում է Կոտե Կանդելակին:
Այս մտքին համաձայն չէ Խորհրդարանում Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
«Հնարավոր է ընտրեն հայի, հնարավոր է՝ ոչ: Իսկ եթե չընտրեն, ապա թող ավելացվի ևս մեկ կետ, որ եթե հավասարություն չլինի` թող լուծարվի Խորհրդարանը, ես համաձայն եմ դրա հետ», – ասաց պատգամավորը:
Ըստ Սամվել Պետրոսյանի, քվոտայով ընտրությունների սկզբունքը ճիշտ է, բայց …
«Քանի որ Վրաստանը բազմազգ երկիր է, և կան ազգային փոքրամասնություններ կոմպակտ բնակեցված, ինչպես Ջավախքում, այնպես էլ Մառնեուլիում, Գարդաբանիում: Այս պարագայից ելնելով` Խորհրդարանը պետք է պահպանի հավասարությունը, Վենեցիայի հանձնաժողովը ինքն է առաջարկել, որ այնտեղ, որտեղ կոմպակտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները, այդ ընտրատարածքները թողնեն նախկին սահմաններում: Սակայն դուք պատկերացրեք, որ այդ առաջարկությունները, նրանք մի կողմ են դրել և ընդունել են ընդամենը քվոտան: Իմ կարծիքով, օրենսդիր մարմինը` Սահմանադրական դատարանը չպետք է ցույց տար միակողմանի մոտեցում», – ասում է Սամվել Պետրոսյանը:
Շրջանի բնակիչները տեղական իշխանությունների ղեկավարությամբ պատրաստվում են բողոքի նամակ ներկայացնել Նախագահին, Խորհրդարանին և Խորհրդարանի խոսնակին: Նամակը կուղարկեն մոտ օրերս:
Կոտե Կանդելակին ասում է, որ եթե որևէ մեկը համաձայն չէ, և կարծում է, որ այս
օրենքը խախտել է իրենց իրավունքները, կարող է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ Խորհրդարանի այս որոշումը հիմնված էր Սահմանադրական դատարանի որոշման վրա:
Շուշան Շիրինյան