«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը սեպտեմբերի 4-ին Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից Սոցկար Փութուլյանին առաջադրել է որպես մեծամասնական թեկնածու: Մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ Սոցկարն առանց քաղաքական անցյալի՝ նոր դեմք է քաղաքականության մեջ:

-Առաջիկա ընտրություններում Դուք առաջադրվել եք արտախորհրդարանական «Լելո» կուսակցության կողմից որպես մեծամասնական պատգամավոր: Ինչու՞ հենց «Լելոն»։

– Այդ ամենը պատահական էր: Մենք նախնական համագործակցություն չենք ունեցել: Օգոստոսի 14-ին նրանք կապվեցին ինձ հետ, իսկ 15-ին արդեն առաջադրեցին ինձ: Քանի որ «Լելոն» արտախորհրդարանական կուսակցություն է, նշանակվել էր առաջադրման համար վերջնաժամկետ: Ես այս կուսակցությունն ընտրել եմ մի պարզ պատճառով, որ այս կուսակցությունը խորհրդարանում չէր, երբեք չի եղել կառավարությունում և ոչ մի կապ չունի գործող կառավարության հետ: Ամենակարևոր չափանիշն այն էր, որ կուսակցությունում կան շատ երիտասարդներ, մասնագետներ. Սա մեծ խումբ է՝ լավ հնարավորություններով:

– Քաղաքական անցյալ ունե՞ք:

– Ես երբեք քաղաքական հավակնություններ չեմ ունեցել: Ուղակի ժամանակն է եկել:

– Ինչպե՞ս կգնահատեք Ձեր հնարավորությունները ընտրություններում։

– Բավականին մեծ են շանսերը: Ես՝ որպես հայտնի բարերար, 4 տարի անվճար բուժում եմ մարդկանց, ոչ մի վատ բան չեմ արել:

– Ի՞նչքանով եք տիրապետում պետական ​​լեզվին։

– Բնականաբար, ես խոսում եմ հայերեն, սա իմ մայրենի լեզուն է: Ես բավականին լավ եմ խոսում ռուսերեն: Տիրապետում եմ նաև ֆրանսերեն, հունարեն և, իհարկե, լատիներեն լեզուներին: Վրացերենը՝ կարդալու և գրելու մակարդակով, կարող եմ խոսել տարրական խոսակցական մակարդակով: Վրացերենի իմ իմացությունը հարաբերական է: Կարողանում եմ գրել և կարդալ, բայց սա խորհրդարանական մակարդակ չէ:

Այդ պարագայում ինչպե՞ս կներկայացնեք տարածաշրջանային խնդիրները խորհրդարանում:

– Համաձայն եմ Ձեզ հետ, դա անելը շատ բարդ կլինի: Եվ պարզ է, որ խորհրդարանում պետք է մեկը, ով տիրապետում է պետական ​​լեզվին: Բայց եթե մարդն աշխատելու ցանկություն ունի… խնդիրները չեն լուծվում խորհրդարանում ներկայացվածությամբ: Ես ուզում եմ ավելի շատ օրինագծեր մշակել, որպեսզի մենք կարողանանք փոփոխություններ կատարել կոնկրետ դեպքերում: Որքանո՞վ է լեզուն կարևոր այս հարցում:

– Ի՞նչ խնդիրների վրա եք աշխատելու Դուք։

– Օրինագծերն ամենախոցելի տեղերն են: Մենք բոլորս տեսել ենք մեր բժշկության վիճակը: Առողջապահությունը պետք է բարելավվի: Հողերի հետ կապված խնդիրները: Գոյություն ունեն բնապահպանության և զբոսաշրջության զարգացման լուրջ ծրագրեր: Մենք նաև աշխատելու ենք մարդկանց լուրջ, սոցիալական խնդիրների վրա: Սրանք այն հարցերն են, որոնց վրա ես կկենտրոնանամ:

– Դուք արդեն սկսե՞լ եք Ձեր քարոզչությունը:

– Մենք դեռ նախապատրաստական փուլում ենք, տպագրում ենք պաստառներ, բուկլետներ: Երկու շտաբ բացվել է Ախալքալաքում և Նինոծմինդայում: Որոշակի ժամանակ անց մենք կսկսենք ակտիվ աշխատանքը:

Ձեզ խոչընդոտու՞մ են ձեր գործունեության մեջ:

– Ոչ, մինչ օրս մենք ոչ մի խոչընդոտի չենք հանդիպել: