Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները (81՝ կողմ, ոչ մի դեմ):

Փոփոխությունների համաձայն, ընտրողի նկատմամբ հարկադրանքը և ահաբեկումը, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտումը արգելվում է և հանգեցնում քրեական պատասխանատվության: Մասնավորապես, նշված գործողությունների համար նախատեսվում է տուգանք, տնային կալանք՝ 6 ամսից 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ մինչև 3 տարի ժամկետով:

Օրգանական օրենքի նախագիծը սահմանում է նաև կուսակցությունների կողմից ԿԸՀ անդամների նշանակման և նրանց պարտականությունները դադարեցնելու կարգը:

Օրգանական օրենքը նաև հստակեցնում է Վրաստանում 2020 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համար Վրաստանի պետական բյուջեից նախընտրական քարոզչության հիմնադրամի ֆինանսավորման ժամանակավոր ընթացակարգը:

Մասնավորապես, փոփոխությունների համաձայն՝ ընտրական սուբյեկտը, որը խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներից հետո, կհավաքի ձայների 5 տոկոսը կամ ավելին, պետբյուջեից միանգամից կստանա ոչ ավելի, քան 1 000 000 լարի՝ երկու փուլերի նախընտրական ընտրարշավի ծախսերը հոգալու համար:

Ընտրական տարում քաղաքական կուսակցությունների նախընտրական արշավին ֆինանսական աջակցության նպատակով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվում հեռուստագովազդի տեղադրման ծախսերը հոգալու համար: Սույն կետով նախատեսված միջոցները կկարողանան օգտագործել միայն այն կուսակցությունները, որոնք, ընդհանուր ընտրությունների արդյունքների համաձայն, իրավունք ունեն ֆինանսավորման: Հատկացված գումարի չափը որոշելու համար անցած ընդհանուր ընտրությունների արդյունքներով ընտրական սուբյեկտի ստացած ձայների թիվը բազմապատկվում է երեքով և բաժանվում քաղաքական միավորման մեջ ընդգրկված սուբյեկտների քանակի վրա: Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցող անկախ կուսակցության կամ ընտրական բլոկի համար նախատեսված գումարը (անկախ դաշինքում ընդգրկված կուսակցությունների քանակից) չպետք է գերազանցի 600 000 լարին: Ընտրական սուբյեկտին հատկացված միջոցների առնվազն 15%-ը պետք է օգտագործվի գոնե յոթ հեռարձակողներում գովազդման համար, որոնք ազգային հեռարձակող չեն հանդիսանում:

Եթե ընտրական բլոկի կուսակցություններից որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա այդ գումարը ամբողջությամբ կբաշխվի ընտրություններին մասնակցող այդ դաշինքի (բլոկի) կուսակցությունների միջև: